29 04 2021

«Կարճ ասած»․ Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի նվերը՝ Ադրբեջանին



 

Չնայած որոշներն ասում են՝ Արցախը գորշ ու դժգույն էր, Շուշին քար ու քանդ էր, բայց իրականությունն այն է, որ տարիներ շարունակ քարը քարի վրա դնելով՝ պատերազմից քայքայված Արցախ ենք սարքել։ Դա եղել է համայն հայության ջանքերով՝ համահայկական հիմնադրամի միջոցներով, Հայ բարեգործական ընդհանուր միության, Եկեղեցու և այլ միջոցներով։ Երկիրը ունեցել է նորմալ ղեկավարություն, թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը ու հաջողվել է երկու պետություններն էլ վերականգնել։ Ոչ մեկի մտքով չի անցել, որ մենք կունենանք դավաճան իշխանություն, որը ինչ սարքել էինք, կտա թուրքերին։

Ես հիմա պետք է թվարկեմ ընդամենը մի փոքր մասը էն ամենից, որոնք Հայաստանի ու Արցախի իշխանությունները նվիրեցին Ադրբեջանին։

Արցախը էներգիա էր ստանում իր ՀԷԿ-երից, նաև հոսանք էր տալիս Հայաստանին՝ էժան։ Այդ ՀԷԿ-երի մեծ տոկոսը մնաց թուրքերին, 36 ՀԷԿ-ից 30-ը։ Դա գերազանցում է կես միլիարդ դոլարը։ Թուրքերին է մնացել դպրոցների կեսից ավելին՝ 127 դպրոց՝ կես միլիոնից շատ գրքով։ Մեծ մասը նորակառույց շենքեր էին։

Կորցրել ենք 1300 հա նռան այգի, 300 հեկտար արքայանարնջի այգի, խաղողի հսկայական այգիներ, 250 հեկտարից ավելի սոխի ցանքատարածություն, կորցրել ենք 100 հազար տոննա ցորեն։ 100 միլիոնավոր դոլարների եկամուտ էր դա՝ տարեկան։

Էդ դժգույն Շուշին ամբողջությամբ ասֆալտապատված էր, լուսավորված, բարեկարգ, ջրամատակարարումը՝ շուրջօրյա, միայն մեկ դպրոցի կառուցումն արժեցել էր 800 մլն դրամ։ Մենակ ուսումնարանի վրա 3 մլն եվրո էր դրվել։ Թշնամուն մնացին գեորգերի, հրուշակեղենի, խմիչքի և այլ գործարաններ։ Միայն 1 մլրդ դոլարի վարկեր ունեին Արցախի ներդրողները։ Մարդկանց ամբողջ կյանքի աշխատանքը գնաց ջուրը։ Տարածքները, որոնք օկուպացրեց Ադրբեջանը, պարունակում են 2 հազարից ավելի հուշարձան՝ 13 վանական համալիր, 122  եկեղեցի, 52 ամրոց, 523 խաչքար, 10 թանգարան՝ 20 հազար ցուցանմուշով։ Դրանք բոլորը քայքայման, ավերման եզրին են արդեն, հայի հետքը ջնջվելու է այդտեղից։ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը Ադրբեջանին են հանձնել եկեղեցիներ, որոնք կառուցվել են 5-րդ դարում, 14 դար հին են Ադրբեջանից։

Բանավոր պայմանավորվածությամբ նվիրվեց սոթքի հանքավայրի կեսը կամ գուցե ավելին։ Դրա արժեքը մի քանի միլիարդ դոլար է, Արցախում եղած-չեղած 15 հանք կար, 13-ը մնաց թուրքերին։ Արցախի տնտեսական զարգացման ուժը հանքերն էին, արտահանման ամենամեծ ծավալը հանքերից էր։ Միայն 2021թ․ հունվարին հանքարդյունաբերության ծավալը կրճատվել է 99,9 տոկոսով։

Կառուցվել էին բազմաթիվ ջրագծեր, ջրամբարներ, հիվանդանոցներ, ոռոգման հսկայական ցանցեր։ Միայն Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը արժեցել է 35 մլն դոլար ու դա նվիրվեց թուրքերին։ Միայն Համահայկական հիմնադրամը 200 մլն դոլարից ավելի գումարն էր դրել Արցախը կառուցելու վրա։

Այս ջրի սակավության դարաշրջանում մենք Ադրբեջանին ենք նվիրել բազմաթիվ գետեր, որոնց հունն արդեն Ադրբեջանը փոխում է և Հայաստան գալու փոխարեն թեքում է Նախիջևան: Շուտով մեղրեցիները ջրի խնդիր են ունենալու։

Բանավոր պայմանավորվածությամբ Հադրութ է տրվել, ամբողջությամբ բարեկարգ էր։ Անհնար է ամբողջությամբ թվարկել ու նկարագրել, թե այս 25 տարվա մեջ ինչպես էր կառուցվել Արցախը։

Սա թվարկելն արդեն ինձ համար մեծ ցավ է ու ափսոսանք։ Սրանք պատերազմի առաջին օրերին չմնացին թշնամուն, այլ հոկտեմբերի երկրորդ կեսին, մի մասն էլ՝ առանց կրակոցի, կապիտուլյացիայի արդյունքում։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որին զարմանալիորեն Արցախից դեռ ռադ չեն արել, այդ կապիտուլյանտը, որ ընդամենը 5 ամիս եղավ Արցախի նախագահ ու կործանեց Արցախը, ելույթ է ունենում ու մեղքը բարդում ուրիշների վրա․ ասում է՝ պատերազմի հետևանքներն ինձ համար պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել, պատերազմը կանգնեցնելը համարում էին դավաճանություն: Ի՞նչ քաղաքական ուժերի մասին է խոսքը․ Երկրի ղեկավարը որ պատասխանատվություն է ստանձնում, ի՞նքն է կատարում, թե՞ ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Ո՞վ պետք է հետը կոնսենսուսի գար։ Նիկոլն ասում է՝ ես պատերազմը շուտ չեմ դադարեցրել, որպեսզի չասեն դավաճան, Արայիկն ասում է, որ հոկտեմբերի սկսզբին մեզ համար պարզ էր, որ գնալու ենք կապիտուլյացիայի, գենշտաբի պետ Օնիկ Գասպարյանն էլ ասում էր, որ հոկտեմբերի սկզբին ասել եմ, որ երկու երեք օրվա մեջ պետք է դադարեցնենք պատերազմը, թե չէ հետևանքները ողբերգական կլինեն։ Բա որ գիտեիք պարտվելու եք, 40 օր ինչո՞ւ եք շարունակել։ Ես թվարկեցի, թե մենք ինչեր ենք կորցրել, 100 մլրդ դոլարի կարգի կորուստ ենք ունեցել, նրա համար, որովհետև Արայիկ Հարությունյանը իմացել է, որ պարտվելու ենք, բայց շարունակել է պատերազմը ևս 35-40 օր։

Իսկ դուք գիտե՞ք, որ 5 հազար զոհերի մեծ մասը եղել է հենց էն ժամանակ, երբ շարունակել են պատերազմը՝ իմանալով, որ պարտվելու ենք։ Մեր տղերքը հազարներով զոհվում էին, նույն ժամանակ Արայիկ Հարությունյանը ուղիղ եթեր էր մտնում, ժպիտը դեմքին ասում էր եկեք կռվենք, թուրքը մոտենում է Ստեփանակերտին։ Արայիկ Հարությունյանը պակաս Արծրուն Հովհաննիսյան չէ։ Գիտեր, որ խայտառակ պարտություն է լինելու, բայց մտնում- գրում էր հաղթելու ենք, մեդալներ էր տալիս, ասում էր՝ ինչքան հակառակորդի տանկ է գալիս, խփում ենք, արդեն չենք էլ հաշվում, թե քանի հատ ենք խփում։ Բա էդ ո՞նց էր լինում։ Արայիկ Հարությունյան, դու 44 օր լկտի ստել ես ու մահվան բերան ես տարել մեր տղերքին։

Երկու անգամ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է քաղաքական ուժերին հանդիպման ու ասել է, որ վիճակը վատ է, բայց ասել է, որ չի հրավիրել քննարկման, հրավիրել է տեղեկացնելու։ ԱԱԾ տնօրենն ասում է՝ անհասկանալի է՝ ինչու չէին դադարեցնում պատերազմը։ Ո՞նց դադարեցնեին, եթե Նիկոլը, Արայիկն ու Աննան էին ղեկավարում։ Ի՞նչ կոնսենսուսից եք խոսում։ Ի վերջո, կապիտուլյացիոն փստաթղթում մեկ հոգու ստորագրություն կա՝ Նիկոլինը, ոչ ուրիշ մի քաղաքական ուժի։ Բայց էդ կապիտուլյացիան որ ստորագրեցիք, քաղաքական ուժերի կարծիքը հաշվի առա՞ք։

Կարճ ասած՝ չունի որևէ արդարացում հայրենիքը թուրքին նվիրելն ու ժողովրդին սպանության տանելը։ Ինձ որևէ մեկը չհամոզի, թե դրանք վերցրել են պատերազմի արդյունքում։ Ու հիմա եկել է ժամը պատասխանատվություն կրելու։ Չկա մի բառ, մի դիպված, պատմություն, որ կարող եք ասել ու արդարանալ։ Հատ հատ պատասխան եք տալու, ու արդեն այդ օրը շատ մոտ է։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ