08 04 2021

«Կարճ ասած»․ Երեք խայտառակություն՝ երկու օրում․ արժե նորից կարդալ «Անասնաֆերմա»-ն



 

Նիկոլ Փաշինյանը այսօր երևի թե 1000-երորդ անգամ խախտեց ամենակարևոր խոստումներից մեկը։ Այն, որ մեր երկրում քաղաքացիները 2018 թվականին մասնակցեցին հեղաշրջմանը, դրա պատճառներից մեկը չգնահատված լինելու համոզումն էր։ Ժողովուրդ, դուք շատ խելացի եք, դիպլոմ ունեք, բայց մեր երկրում պաշտոնի են գնում միայն Սերժի բարեկամներն ու ընկերները։ Նիկոլն էլ հա ասում էր՝ հենց ես գամ, վերջ եմ տալու խնամի-ծանոթ-բարեկամ համակարգին։ Երբ նոր-նոր վարչապետ էր, 2018 թվականի օգոստոսի 9-ին կառավարության նիստում ասում է՝ «Առաջ ո՞նց էր, խնամի-ծանոթ-բարեկամ, հորքուր-մորքուր, բոլորին բերել-լցրել են կառավարման համակարգ»։ 2019թ․ ապրիլի 19-ին լայվ էր մտել ու այսենց երկար լապշաները կախում էր ձեր ականջներից, թե «Մենք պայքարում ենք, որ ամեն իշխանություն չգա ու իր բաջանաղին չնշանակի կառավարման համակարգում։ Այս խոստումը լիարժեք կատարվել է»։

Այսօր Նիկոլի քավորը նշանակվեց Տավուշի մարզպետ․ իհարկե՝ Նիկոլը կարող է իր ոճի մեջ արդարանալ, թե ես խնամի-ծանոթ-բարեկամ եմ ասել, քավորի մասին բան չեմ ասել։ Բայց հանուն ճշմարտության, ասեմ, որ սա Նիկոլի միակ բարեկամը չէ, որ պաշտոնի գնում, ինչպես ասում են՝ սա իրավունքի ուժով արդեն եսիմորերորդ բարեկամն է։ Սրա եղբայրը պատգամավոր է աշխատում Ազգային ժողովում, Նիկոլի աներձագն էլ, եղբոր տղան էլ և այլն։ Նիկոլն արդեն մոմի լույսով ման է գալիս մանկապարտեզի ընկերներին, որ պաշտոնի նշանակի։ Բայց չես հասկանում, թե որ արժանիքի համար։ Նրանք իրենք արժանիք չունեն, ու այն, որ վարչապետի բարեկամն են, դա էլ որևէ արժանիք չի ավելացնում։ Բայց սա հերթական անգամ ապացուցում է, որ ժողովուրդ, էս մարդը ուղղակի հասարակ խաբեբա է, զգացմունք ու հույս գողացող։ Ձեզանից ռեզյումեներ էին ուզել, կադրային բանկ էին ձևավորում, բայց պարզվում է՝ Նիկոլի դերասան աներձագի ռեզյումեն էր ամենից գրավիչը, կամ ախպոր տղունը կամ կնոջ բարեկամինը, մանկության ընկերոջինը։

Բա ձեր կարծիքով, որ ասում ենք՝ Հայաստանը քայքայվում է, դա հենց էնպե՞ս է լինում։ Դա լինում է հենց այսպես՝ ոչինչ չհակսկացողներին պաշտոն տալով, պետական փողերը մեջ -եջ անելով, ու չտեսի պես վատնելով թե՛ միջոցները, թե՛ անգամ իր հեղինակությունը։

Սա՝ այսօրվա խայտառակության մասին։

Երեկ մենք ականատես եղանք երկու այլ խայտառակության։

Ես, իհարկե, տեսել եմ մարդկանց, որոնք հաճույքով խայտառակվել են եթերում, սեփական կամքով, բայց դա լինում է սովորաբար «Տիկտոկում»՝ խելապակասների կողմից․ գժություն՝ հանուն լայքերի։ Նիկոլն էլ էր գժություն անում, էլի ուղիղ եթերում, մենակ լայքերն էին պակաս։

Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն կոմեդիա էր, զավեշտ էր, ամոթ էր։ Նիկոլը հանդիպում ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ հանդիպման մեջ Հայաստանը ներկայացնողի պահվածքը խայտառակ էր թե՛ ձևի, թե՛ բովանդակության իմաստով։

Նկատելի էր տգեղ նստելաձևը՝ պետության ղեկավարին ոչ հարիր, «փնթի Սեթի» պես, սազական չէր վիզը ծռած մնալը, ամբողջ հանդիպման ընթացքում։ Այս առումով հետաքրքիր է, թե ինչեր էր ասում նախկինում իբր վիզը ծռած բանակցությունների գնալու մասին։ Ու ծիծաղելի էր այսպես ասած՝ հուշաթերթիկը, որից աչքը չէր կտրում Նիկոլը։ Գուցե այդ շպարգալկայի մեջ հայերենով գրել էր ռուսերենով օգտագործելիք բառերի ճիշտ արտաասանելու ձևերը, գուցե թեմաներն էր գրել, որ չմոռանա, քանի որ Պուտինին գրկելուց հետո հուզմունքից մոռացած կլիներ անգամ սեփական անունը։ Գուցե հարցեր էր գրել, որովհետև մարդը լրագրող է նաև, կարող է հարցազրույց էր ուզում վերցնել Պուտինից։ Բայց ես, ճիշտը որ ասեմ՝ կյանքում առաջին անգամ խղճացի Պուտինին։ Մարդը պետության ղեկավար է անհիշելի ժամանակներից, գերտերության ղեկավար է, աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Ու ինքը, Նիկոլի ասելով՝ 3,5 ժամ ստիպված է եղել խոսել մի մարդու հետ, որը, հաստատ գիտի՝ վախկոտ է, բունկերում թաքնվող է, ռուսերենը կիսատ է հասկանում ու դրանից մի քիչ էլ պակաս խոսում, գեղցի է, սուտասան է, կապիտուլյանտ է, դավաճան է ու հլը էս բոլոր հեչ, ոչ վաղ անցյալում էլ Հայաստանը ԵՏՄ-ից դուրս բերելու օրենք էր ներկայացրել ու Ռուսաստանին էլ մեղադրում էր ապրիլյան պատերազմ հրահրելու մեջ։ Պուտինը հստակ գիտի, որ հանդիպում է էս որակներով մարդու հետ, բայց ստիպված է հանդիպել, որովհետև սա Հայաստանն է ներկայացնում։ Դուք Պուտինի տեղը լինեիք՝ ի՞նչ կանեիք։ Ես օրինակ, որպես գլխավոր խմբագիր, մեկ անգամ հանդիպել եմ Նիկոլի հետ՝ խմբագիրների շարքում, հանդիպման կեսից դուրս եմ եկել՝ տաֆտալոգիան լսել չցանկանալու համար, իսկ երկրորդ անգամ էլ հրաժարվել եմ հանդիպումից։ Ես դրան հանդիպելու ցանկություն չունեմ։ Բա որ ես, խմբագիրս, որ ամեն օր քաղաքացիների եմ հանդիպում, դրա հետ հանդիպելս համարում եմ կորցրած ժամանակ, Պուտինը կուզենա՞։

Հանդիպման բովանդակության հրապարակային մասը ոչ պակաս զավեշտալի էր։ Էս մարդը գնացել էր միմիայն խնդրելու, ուզելու։ Սա չէր քննարկում, սա անընդհատ ինչ-որ բաներ էր խնդրում։ Նա խնդրեց կորոնավիրուսի 1 մլն չափաբաժին պատվաստանյութ․ էն դեպքում, երբ ռուսական պատվաստանյութը վաղուց կա, բազմաթիվ երկրները վաղուցվանից պատվիրել են, բայց Հայաստանի ղեկավարությունը, լինելով ուղնուծուծով հակառուս, բերել են այլ պատվաստանյութ, որը շատ էժան է ու շատ երկրներ արգելել են օգտագործումը՝ կողմնակի էֆեկտների կասկած ունենալով։ Ու ստում է անգամ Պուտինին, նա հարցնում է՝ ձեզ մոտ գրանցվա՞ծ է, Նիկոլն ասում է՝ այո, Հայաստանի առողջապահության նախարարն էլ ասում է, որ ո՛չ, գրանցված չէ, բայց օգտագործման թույլտվություն կա։

Հաջորդ խնդրանքը պարզապես աբսուրդ է․ Ուղիղ 10 ամիս առաջ Հայաստանը հայտարարեց, որ ռուսական 270 մլն դոլար վարկից հրաժարվում են․ վարկը Սերժ Սարգսյանի օրոք էին վերցրել՝ ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը վերազինելու համար։ Մարդիկ ասացին՝ մենք մեր բյուջեի փողով կանենք, ռուսական վարկը թող իրենց մնա։ Հետո տեսան, որ ի՞նչ ատոմակայան, սրանք անգամ թոշակ վճարելու փող չունեն բյուջեում, պետական հիմնարկներին աշխատավարձը չեն կարողանում տալ ու Համահայկական հիմնադրամի փողերն են վերցնում, արտաքին պարտք են վերցնում։ Ատոմակայանն էլ փակել են վերազինման համար ու շուտով ունենալու ենք էներգետիկ ճգնաժամ, հովհարային անջատումներ։ Նիկոլը մոռացավ, որ ընդամենը 10 ամիս առաջ ռուսների վարկից հրաժարվել են ու ասաց, որ Պուտինին խնդրելու է նոր ատոմակայան կառուցելու հարց քննարկել։ Ստացվեց՝ մարդը գնացել էր թքածը լիզելու։ Հիմա էդ մարդը՝ Պուտինը, քեզ ո՞նց լուրջ ընդունի, քո կառավարությանը ո՞նց լուրջ ընդունի, գլուխգովանների ու սուտի դուխովների խմբակ չէ՞ք, էդ չէ՞ք։

Հաջորդը գերիների հարցն էր․ Նիկոլը խնդրեց օգնել գերիներին բերել։ Մենք առաջին անգամ տեսանք, որ Նիկոլը դեմ առ դեմ խնդրում է Պուտինից օգնել գերիներին բերելու հարցում, բայց արդեն 5 ամիս է՝ մեզ ասում են, թե զբաղվում ենք այդ հարցով, միտինգ մի արեք, հեսա-հեսա կլուծենք։ Մինչ այս բերված շուրջ 70 գերիներն էլ Ռուսաստանի միջնորդությամբ են բերվել, բայց Արայիկ Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանն ու Ավինյան Տիկոն էին գովազդվում։

Ամենազավեշտալիներից մեկը, սակայն, այն էր, որ այս հանդիպումը անցել է առանց արդյունքի։ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ինչ-որ հայ իրավաբանների ու ասում, թե՝ խոսել ենք մի շարք փաստաթղթերի մասին, բայց ոչ մի փաստաթուղթ չենք ստորագրել։ Այսինքն՝ հանդիպումը արդյունք չի ունեցել։ Նիկոլն ու Պուտինը իրար հետ վերջին անգամ հանդիպել են տարիուկես առաջ, եթե չհաշվեմ Ալիևի հետ եռակողմ հանդիպումը։ Ռազմավարական գործընկերները մեկուկես տարին մեկ ե՞ն հանդիպում, այն էլ որևէ փաստաթուղթ չունեն ստորագրելո՞ւ, մի արդյունք չունեի՞ր ներկայացնելու, համատեղ հայտարարություն, ասուլիս չունեի՞ք տալու։ Ո՛չ, ու ես ունեմ այս հարցին իմ պատասխանը։ Նրանք քեզ վերաբերում են որպես ձախողումներից հետո գնացողի, քո հետ ի՞նչ քննարկեն, ի՞նչ ստորագրեն։

Հաջորդ ծաղրը Նիկոլի բեմադրած հանդիպումն էր։ Պարզվում է՝ էս մարդը ոչ միայն Հայաստանում է հանդիպում բեմադրում, նաև Հայաստանից դուրս։ 3 միլիոն հայ բնակչություն ունեցող Ռուսաստանում Նիկոլը մի 25 հոգու հետ հազիվ կարողանում է հանդիպել, այդքան մարդ հազիվ գտնում են, որ պատրաստ է հանդիպել դավաճանին։ 25 հոգու՝ 3 միլիոնից, այն էլ՝ նրանց հավաքում են քրեական հեղինակությունների, հանցագործ տիպերի միջոցով։

Օրվա մյուս խայտառակությունը Նիկոլի ոստիկանության պահվածքն էր։ Թվում էր, թե ոստիկանությունը խայտառակվելու այլ ուղղություն չուներ։ Պարզվեց՝ կա, մեր ոստիկանությունն այլևս կին տփող է։ Նրանք ծեծեցին կանանց՝ շատ խորհրդանշական օր՝ մայրության և գեղեցկության տոնին, Ավետման տոնին։ Տուժեց նաև մեր՝ Yerevan.Today-ի լրագրողը, որը կին է և մայր։ Կարող եմ ոստիկանությանը պահանջներ ներկայացնել, դիմել դատարան, բայց որպես ի՞նչ, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը կամ էլ «ցռան մոզի» մականունը ստացած էն մյուս դատավորն ասեն՝ ոստիկանությունը ճիշտ է արել, որ ծեծել է՞։ Ու նույն պահին, երբ սրանք ծեծում էին, կառավարությանը հարակից այգում տեղադրվում էր «անվախ աղջկա» արձանը։

Ինձ հետաքրքրում է՝ էն ոստիկանները, որ քաշքշում ու հարվածում էին կանանց ապրիլի 7-ին, հետո ծաղիկ առան, գնացին տուն ու ասացին՝ ով կին, ես քո տղամարդն ե՞մ։ Նրանք, այդ բոլորը, որ հարվածում էին, ովքեր հարվածողի ձեռքը չէին բռնում, կարող են այսօրվանից յուբկայով գործի գնալ։ Դրանք տղա չեն, տղամարդ չեն․ դրանք կին էլ չեն․ ղզիկ են։ Ինձ դեռ փոքր ժամանակներից այդպես են դաստիարակել, որ՝ դու՛ տղա ես, աղջկան հարվածել չի կարելի, դա ղզիկություն է, ու եթե տեսնես որ մեկ այլ տղա է այդպես իրեն պահում, ձեռքից բռնի ու թույլ մի տուր։

Կարճ ասած՝ Նիկոլը Հայաստանը խայտառակում է ոնց կարող է, մի հատ հաստ սև բիծ է քաշում, որը ջնջել շատ դժվար կլինի։ Դուք խայտառակվում եք, ջհանդամը, թքել եմ ձեզ վրա, բայց երկիր, պետություն, ազգ եք ներկայացնում: Չես կարողանում, կառավարես, խայտառակ ես լինում, փասա-փուսեդ հավաքի-գնա։

Ժողովուրդ, իսկ դուք լա՞վ եք զգում ձեզ մեր էս վիճակի համար։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ