Այս կիրակի՝ սեպտեմբերի 18-ին արձանագրված իրողությունների շարքին միանգամայն կվայելեր «խայտառակությունների շքերթ» ձևակերպումը: Սակայն խայտառակության հետ շքերթը մի տեսակ այն չէ: Առավել համահունչ է թշվառերթ բնորոշումը:
Առաջինը, ինչ խոսք, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ասուլիսում արձանագրված «թարգմանության դժվարություններն» են: Իրականում հարցը թարգմանիչը չէր: Իրականում հարցն այն էր, որ Նենսի Փելոսսիի այցի փաստից էքստազի մեջ ընկած նիկոլական իշխանությունն այնքան քթածակազուրկ, փնթի ու անկազմակերպ է, որ անգամ ասուլիս չի կարողանում կազմակերպել, գոնե մի հատ նախապես ստուգել՝ համընթաց թարգմանության սարքերն, ինչպես հարկն է, աշխատո՞ւմ են, թե՞ ոչ: Սկզբունքորեն, Ալեն Սիմոնյանով, իր աշխատակազմով-բանով, ամեն ինչ արեցին, որպեսզի Նենսի Փելոսին համոզված լինի, որ գտնվում է թերզարգացած աբորիգենների մոտ, որոնցից կարելի է, ապակյա հուլունքներ ցույց տալով, ինչ ասես՝ վերցնել:
Սակայն պարզվեց, որ դա դեռ «ծաղիկներն» են: Երկրորդ խայտառակությունը շատ ավելի հնչեղ ու անդուր ստացվեց. Նիկոլ Փաշինյանի կրկնկի տակ «նախագահ» աշխատող Վահագն Խաչատուրյանը, պարզվում է, գնացել էր մշուշոտ Ալբիոն՝ հանգուցյալ թագուհու հրաժեշտի արարողություններին մասնակցելու: Սրանք այնքան են Նիկոլ Փաշինյանի «խոզախանձ» նիստուկացի մեջ ընկղմվել, որ դարձել են բացարձակապես անադեկվատ: Դե, գնացել է Վահագն Խաչատուրյանը, հայտնվել թագուհու դագաղի մոտ ու… սկսել է լուսանկարվել, չնայած, որ պալատում նրանց զգուշացրել են՝ չի կարելի նկարել: Նրան անձնական լուսանկարչի ծառայություններ մատուցողն էլ… Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանն է եղել: Առհասարակ, անպատշաճ վարք է դրսևորել Վ.Խաչատուրյանը, ինչը չի վրիպել բրիտանական մամուլի աչքից, ու ՀՀ նախագահ համարվողը, Հայաստանի անվան հետ, առավել տհաճ ու վանող վերնագրերով հոլովվել ու հոլովվում է բրիտանական մամուլի էջերում:
Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը անգլո-ամերիկյան ուժերին, որքան կարող էր, ցույց տվեց իր բացառիկ անշնորհքությունը:
Բայց դա էլ քիչ համարվեց: Ինչ-որ «հանճարեղ» նիկոլական գլուխներ որոշել էին, որ Ավարայրի ճակատամարտի որմնանկարը լավագույն ֆոնն է՝ Նենսի Փելոսիի ելույթի համար, որ նա էլ քրիստոնյա հայերի ու պարսիկների միջև կռվի մասին դատողություններ անի: Ի դեպ, հետաքրքիր կլիներ նրան հարցնել, թե՝ այդ ժամանակ պարսիկներն ի՞նչ կրոնի էին: Բայց դա էլ դեռ մի կողմ:
Ընդգծված հակառուսական քարոզչություն իրականացնող նիկոլական իշխանություններն ու նրանց սպասարկողները որոշել էին, որ Նենսի Փելոսիի այցը ամենահարմար առիթն է, որպեսզի Երևանի կենտրոնում մի երկու-երեք հարյուր հոգով Ռուսաստանի ու Պուտինի դեմ ցույց անեն:
Երևի մնում էր մի հատ էլ հակավրացական, հակաիրանական ու հակաչինական բացահայտ ակցիա անել, որպեսզի պատկերն ամբողջանա: Այդ ամենը նմանվում է նավից փախած առնետների վարքին, որոնք կործանարար ինքնամոռացությամբ կրծում են նաև փրկարար նավակի հատակը:
Եվ այս ամենը՝ բացառապես իր գոյության մասին մտածող Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում ու մի իրավիճակում, երբ նույն այդ իշխանության վարած քաղաքականության ու անկարողության հետևանքով թշնամին ներթափանցել է Հայաստանի տարածք, ավերել գյուղեր ու քաղաքներ, սպանվել են բազմաթիվ զինվորներ…
Մի իշխանության պայմաններում, որի պատճառով հազարավոր մարդիկ սեփանկան երկրում փախստական են դարձել ու զրկվել տներից: Սի իշխանության պայմաններում, որը միլիոնավոր դոլարների պարգևավճարներ է տվել իր նստատեղը պահող ոստիկանությանը, բայց խոսում է բանակի անբավարար ու թերի սպառազինման ու հանդերձավորման մասին: Մի իշխանություն, որ ավելի «ուժեղ» բան չի կարողացել հորինել, քան թշնամի թուրքից խաղաղություն մուրալքը, իսկ Երևանի մայթերին էլ՝ պատանիների միջոցով բանակի համար օգնություն խնդրելը: Վերջապես մի իշխանություն, որ թաքցնում է պատերազմում զոհվածների անուններն ու ամբողջական տվյալները:
Խայտառակությունների ու խայտառակ տապալումների թշվառերթ: Ով ու երբ այն կկանգնեցնի: Ըստ որում, արդեն անկարևոր է, թե ինչպես կկանգնեցնի կործանումային այս ընթացքը:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը