15 03 2021

«Կարճ ասած»․ Դերասանը․ Փաշինյանը թատրոնում խաղալու փոխարեն Հայաստանը դարձրեց թատրոն



 

Երեք տարի է, ինչ Հայաստանը դարձրել են թատրոն բաց երկնքի տակ, իշխանությունը զբաղված է դերասանություն անելով։ Նիկոլ Փաշինյանը երկիրը կառավարում է բեմադրություններով։ Այսինքն, նրա պահվածքը այնպես է, ինչպես ընդդիմադիր եղած ժամանակ, ուղղակի էն ժամանակ բանի տեղ դնող չկար, իսկ հիմա ստիպված են, վարչապետ է։

2019թ․ հունվարի 15-ին Նիկոլ Փաշինյանը ծառայողական ավտոմեքենայից լայվ մտավ ու ասաց․ «Ինձ համար ամենամեծ ողբերգությունը, ամենաանընդունելի վիճակը կլինի այն, երբ պարզվի, որ իմ՝ ՀՀ վարչապետ լինելն ավելի շատ հարկավոր է ինձ, ոչ էթե ՀՀ քաղաքացիներին։ Որ պահին էդպես լինի, ես, նշանակում է, անելիք չունեմ էս կարգվիճակում»։ Սա հերթական թատերական ներկայացումն էր, այլապես ինչո՞ւ է սա դեռ իր աթոռը գրկած քնում։

Գնում է Գավառ՝ թաքուն, առանց նախապես տեղյակ պահելու, առանց ուղիղ եթերի, ինչը առաջ անպակաս էր վաղ առավոտից մինչև անկողին մտնելը։ Հիմա գնում է ծածուկ, որ ժողովուրդը դուրս չգա բողոքելու, հազիվ բեմադրում են փոքր հանդիպում մարդկանց հետ։ Նրանք էլ ցեխոտ ու փոսառատ ճանապարհները թողած, արտագաղթի ճամպրուկները թողած, հարցնում են, թե երբ է ինտեռնետը փակելու։

Գավառում հանդիպում է բեմադրում, Սյունիքում հանդիպում է բեմադրում, գլխավոր շտաբում բեմադրում է, Հանրապետության հրապարակում բեմադրում է։ Ու չնայած այս ամենին, պահում է իշխանությունը․ որովհետև իր իշխանությունն այսօր պետք է միայն իրեն՝ Փաշինյանին՝ որպես անվտանգության երաշխիք։ Ու իշխանությունը պահում է դերասանություն անելով։ Միայն տեսարաններ են, արդեն անգամ հաց չկա։

Բեմադրում է, թե տնտեսական ճգնաժամն արդեն հաղթահարելու նշաններ կան, մյուս կողմում՝ իրական հողի վրա, աղքատությունը մոտենում է Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների ցուցանիշներին՝ շատ շուտով կհատի 50 տոկոսը։ Մեր երկրում արդեն յուրաքանչյուր երկրորդ մարդ աղքատ է լինելու։ 5 հազար դրամով մտնում եք խանութ ու գնում կեսը այն բանի, ինչը գնում էիք առաջ։ Ու հենց էդ թատրոնի արդյունքում է, որ չնայած ժողովրդի վիճակը գնալով վատանում է, բայց էլի մեղադրում է բոլոր-բոլորին, ձեռքի հետ էլ՝ ընդդիմությանը։ Անհնար է հասկանալ, թե ինչու առաջ էն ամենի համար, որ մեղադրում էինք իշխանությանը, հիմա մեղադրում ենք ընդդիմությանը կամ նախկին իշխանությանը։ Աբսուրդ է, իհարկե, բայց հենց այն պատճառով, որ սա թատրոն է։

Կառավարությունում քննարկում են կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելու համար հրատապ կարգով աշխատատեղեր ստեղծելու մասին․ տեսախցիկներն անջատում են, պարզում են, որ ելույթը լավ է եղել, մոնտաժում ու հանրայնացնում են։ Ամեն մեկը գնում է իր գործին, իսկ ներդրողները գնում են Հայաստանից դուրս։ Մեր երկիր գումար է մտնում միայն էն դեպքում, եթե դա արտաքին պարտք է։

Նիկոլը Հայաստանը սարքել է մի մեծ թատրոն ու գլխավոր դերում միայն ինքն է, բեմ է բարձրացել ու ծիծաղացնում կամ ջղայնացնում է հանրությանը ։

Նիկոլն ասում էր դատավորներին չեն զանգելու, հետո ինքն անձամբ դատախազներին հանձնարարում է, թե երբ ու ոնց տան Քոչարյանի անձնագիրը։ Ես չեմ խոսում դատարանները շրջափակելու մասին, չեմ խոսում բեմից հայտարարության մասին, թե՝ «կա՞ էդպիսի դատավոր, որ ինձ չլսի»։ Ես խոսում եմ հանձնարարության մասին։ Նիկոլի խորհրդականը ցուցում է տալիս, թե ինչ մեղադրանք առաջադրեն Ռուբեն Հայրապետյանին և որդուն։ Էսքանից հետո որևէ մեկը թող ինձ ասի, որ բոլոր դատավարությունները անխտիր, սկսած ճանապարհային ոստիկանության տուգանքից, մինչև սահմանադրական կարգի տապալման գործ, շոու չէ։

Ասում էին, թե ժամանակակից սահմանային հենակետեր ունենք։ Կապանի դիրքապահների վերջին տեսանյութից պարզվում է, որ մարդիկ քնում են 15 աստիճան ցրտի պայմաններում՝ վրաններում ու էդպես փորձում են սահման պահել։ Իսկ այստեղ բեմադրում են, թեն սահմաններին հիմա արդեն ամեն ինչ նորմալ է։ Պաշտպանության նախարարն ասում է՝ հիմա վախտը չէ, որ սահմանից խոսեմ։

Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման ընթացքում աշխատանքից ազատել է իր նշանակած ավելի քան 100 պաշտոնյայի։ Սովորական աշխատողներին, վարչությունների ու բաժինների աշխատողներին, մասնագեըներին չեմ ասում, պաշտոնյա՝ նախարար, պատգամավոր, աշխատակազմի ղեկավար, փոխնախարար, փոխմարզպետ, կոմիտեի ղեկավար և այլն։ Կան բազմաթիվ պաշտոններ՝ սկսած գենշտաբից մինչև մարզ ու ԱԱԾ, որ 3 տարում 3-ից ավելի ղեկավար են փոխել։

Նիկոլի ժամանակ շատ կարճաժամկետ են պաշտոնավարում մարդիկ, որովհետև այդ պաշտոնի նշանակումներն էլ են բեմադրություն։ Գալիս են մարդիկ բոլորովին այլ ոլորտից, խանութների ցանցից հանկարծ նստում են աշխատակազմի ղեկավարի աթոռին, տեսնում են իրենց խելքի բանը չէր ու չեն էլ կարողանում ադապտացվել, դուրս են գալիս՝ իրենց ներկայացումն արագ ավարտելով։ Սա ցույց է տալիս, որ սրանց համար, Հայաստանը փորձադաշտ է։ Ու սա է պատճառը, որ երկիրը միմիայն կործանվում ու հետ է գնում։

Նիկոլ Փաշինյանի անլրջության արդյունքն այն է, որ այսօր հայաստանում ոևէ լուրջ պաշտոն գոյություն չունի, որին ձգտի թեկուզ ամենակարիերիստ երիտասարդը։ Որովհետև կլինի ԱԱԾ պետ, թե գենշտաբի պետ, Նիոլը իջեցրել է պլենտուսի մակարդակի՝ հենց դերասանության արդյունքում։ Թատրոնում տեսել եք, չէ՞, որ մի միջակ դերասանի գեներալի կամ նախագահի հագուստ են հագցնում։ Նայում-ասում ես՝ դե լավ էլի, մի քիչ գոնե համապատասխան լիներ։

Եթե նպատակը երկիրը զարգացնելն էր, ապա ինչպե՞ս ռեստորանի գեներալը դարձավ նախարար, միայն փոշեծծիչից գլուխ հանողը ԱԺ նախագահ կամ բեղավոր մեկ այլ գործիք էլ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ կամ դդում ու այլ նվաստացուցիչ մականուններով մարդիկ՝ նախարարներ։ Անլուրջ է էս ամենը։

Բայց է՛ս ա իրականությունը, ու մենք էսքանից հետո զարմանում ենք, թե ինչու է աղքատությունը մեծանո՞ւմ, թե ինչու պատերազմ եղավ ու կրվեցի՞նք։ Որովհետև սա՛ էր։

Իսկ մենք էսքանից հետո թողնում ենք, որ սա մնա․ ինչի համա՞ր, ես չգիտեմ․ մնա որ ի՞նչ անի, ես չգիտեմ։ Այսօր՝ իշխանության գալուց երեք տարուց էլ պակաս ժամանակում, երբ Նիկոլ Փաշինյանի հանդեպ մեծ վստահությունը փոխվել է անվստահության և ավելին, ատելության, բոլորովին անհասկանալի է, ինչպես է Նիկոլը մնում էդ պոստին։ Հիմա ինձ հետաքրքրում է՝ Նի՞կոլն է ավելի անինքնասեր, որ նախագահական նստավայրից գարաժով է փախչում, որ հետամուտքով մտնում է նախարարության շենք, որ զրահապաշտպան անձրևանոց են բացում, որ պոմիդոր կամ մարդկանց թուքը չկպնի, թե՞ անինքնասեր են էն մարդիկ, որ Նիկոլից ավելի պնդաճակատ չեն նրան վտարելու համար։

Պետք է սիրել հայրենիքը, ժողովուրդ, պետք է հարգել պետությունը։ Դա պետք է չլինի կենացների մակարդակով, ավտոմատ երրորդ բաժակը խմես ծնողներինը, հինգերորդը՝ հայրենիքինը։ Դուք չեք հարգում պետությունը։ Երբ Նիկոլի միտինգից հետո «Ապարանը քեզ հետ է» գրությունը հայտնվում է աղբամանում, ուրեմն էդ պաստառը բերողները չեն հարգում իրենց հայրենիքը։ Դուք հայրենիքի կենացն այլևս խմելու իրավունք չունեք։ Ավելին ասեմ, դուք պետք է ծնողների կենացն էլ չխմեք։ Ծնողին հարգող մարդը հանուն իր ծնողի ապահով ծերության դուրս կգար սրանց վռնդելու երկրից։

Էս թատրոնին վերջ դնել է պետք։

«Կարճ ասած»՝ Նիկոլն ուղղակի կերազեր, որ էս պահին ուրիշը լիներ իշխանություն, ու ինքը Բաղրամյան փողոցի վրաններում պայքարեր դրա դեմ։ Բայց հարց՝ մեր երկրում Նիկոլի նման իշխանությունը պետք չէ, իսկ պե՞տք է Նիկոլի պես ընդդիմություն։ Հիշենք, որ Նիկոլի դերասանությունը սկսեց հենց ընդդիմություն աշխատած ժամանակ։

Ի դեպ, այդ ժամանակ էլ էր փողով դերասան աշխատում։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ