«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են գործադուլները», «Ինչո՞ւ են բոլորը լուռ համակերպվում» և այլն»,-գրում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Նրա խոսքով, հարցնողների մեծ մասն իսկապես չեն հասկանում, թե ինչո՞ւ էր նախկինում իշխանությունների ամեն մի քայլ բուռն ու զանգվածային ընդվզում առաջացնում, իսկ հիմա՝ ոչ։
Զարմանքի պատճառն այն է, որ մարդիկ չգիտեն, թե ինչպես է ընդհանրապես կազմակերպվում հասարակական պայքարը, շարժումները։
«Որ այդպիսի շարժումները ԵՐԲԵՔ չեն առաջանում զրոյից։
Օրինակ՝ ԱՄՆ-ում սևերի իրավունքների պայքարի բազան հիմնականում կրոնական կազմակերպություններն էին, սևերի բողոքական եկեղեցիները, որոնց շուրջ համայնքներ կային ձևավորված։ Գոնե սկզբում այդպես էր։
Օրինակ՝ շատ տեղերում պայքարի հիմքում արհմիությունների զարգացած համակարգն է։
Հայաստանում նախորդ իշխանությունների դեմ պայքարի հիմքում արևմտյան փողով ստեղծած և աճեցրած ՀԿ-ների ու լրատվամիջոցների շուրջ առաջացած «էկոհամակարգն» էր։
2018-ից հետո արևմտյան սնուցմամբ այդ համակարգը «ճտիկով անջատվեց», ֆինանսավորումը կրճատվեց։
Նոր՝ ազգային, ինքնիշխան (այսինքն հայկական, այլ ոչ թե արևմտյան շահը սպասարկող) քաղաքացիական հասարակությունը սաղմնային վիճակում է։ Ով էլ ակտիվանում է, նիկոլականները միանգամից փորձում են իրենցով անել կամ ջախջախել։
Կասեք. «Բա ընդդիմությունը՞»։ Ճիշտ կասեք։ Ընդդիմությունն էլ 6,5 տարում այդպես էլ չկարողացավ և/կամ չուզեց ադապտացվել նոր իրականությանը, չուզեց սովորել ու զարգանալ։ Ընդդիմությունը նաև հիմնովին վարկաբեկված է։
Հիմա կհարցնեք. լավ, բա վերջը՞։ Այս թալանի, կեղեքման, քրոնիկ դավաճանության ու պետականաքանդության դեմ արդյոք անհնարի՞ն է դիմադրելը։
Իհարկե հնարավոր է դիմադրելը, հնարավոր է նաև հաղթելը։ Ուղղակի բոլորին թվում է, թե այդ հաղթանակները լինելու են արագ, մինիմալ նեղություններով ու միանշանակ։ Երբ ասում ես, որ տարիների գործ է, պայքարելու հավեսը փախնում է։
Օրինակ՝ ոչ ոքի չի զարմանում միջին չափի հարսանիքին կես տարուց մեկ տարի նախապատրաստվելը (է՛լ չասեմ գումարը), բայց 100 հազար հոգու կազմակերպելն ու պայքարի հանելը ուզում են զրոյից սկսել ու մի քանի շաբաթում հասցնել հաղթական ավարտի։
Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք։ Ճտիկով միացող ու անջատվող քաղհասարակությամբ, մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ (իսկ ինչ-որ պահի ուղղակի վտարվելու ենք մեր հողից)»,-գրում է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը