02 03 2021

«Կարճ ասած»․ Սրանցո՞վ ես իշխանությունը պահելու, սրանցո՞վ ես ընտրություն անելու․ էս չէ՞ քո ռեսուրսը



 

Նիկոլ Փաշինյանի և իր նախարարա-դեպուտատա-մարզպետական թիմի խայտառակության երեկույթն էր երեկ Հանրապետության հրապարակում։ Էն արտիստների պես, որ սկզբում ամենամեծ մարզադաշտերն էին լցնում, իսկ հետո ձրի համերգին էլ գնացող չկար։ Նախ ուզում եմ անդրադառնալ աննախադեպ մի բանի։ Երբեք, երբեք ու երբեք Հայաստանում չի եղել իշխանության կազմակերպած որևէ հանրահավաք, որին էս կարգի ու էս կարգի բացահայտ օգտագործվի վարչական ռեսուրսը։ Գյուղապետերը, մարզպետները ֆեյսբուքյան էջում գրում էին, որ հավաքելու են ու քշեն միտինգի, ավտոբուսներ էին տրամադրում։ Ու ամեն տեղից միտինգացու էին մուրում՝ քաղաքապետարան, դպրոց, մարզպետարան, գյուղապետարան, մանկապարտեզ։ Ում կարողանում էին, բերում էին։ Էն մի հատ բուսական աշխարհի ներկայացուցչի մականունով խորհրդական կա, առաջ նախարար էր ու ասում էր՝ այլևս ոչ մի ուսուցիչ ստիպված չի լինելու իշխանության հանրահավաքի մասնակցել։ Տեսնես ասելիք չունի՞ էդ մարդը, ո՞ւր է կորել։

Սա խայտառակություն էր։ Լիքը ձայնագրություններ են տարածվել, որ փողով, խոստումներով մարդ էին հավաքագրում։ Արագածոտնի մարզպետը գյուղապետերին էր հավաքել, Շիրակի մարզպետը, Լոռու մարզպետը ստատուսներ էր գրում․ էլ ո՞րն ասեմ։ Հը, Նիկոլ, բա սա չէի՞նք մերժել 2018-ին, բա, կարծեմ, մերժել էինք, ասում էինք՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, նա՛ է որոշելու ինչի մասնակցել, ինչի՝ ոչ։ Դու բոլոր էն վատ ավանդույթները, որ եղել էին ու մեզ թվում էր, թե մերժել ենք, բոլորը վերականգնեցիր, Նիկոլ։ Չկա մի բան, որ դու մեղադրել ես նախկիններին ու չես արել։ Տասնապատիկն ես արել։

Չնայած հայտարարված էր մարտի 1-ի հանրահավաք, սակայն Նիկոլն ասաց, որ սա իր աջակցությասն հանրահավաքն է, սրանով որոշում են՝ ուզո՞ւմ են իրեն, թե չէ։ Ու պատասխանը երևաց, անգամ էդ ռեսուրսով չկարողացան հրապարակը լցնել։ Նիկոլ, ամբողջ վարչական ապարատով մեկ հրապարակ չկարողացար լցնել, բերած մարդկանց մի մասն էլ գնացին Բաղրամյան պողոտա՝ ընդդիմության հանրահավաքին մասնակցելու։ Երեկ քեզ ժողովուրդը մերժեց։ Դու անգամ չուզեցիր տեսնել, թե իրականում ինչ ռեյտինգ ունես, չուզեցիր չափել։ Քեզ դա պետք չէր, քեզ շոուն էր պետք։ Բայց դա էլ չստացվեց։

Զոռով-շառով, խայտառակվելով, բերեցիր մի 12 հազար հոգու՝ երկուսուկես միլիոնանոց երկրից, հետո՞, էլ դավաճան չե՞ս կամ մնացածնե՞րն են քո ընտրողները։ Չէ, չէ՞ Նիկոլ։ Երեկ դու հասկացար, որ չէ, դրա համար էլ հենց սկզբից սկսեցիր գոռգռալ, քեզ ճղել։

Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի մասնակիցները Թուրքիայի, Ադրբեջանի նախագահների աջակիցներն էին։ Էս պահին Նիկոլին աջակցում են Էրդողանը, Ալիևը և Հայաստանում՝ կեսի կես հրապարակ ժողովուրդ։ Մարդիկ հասկացան, որ սա թուրքական պրոյեկտ էր, մարդիկ հասկացան, որ իրենք անգիտակցաբար 2018 թվականին մաս են եղել այդ պրոյեկտի։ Ու մարդիկ հետ քաշվեցին, եկավ միայն մի մասսա, որին պետություն չի հասնում։

Տեսնեիք մասնակիցների որակը։ Մեկն ասում էր՝ ավելի լավ է բոլորը մեռնեն, քան նախկինները գան, էն մյուսն ասում էր՝ Ղարաբաղը երբեք հայկական չի եղել, դա սպարապետն ու նախկիններն էին գրավել։ Սա՛ է Նիկոլի աջակիցների դեմքը։ Նրանց պետություն ու պետականություն չի հասնում, և նրանցից ու Նիկոլից պետք է օր առաջ փրկել մեր պետությունը։ Էնտեղ պետության ու պետականության մահն էր։ Սրանցով ե՞ս երկիրը զարգացնելու, Նիկոլ, սրանցով ե՞ս արտահերթ ընտրությունների գնալու։ Էս չէ՞ քո ռեսուրսը։ Քո ռեսուրսը եկել էր Ալիևի հաղթանակին ծափահարելու։ Իսկ Ալիևը դեռ շատ ծրագրեր ունի Հայաստանի հետ կապված։ Ալիևը շարունակում է զինվել, դրա հետ մեկտեղ հայտարարում է, թե Հայաստանը ֆաշիստական պետություն է, պետք է բանակ չունենա։ Նիկոլը մի բառ անգամ չի պատասխանում, Ալիևի հետ հավասար պայքարում է մեր բանակի ու գենշտաբի, գեներալների դեմ։

Նիկոլի հրավիրած միտինգի բովանդակությունն ավելի մերժելի էր։ Փաշինյանն էլ չուներ ասելիք, նա մի մտքից մյուսն էր թռնում, միաժամանակ անդրադառնում տարբեր հարցերի, մարտի 1-ից հասնում էր գենշտաբի պետ ու հետ գալիս։ Մտքերը թափթփված էին, փնթի։ Նա էլի ու էլի մեղադրեց բանակին։ Բոլորը մեղավոր դուրս եկան, ինքը՝ անմեղ մի այծիկ։ Զզվելի էր այս ամենը։

Նիկոլը հրապարակից 10 զոհի մասին խոսեց, էն դեպքում, որ դրա միակ մեղավոր իրեն են համարում գիտակից մարդիկ։ Նիկոլը էլի դեղին մամուլի ծախու գրչակի պես իրեն պահեց՝ մեղադրելով գենշտաբի պետին, թե հանուն հայրենիքի արած հայտարարությունն արել է, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի դեմ է դուրս եկել Սերժ Սարգսյանի հրահանգով։ Չկար որևէ ապացույց, որևէ հիմնավորում։ Ապացույցը պետք է դեռ սարքեն։ Այսօր տեղեկություն տարածվեց, որ շուտով լսելու ենք լավ մոնտաժված մի գաղտնալսում Օնիկ Գասպարյանի և Սերժ Սարգսյանի միջև։ Փորձեցի պատկերացնել․ այդտեղ երևի Սերժն ասում ա՝ «Օնիկ, կարող ե՞ս այնպես անել, որ Իսկանդերը 10%-ով կրակի»։ Դե սենց մի բան պետք է սարքեն որ փորձեն սաղ գցեն Օնիկի վրա ու էդ սաղ կապեն նախկինների հետ։ Սրանք ուրիշ բան անելու ունակ էլ չեն։

Նիկոլ Փաշինյանը նաև անհեթեթ հայտարարություններով հանդես եկավ։ Երկուսուկես տարի առաջ ասում էր՝ մարտի 1-ը բացահայտված է ամբողջ ծավալով։ Երեկվա միտինգին ասում էր՝ ոչ մի բան բացահայտված չէ, բայց բացահայտված է սպանությունների ֆոնը։ Չէ մի, չէ, նրբերանգը։ 13 տարի առաջ ունեցած 10 զոհից խոսեց էն դեպքում, երբ էս պահին ավելի քան 5 հազար մարդ հողի տակ է իր կառավարման պատճառով։ Սրանք եթե անգամ մարտի 1-ի սգո միտինգ էին անում, անարգեցին էդ զոհերի հիշատակը նույն «դըմփ-դըմփ-հու»-ով, որը կործանեց մեր երկիրը։ Մի «դըմփ-դըմփ-հու» էլ զոհերի հիշատակին արեցին, ու Նիկոլն ասաց՝ «կեցցեն մեր զոհերը»։

Նիկոլը հավաքել ու ասում էր՝ կներեք իմ սխալների համար, ժողովուրդ, Հայաստանի ու Սփյուռքի հայեր։ Էս մարդու մեղքով մենք ունենք կորսված հայրենիք, զոհեր, վիրավորներ, անհետը կորածներ, ի՞նչը ներել, ո՞նց ներել։ Իսկ ո՞վ ասաց, որ որևէ մեկը քեզ ներելու է ու քեզ հանդուրժելու է։ Ի՞նչ է նշանակում՝ հողը տաս թուրքին, լուսավոր տղերքին դնես հողի տակ ու ասես՝ կներեք։ Ո՞վ է քեզ ներելու, ո՞նց է ներելու։ Դա նույնն է, որ 15 թվի ցեղասպանությունից հետո Թալեթն ու Էնվերը, վեր կենային, ասեին՝ կներեք, հայե՛ր։ Դու ներում չունես, երբեք ու ոչ մեկի կողմից։ Դեռ կյանք չմտած մեր տղերքի մահվան համար մենք չենք ների, և մենք իրավունք չունենք ներելու ոչ մեկի փոխարեն։ Էն մարդիկ չեն ների, որոնք 22 տարի շարունակ կոպեկ-կոպեկ հավաքել էին գումար, Արցախ կառուցել ու դու միանձնյա որոշեցիր ու տվեցիր թուրքին։ Քո ներողությունը ոչինչ հետ չի բերի ու վերաբերմունք քո նկատմամբ չի փոխի։

Կարճ ասած՝ Նիկոլը վերջացած է, նա գնում է, դրանում էնքան վստահ եմ, որ անգամ քննարկելու հարց չէ։  Փաշինյանը ցույց տվեց, որ ինքը չկա, ցույց տվեց, որ իշխանություն չունի, նա ժողովրդի որևէ աջակցություն չունի։ Նա ոչ մի պարագայում, անգամ հրաշքի դեպքում շարունակել չի կարող։ Էլի մի օր մնալու տրամաբանությամբ մի քիչ հույս ունի մնա, բայց մնալ էլ չի կարող։ Բայց նա նաև լուծում չի առաջարկում։ Նա չունի լուծում։ Նա ուզում է մնալ, բայց չգիտի՝ մնալու է, որ ի՞նչ անի։ Բայց նրա մեկ օր ավելի մնալը երկրի համար նոր տառապանք ու ձախողում է։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ