19 02 2021

«Կարճ ասած»․ Ո՞վ սպանեց մեր տղերքին․ ովքե՞ր են լինելու հաջորդները



 

Մի սարսափելի պատմություն․ մի քանի օր առաջ բացահայտվեց ծանր հանցագործություն, որը անհնար է որևէ արդարացում ունենա։ Օրերս բողոքի ակցիա էին անում անհետ կորածների և գերիների հարազատները․ նրանք ահազանգում էին, որ տղաները կապ են հաստատում, հայտնում են գտնվելու վայրի մասին, մեր իշխանությունները ոչինչ չեն անում, և հետո գտնում են էդ տղերքի սպանված մարմինները։

6 զինվոր, որոնք պատերազմի ժամանակ հայտնվում են Ադրբեջանցիների թիկունքում։ Նիկոլի՝ կապիտուլյացիա ստորագրելուց հետո դեռ 50 օր նրանք անտառներում են ապրում։ Ինչ-որ կերպ կարողանում են հեռախոսային կապ հաստատել հարազատների հետ, ասել, որ ողջ են։ Հարազատները գալիս ու հանդիպում են Փաշինյանին։ Նա, ուշադրությամբ լսում է այդ՝ կինոյի սցենարի նման պատմությունը, բայց փոխանակ անմիջապես կազմակերպի փրկության օպերացիան, կանչում ու հարցնում է իր օգնական Նաիրի Սարգսյանին, թե՝ «հնարավո՞ր ա հիմի սաղ մարդ լինի անտառներում, ի՞նչ են ուտում էս ցրտին...»։ Սա էլ, թե՝ չէ։

Նիկոլը ծնողներին ասում է, որ աննպատակահարմար է որոնողական աշխատանքներ անելը, ձև չի՝ սաղ մնացած լինեն։ Պատկերացնո՞ւմ եք։ Սա ասում է վարչապետի աթոռին նստած մարդ, ասում է այդ կորած-մոլորված, բայց հնարավոր է՝ կենդանի մնացած զինվորների ծնողին։

50 օր էդ տղերքը թաքնվում են անտառում, ու 2020 թվականի դեկտեմբերի 27-ին ադրբեջանցիները նկատում ու սպանում են նրանց։ Այդ զինվորների անուններն էլ կան, հայտնի են՝ Ալբերտ Ստեփանյան, Սամվել Սամբատով, Սասուն Պետրոսյան, Կարեն Ներսիսյան, Հայկ Հարությունյան, Գրիշա Գրիգորյան։ Ահա, այս տղերքն են։

Հիմա ինձ ասեք, ո՞վ սպանեց նրանց, ո՞վ էր պարտավոր տեր կանգնել, ո՞վ թողեց անտեր, ե՞ս, դու՞ք, ծնողնե՞րը, թե՞ Նիկոլը։ Դուք կորցրեցիք ձեր տղերքին, մենք կորցրեցինք մեր եղբայրներին, որովհետև Նիկոլն ու օգնականը կարծում էին, որ դժվար թե մի բան գտած լինեն ուտելու համար։ Արի ու տես, որ գտել էին։

Դիահերձումից հետո Սասունի ստամոքսում կաղին, մասուր ու խոտ է եղել։ Պրոսպեկտում խորոված անող Նիկոլը չի պատկերացնի, որ հնարավոր է՝ կաղին ու մասուր ուտելով ապրեն։ Էդ տղերքի ապրումները պատկերացնում ե՞ք, 50 օր սովից հյուծված, վախը սրտներում հույսով սպասել են, որ պետությունը կփրկի իրենց, իսկ նրանց սպանեցին Նիկոլի կիրթ ու կառուցողական Ալիևի հատուկջոկատայինները։

Էս տղերքը կարող էին ողջ մնալ, փրկվել, նրանք զոհվել են այսպես ասած՝ խաղաղությունից հետո։ Հիմա ասեք՝ բա սա դավաճանություն չէ՞, գերագույն գլխավորի դավաճանությունը չէ՞  զինվորի հանդեպ, ում ինքն անձամբ էր կոչ անում գնալ և կռիվ տալ։ Գնացել է, կռիվն էլ տվել է, հնարավոր է՝ կռիվ էր տալիս այն հատվածում, որը իր գերագույն գլխավորը ստորագրությամբ հետո հանձնել է, էդ տղերքին էլ չի վերադարձրել, թողել է անտեր՝ ինչ կլինի, կլինի։

Բա սա դավաճանություն չէ՞, արդյոք, այն ծնողներ նկատմամբ, ովքեր այդ տղերքին մեծացրել են ու տվել են հայրենիքի զինված ուժերին՝ իմանալով որ մեջքների երևում պետություն կա, վարչապետ կա։ Դու գերագույն հրամանատար ե՞ս ու թողնում ես, որ զինվորդ սպանվի՞, որովհետև չես հավատում, թե կարող է անտառում ուտելու բան գտնել կամ ցրտից պատսպարվե՞լ։ Ընդամենը քո ու քո բանակ չծառայած օգնականի կարծիքով՝ հնարավոր չէ։ Իսկ գուցե նրա համար, որ չգիտեի՞ր էլ ինչ անեիր, ոնց կարող էիր բերել։

Սա որևէ ուղեղում չտեղավորվող պատմություն է։

Հարց եմ տալիս ձեզ, բոլորիդ, ովքեր նոյեմբերի 9-ից հետո հանդուրժում են վարչապետի աթոռին նստածի գործունեությունը, ովքեր տանից դուրս չեկան հրապարակ, որ քշեին դրան․ հարց եմ տալիս՝ եթե րաժարական տված լիներ ու ցանկացած մեկը լիներ իր փոխարեն վարչապետ, քանի՜-քանի էսպես տղերքի հետ կբերեինք, չէ՞ր բերի հենց էս մեր տղերքին։ Ես վստահ եմ՝ ով էլ լիներ իր տեղը, անմիջապես բոլոր ուժերը կներդներ, սաղին կխառներ իրար, տո կզանգեր էլ Մուրադովին, էլ Պուտինին, ում կարողանար կզանգեր, լավագույն հատուկջոկատայիններին կհանձնարարեր ու հետ կբերեր։

Ասում ա՝ պատերազմը դադարեցրել եմ, որ 30 հազար հոգու փրկեմ, ու որոշ մարդիկ դեռ ասում են՝ Նիկոլը մեզ փրկեց, եթե չլիներ՝ ամբողջ զորքը կկոտորվեր։ Հարգելիներս, 30 հազար հոգու փրկողը 6 հոգու չկարողացավ փրկել, ինչի՞ց եք խոսում դուք, ինչո՞ւ եք ուտում այդ մարդու էժան կտերը։

Փետրվարի 20-ին, ժամը 3-ին հանրահավաք է Ազատության հրապարակում։ Նրանք, ովքեր մինչ այս տատանվում էին՝ մասնակցել, թե ոչ, արդյո՞ք հիմա, էսքանից հետո, էսքանը լսելուց ու իմանալուց հետո դեռ կամ ու կացի մեջ կլինեն։ Արդյո՞ք որևէ մեկը կասկածում է, որ պետք է գնալ ու օգնել սրանց քշելուն։ Բեմին կանգնած մի հոգու անուն տվեք, շարժմանը սատարող մի հոգու անուն տվեք, որն ավելի վատն է, քան Նիկոլը։ Չկա այդպիսին։

Պետք է գնալ Ազատության հրապարակ՝ թեկուզ հենց մեր այս 6 տղերքի համար, որոնք սպանվեցին, որովհետև նա, ով պարտավոր էր իրենց վերադարձնել, որոշում է որ նպատակահարմար չէ։ Նիկոլ, ինչի՞ց որոշեցիր, որ դու արժանի ես ապրելու, իսկ իրենք չէ, ինչի՞ց որոշեցիր, որ քո տղային պատերազմում պետք է հսկեին ախրաննիկներ, իսկ այս տղերքը պետք է անտեր մնային ու նպատակահարմար չէ, նրանց համար որոնողական աշխատանքներ անել։ Քո տղայի դեպքում է՞լ այդպես կվարվեյիր։ Ինչի՞ց որոշեցիր, որ էսքանից հետո պիտի մնաս, մնաս որ ի՞նչ անես, ո՞ւմ եք պետք, դու, քո օգնականը։

Իշխանությունը պետք է գնա, ժողովուրդ, որ դուք ապրելու շանս ունենաք, որ մեր երկիրը մնալու շանս ունենա։ Հանրահավաքին գալու են ոչ միայն որդեկորույսները, գալու են ոչ միայն  գերիների հարազատները, ոչ միայն տները կորցրածները, հայրենիքը կորցրածները, գալու են նրանք, ովքեր ազատվել են աշխատանքից, քանի որ Նիկոլին դավաճան են անվանել, ու սրանք, որ առավոտից իրիկուն բարբաջում են խոսքի ազատության մասին, չեն հանդուրժում մի թթու խոսք իրենց հասցեին։ Հանրահավաքին գալու են նրանք, ովքեր աշխատանքը կորցրել են համավարակի պատճառով, Նիկոլի սադրած պատերազմի պատճառով։

Գալու են նրանք, ովքեր սոված են մնացել աշխատանքը կորցնելու արդյունքում, իսկ Նիկոլը նրանց ամեն անգամ թվերով է կերակրում, թե՝ դու սոված ես, բայց ոչինչ, ես 600 հազար ՀԴՄ ավել եմ տպել։ Հանրահավաքին գալու են բոլոր նրանք, ովքեր չեն կարողանում գնալ արտերկիր աշխատելու, բոլոր նրանք, ովքեր քրեական գործերի մեջ են, քանի որ Նիկոլի իշխանությունն ուզում է ազատվել իրենցից կամ լռեցնել։

Հանրահավաքի կգան բոլոր նրանք, ովքեր ուզում են պետություն ունենալ, ովքեր Հայաստանի արժանապատիվ քաղաքացի են իրենց համարում։ Ես լինելու եմ հրապարակում, ես չեմ ուզում, որ իմ ու քո կյանքը փրկելը աննպատակահարմար համարողը ղեկավարի երկիրը, որում ապրում եմ ես ու դուք։ Նա պիտի գնա, նրա հետ մենք չունենք ոչ մի կոմպրոմիս։ 0 հեղինակություն ունեցողին երկար հանդուրժել չի լինում, կյանքեր է արժենում, բառի բուն իմաստով։ Ժողովուրդ, դու պետք է գաս, որովհետև դու ես որոշողը, դե արի որոշի։ Իշխանություն չկա, փողոցի աղբամանում ընկած է իշխանությունը, արի տեր կանգնի երկրիդ։

Ես համարում եմ, որ միայն հանրահավաքին եկողները, էս իշխանության դեմ պայքարողներն են, որոնք անուն առ անուն կարող են հպարտանալ, որ իրենք պատմության մեջ են մնացել, իրենք փրկել են Հայաստանը։ Բոլորդ մնալու եք պատմության մեջ, մի մասը հայրենիքը փրկած հերոս, մյուս մասդ՝ Նիկոլին սատարող, այ էն 6 տղերքին դավաճանած։ Լռությունն էլ է դավաճանություն, կողքի քաշվելն էլ է դավաճանություն։ Դուք՝ յուրաքանչյուրդ, վաղը պետք է կարողանաք պատասխան տալ, ձեր զավակներին, ձեր թոռներին, նրանց, ովքեր հարցնեն, թե դու ի՞նչ էիր անում, որ Ղարաբաղը ծախեցին, ճանապարհները տվեցին թուրքերին, Հայաստանն էլ կորցրեց պետականությունը։ Պիտի ասելիք ունենաս, ոչ թե արդարացում։ Պիտի իրավունք վաստակես քո խնջույքներում հայրենիքի կենացը խմելու։

Իմացեք՝ եթե Նիկոլը մնա իշխանության, դուք լքելու եք ձեր տունը։ Այնպես, ինչպես տունն ու գյուղը լքում են Դավիթ Բեկի բնակիչները, Շուռնուխի բնակիչները։

Կարճ ասած՝ մենք պետք է հավատանք մեր կորցրած հայրենիքը հետ բերելուն, պետք է հարգենք մեր զոհերի հիշատակը, պետք է հարգենք մեր փախստականներին և օգնենք նրանց, պետք է օգնենք վերադարձնել մեր գերիներին, պետք է օգնենք աշխարհում մեր նկատմամբ բացասական ֆոնը փոխել դրականով, պետք է հասնենք նրան, որ մեզ էլի հարգեն, մեր կապերը վերականգնենք մեր ռազմավարական գործընկերոջ հետ, մեր բարեկամ երկրների հետ։

Մենք պետք է օգնենք մեզ ապրել, մեր տնտեսությունը վերակենդանացնել, որ չգնանք այստեղից։ Բայց էդ ամենի համար մենք պետք է գնանք հրապարակ, լինենք վճռական և վճռականություն պահանջենք հանրահավաքը ղեկավարողներից։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ