Մեկ տարին կլրանա, որ Հայաստանն ապրում է արտակարգ դրության պայմաններում։ Դրանից 5 ամիսը, ընդ որում, ապրում է նաև ռազմական դրության պայմաններում։ Երեք ամիս է, որ ռազմական իրավիճակ չկա։ Արդարադատության նախարարն ասում է՝ հենց ռազմական դրությունը պահպանելու հիմքերը վերանան, անմիջապես ռազմական դրությունը կվերացվի։ Իսկ ի՞նչ հիմք։ Ասացեք տեսնեմ, ռազմական դրության ո՞ր կոմպոնենտը կա՝ ո՛չ պատերազմ կա, Նիկոլն ասում ա՝ խաղաղություն եմ բերել, ո՛չ Հայաստանի Հանրապետության տարածքի ռմբակոծում կա կամ զինված ուժերի վրա հարձակում։ Պատերազմը վերջացել է, պատերազմող կողմերից մեկը՝ Ադրբեջանը, դեկտեմբերի 12-ին արդեն հանել է ռազմական դրությունը։ Պատերազմից հետո պահեց ևս մեկ ամիս ու հանեց։ Դուք ինչո՞ւ եք պահում, եթե ռազմական գործողություն չկա։ Ոչ էլ հարձակվում եք Ադրբեջանի վրա, որ արդարացնեք ռազմական դրությունը։ Պաշտպանության նախարարությունն ամեն օր ասում է, որ միջադեպեր չկան։ Հողերն ու գյուղերը տալիս եք առանց կրակոցի, առանց հակադրվելու, առանց զորքի։ Հայտարարել եք ռազմական դրություն ու կտոր-կտոր տալիս եք երկիրը։
Էս իշխանությունն արտակարգ ու ռազմական դրությունների պարագայում բազմաթիվ անգամներ խախտել է քաղաքացիների իրավունքները՝ էլ ծեծի ենթարկելով, էլ բերման ենթարկելով, տուգանելով, ազատ տեղաշարժը խոչընդոտելով։ Ու գիտե՞ք որն է զարմանալին, որ էս ամենի նկատմամբ անտարբեր է, թքած ունի այսպես ասած՝ քաղաքակիրթ աշխարհը, արևմտյան երկրների դեսպանատները։ Նրանք, որ մի չնչին բանի համար մինչև 2018 թվականը հոշոտում էին իշխանություններին ու զեկույցներ կազմում, ասուլիսներ տալիս, հիմա աչք են փակում այս իշխանության բոլոր ստորությունների վրա։ Իրենց թողնեն՝ միայն բոլորին դասեր կտան, ամոթանքներ և այլն, կյանք կսովորեցնեն։ Բա ուրե՞ք հիմա, ինչու՞ ձայններդ դուրս չի գալիս։ Մի օր չտեսանք՝ ասեն այս իշխանությունը, Փաշինյանը, խախտում է այսինչը, այնինչի անմեղության կանխավարկածը, դատարանների վրա ճնշումները, մարդկանց իրավունքները և այլն և այլն․ ինչքան ուզեք՝ կթվարկեմ։ Հայաստանի ոչ մի, կրկնեմ՝ ոչ մի ղեկավար այսքան իրավունքներ չի խախտել, որքան սա, բայց այ հենց էս մեկի արածներին դուք՝ հարգելի դեսպաններ, չեք արձագանքում։ Պարզից էլ պարզ է, որ այս սահմանափակումները խեղդող պարան են երկրի համար։
Այսքան ժամանակ տեսանք միայն բրիտանական մի կազմակերպության ընդամենը զեկույց այն մասին, որ Հայաստանը ժողովրդավարության առումով հետ է գնացել ու նաև նշում են, որ ռազմական դրությունը էապես սահմանափակել է քաղաքացիների ազատությունները և պատերազմից հետո էլ պահպանվում է, որը պատճառ է հակակառավարական ցույցերը ցրելու, ընդդիմադիր առաջնորդներին ձերբակալելու համար։ Բրիտանական դեսպանատունը լռեց իրենց երկրում կազմված զեկույցի մասին ևս։
Ամեն երեքշաբթի մեր երկրում դատական նիստ է Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով․ զահլա տանող դատ է։ Այսօր էլ դատարանը մերժեց գեներալ-գնդապետ Խաչատուրովի խափանման միջոցը վերացնելը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրեթե 2 տարի կալանքի տակ պահեցին, երեք տարի քաշքշուկի մեջ է իմ երկրի նախկին նախագահը։ Դատախազները գիտե՞ք ինչի համար են նրան մեղադրում՝ 2008 թվականին 21 օրով արտակարգ դրություն մտցնելու հրաման ստորագրելու համար։ Միայն Երևանում, 21 օրով։ Այն արտակարգ դրության ռեժիմը, որը, նշեմ, ի սկզբանե կիսատ էր մտցված, իսկ կեսից էլ վերացվել էր․ ա՛յդ արտակարգ դրությունը։ Այդ մեղադրանքում մահեր, սպանություններ չկան, ոչ մի նման բան չկա․ միայն այդ ռեժիմը մտցնել է։ Քննում են՝ իրավունք ունե՞ր, արդյոք, նախագահը մտցնելու, թե՞ ոչ։
Դա է։ Նախագահը ասում է, որ դա իր սահմանադրական լիազորությունն է, անգամ Ազգային ժողովն է այդ ժամանակ հավանություն տվել, դատախազներն էլ ասում են թե, չէ, իրավունքը ուներ, բայց իրենց դիտարկմամբ՝ այլ նպատակով է մտցվել, այլ ոչ՝ զանգվածային անկարգությունները կանխելու։
Նիկոլը մի տարի արտակարգ դրություն է մտցրել, ունեցել ենք շուրջ 4 հազար մահ ու շատերիս կարծիքով՝ արտակարգ դրությունը որևէ կերպ չի ազդել, որ չմահանան, 5 ամիս ռազմական դրություն է մտցրել, ունեցել ենք 5 հազար զոհ, բայց ռազմական դրությունը չի ազդել, որ չզոհվեն, մի գուցե նպաստել է, ո՞վ գիտի, բայց Փաշինյանը պահում է այդ ռեժիմը ուժի մեջ։ 2008 թվականին, երբ մտցվում էր արտակարգ դրություն, կար զանգվածային անկարգություն, ջարդ ու փշուր, թալան, մոլոտովի կոկտեյլներ, Քլոյան Սարգիսի նմանները քարեր էին շպրտում ոստիկանների վրա, եղան հարյուրավոր վիրավորներ ոստիկաններից, զոհեր, ու արտակարգ դրությունն օգնեց, որ անկարգություններն ու մահերը չշարունակվեն, քաղաքացիական պատերազմ չլինի։ Հիմա, այս օրերին ինչի՞ն է օգնում, ո՞վ կբացատրի։ Դուք չեք կարողանում մատնացույց անել, թե Ռոբերտ Քոչարյանի՝ 2008 թվականի որ որոշում կամ գործողությունն է եղել անօրինական, բայց մենք տեսնում ենք, որ որևէ հիմք չկա ու դու պահում ես այդ արտակարգ ու ռազմական դրությունը մեր երկրում։ Սա սահմանադրական կարգի տապալում է ամեն օր։ Իսկ որ անհիմն է, դա հաստատ է։
Ես մտածում եմ, որ այս ամենը արվում է միայն մեկ նպատակով՝ իշխանությունը պահելու։ Քանի դեռ երկրում ռազմական դրություն է, խորհրդարանը իրավունք չունի քննարկելու Նիկոլ Փաշինյանին պաշտոնից ռադ անելու հարց։ Հենց չեղավ, հաջորդ օրը էդ հարցը օրակարգում է լինելու։ Նիկոլն իր թիմին անգամ կասկածում է ու համոզված է, որ հենց հրաժարականի հարցը մտավ խորհրդարան, իր թիմ կոչվածը բաժանվելու է երկու մասի ու հոշոտեն իրեն։ Եվ ուրեմն, այսպես ինքն իր իշխանությունն է պահում։ Ահա և ձեզ սահմանադրական կարգի տապալման դասագրքային օրինակ, պարոնայք դատախազներ։ Ուսումնասիրեք բա, ինչո՞ւ է Ադրբեջանի ժողովրդին սիրելի՝ Փաշինյան Նիկոլ անունով վարչապետը, պահպանում այդ արտակարգ ռեժիմները, միգուցե իշխանությունը լեգիտիմ ճանապարհով չհանձնելու՞։ Բա մի հատ ուսումնասիրեք, ինչո՞ւ եք Քոչարյանի գործով թիթեռ նկարում, ո՞ւմ է դա այսօր հետաքրքիր։ Ո՞ւմ է պետք՝ նախագահի 13 տարի առաջվա ընդամենը մի հրամանի օրինակա՞ն էր, թե հիմքերը թույլ էին, ո՞ւմ է դա վնաս տվել․ մարդը կանխել է քաղաքացիական պատերազմը, սրա՞նք ինչն են կանխում, իրենց ստորացու՞մը, որ կմնան առանց պաշտոնի ու եկամտի՞։ Ինչն է կանխում իր մտքում Ռուստամ Բադասյանը կիմանա և վստահ եմ՝ Սորոսի գրասենյակը։ Ալիևն էլ հեռվից նայում-ուրախանում է։
Ամեն օր շատանում է այս իշխանությունից քաշվածների ու բողոք արտահայտողների թիվը, հենց իրավիճակը ծանրանա, կարող է ռազմական դրության օրենքում լրացում անել ու այդ բողոքի ակցիաները ճնշել։ Կան նաև տեղեկություններ, որ ՊՆ-ում աշխատանքից ազատումների բազմաթիվ զեկուցագրեր կան, սպաները բողոքում են դավաճանության դեմ, և քանի դեռ ռազմական դրությունը չի հանվել, պարտավոր են աշխատանքից դուրս չգալ։
Նիկոլն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ցանկացած քայլի՝ Ճնշել, լռեցնել, տուգանել, խուզարկել, գործեր հարուցել, հավատարմագրումներից զրկել, պատվեր տալ։ Այդպես է իշխանության գալու հենց հաջորդ օրվանից սկսած։ Առաջ միայն Նիկոլին ու մի քանի հոգու էր հայտնի, թե ինչու է երկարացնում ռազմական դրությունն ու արտակարգ դրությունը, հիմա բոլորին է հայտնի։ Ի միջի այլոց, ռազմական դրություն մեր երկրում չի եղել ո՛չ արցախյան առաջին, ո՛չ ապրիլյան պատերազմի ժամանակ։ Որովհետև էն ժամանակ իշխանությունը պատերազմ էր մղում, չէր մտածում իշխանությունը ատամներով ու եղունգներով ճանկռելով պահելու մասին։ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ ռազմական դրություն են պահել ու արտակարգ դրություն մեկ պատճառով՝ իշխանության պահպանման։
Կարճ ասած՝ Հայաստանում չկա արտակարգ դրության ռեժիմը պահելու հիմք, բայց կա արտակարգ իրավիճակ․ կան գործակալներ, այդ թվում՝ թուրքի, այդ թվում՝ պետության բարձր պաշտոններում, կա ծախած հայրենիք, կան ոչ կոմպետենտ մարդիկ բարձր պաշտոններում, ապրում են ամեն օր հայհոյանքի տակ։ Այո՛, արտակարգ իրավիճակ է, բայց դա ոչ թե հիմք է արտակարգ դրության կամ ռազմական դրության, այլ պատճառ է, որ մարդը վեր կենա ու դրանց բոլորին քշի երկրից։
Մենք մեկ տարի ապրում ենք այս սահմանափակումների խայտառակ պայմաններում մեկ պատճառով՝ ունենք վախկոտ իշխանություն, աթոռներից կառչած իշխանություն։ Կամիկաձեների թիմ, որը քրեական օրենսգրքում իր մասին հոդվածներ է ավելացնում՝ ցմահ նստելու ելքով։
Այս ամենը աչքի առաջ ունենալով, հարգելի դեսպաններ և ադատախազներ, ձեր լռությունն ու անգործությունը ինչպե՞ս հասկանանք, կարող է՞ դուք էլ եք պարտադրված էս ծրագրի մաս։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը