22 12 2020

«Կարճ ասած»․ Եկել է Նիկոլին ընտրողների՝ սխալն ուղղելու ժամանակը



 

Առիթ ունեցել եմ նշելու, որ Փաշինյանը չունի պարտքի կամ պատասխանատվության զգացում, ամոթի զգացում, թասիբ, սրբություն։ Ամբողջ հրապարակը լեփ-լեցուն է, մարդիկ հրաժարական են պահանջում, տարբեր կողմերից միջպետական ճանապարհներ են փակում նույն պահանջով, ժողովուրդը ոտքի է ելել, որովհետև չի կարողանում հաշտվել անհաշտվելիի հետ՝ դավաճանության, հայրենիքի կորստի։ Իսկ նա ասում է՝ փողոց են ելել այն մարդիկ, որոնք մինչև 2018 թվականը ունեցել են արտոնություններ, 2018 թվականից հետո՝ չունեն։ Ահա այսպես պարզունակ․ իսկ որ մարդիկ կարող են պայքարել իրենց արժանապատվության համար, ըստ իրեն, անհնար է: Այսօր Վանաձոր-Երևան մայրուղին փակողները ի՞նչ արտոնություն են ունեցել, ԵՊՀ, բժշկականի ու մյուս բուհերի դասախոսները, ուսանողները ի՞նչ արտոնություն են ունեցել, 700-ից ավելի փաստաբանները․․․ Լավ, եթե մեր երկրում հարյուր հազարավոր մարդիկ արտոնություն ունեն, էլ ինչի՞ են ցույց անում։ Լավ, կաթողիկոսներն ի՞նչ արտոնություն են ունեցել, որից դու իբր զրկել ես ու քեզ քննադատում են, կոչ են անում հրաժարական տաս։ Սփյուռքի հարյուրավոր կառույցները, որ քո հրաժարականն են պահանջում ի՞նչ արտոնություն են ունեցել, ա՛յ խելոք։ Դո՛ւ ես նրանցից գումար մուրում, աջակցություն մուրում։ Մի քիչ էլ պետք է հասկանալ էլի, թե ինչ եք խոսում, էդ անտեր ուղեղը առաջին հերթին աշխատացնելու համար է։ Այսինքն, ուզում եք ասել, որ Սյունեցի սահմանամերձ գյուղի բնակիչը, որ քո պատճառով տուն-տեղ կորցրել է, իր տունը վառել է, որ ադրբեջանցին չգա-վայելի իր կառուցածը, քո դեմ բողոքի ցույց է անում, զրկվել է արտոնությունի՞ց դրա համար է բողոքո՞ւմ։ Դու Հայաստանի քաղաքացու՝ Հայաստանում տուն, տանիք ունենալը համարում ես արտոնությո՞ւն։ Փաշինյանը ստում է լկտիաբար։ Բայց նաև անշնորհակալ է։ Որովհետև նույն մարդիկ, որոնք այսօր իր դեմ ցույց են անում, մեծամասնությունը 2018-ին էլ էր ցույց անում, բայց Սերժը չէր հայտարարում, թե ունեցել են արտոնություն, զրկվել են, կամ 5000-ով ցույց անողներ են։ Նույն մարդկանց էն ժամանակ օգտագործում էիր ու ասում էիր ժողովուրդ, հիմա դարձան նախկինի արտոնյալնե՞ր։ Մարդիկ ցույց են անում, որովհետև կարծում են որ նախ դավաճանել ես իրենց, հայրենիքը ծախել ես, բացի այդ՝ խաբել ես, անընդհատ խաբել ես, խորապես հիասթափվել են քեզանից։

Սրանից երկու, երկուսուկես տարի առաջ շատերը կային, որ հպարտորեն ասում էին՝ ես հեղափոխություն եմ արել, փոփոխություն եմ արել երկրում, իրենց ֆեյսբուքի էջը Փաշինյանի ֆոտոյով էր, իր հետ սելֆի կամ դուխով գրառումներ։ Հիմա էդ ֆոտոները հանել են, որովհետև արդեն ամոթի նշան է, ձախորդության ու դավաճանի նշան է։ Հիմա չեն ասում հեղափոխություն ենք արել, ասում են՝ Նիկոլի համար քայլել ենք։ Բայց մեկ է՝ իրենք էլ հասկանում են, որ փոշմանելը պատասխանատվությունից իրենց չի ազատել, պատասխանատու մարդիկ դա հասկանում են, քո պես չեն։ Պետք է նաև հրապարակայնորեն դնել քաղաքացիական պատասխանատվության հարցը։

Այնպես չէ, չէ՞, թե մենք մի օր արթնացանք ու տեսանք, որ մինչև կոկորդը կեղտի ու ստի մեջ ենք։ Ոչ։ Մենք դրա համար հսկայական ճամփա անցանք։ Արցախը չհանձնվեց նոյեմբերի 9-ին, Սյունիքի կարևոր բարձունքները չհանձնվեցին դեկտեմբերի 18-ին։ Այդ հողերը հանձնելու համաձայնությունը կայացվեց 2018թ․ մայիսի 8-ին, Հանրապետության հրապարակում, հաստատվեց նույն թվականի դեկտեմբերի 5-ին՝ քվեատուփի մոտ։

Նախկին հպարտ քաղաքացի, դու մեղավոր չես առաջին անգամ խաբվելու համար, բայց այ երկրորդի համար քեզ դժվար է ներելը։ Ես չեմ ասում փոփոխություններ պետք չէին, ո՛չ պետք էին, բայց՝ խելամիտ փոփոխություններ, խելքո՛վ, ու ոչ մի դեպքում՝ անխելք դուխով։ «Մերժիր Սերժին» կարգախոսը «Նիկոլ Վարչապետ»-ով փոխելու համար պետք է ձեր մասով պատասխանը տաք։ Այո՛, ժողովուրդ, դուք խաբվել եք, բայց խաբվել եք մի քանի անգամ, իրար հետևից։ Նիկոլը եկավ իշխանության մայիսին, իրար հետևից խոստումներ էր տվել, որ հեսա էս մի բանը անելու եմ րոպեների ընթացքում, մյուսները՝ օրերի, հիշու՞մ եք։ 7 ամիս անց, երբ որևէ արդյունք ցույց չէր տվել, ավելին, որոշ դեպքերում խոստացածի հակառակն էր արել, ժողովրդի անվան տակ 2 միլիոն դոլարով տուն էր վերանորոգել, 700 հազար դոլարով Ամերիկա էր թռել ու քամուն էր տալիս բյուջեյի փողերը, դու նորից իրեն ընտրեցիր։

Ժողովուրդ ջան, քեզ խաբեցին, բայց դու թույլ տվեցիր, որ քեզ խաբեն, չէիր ցանկանում ոչ մեկի լսեիր։ Էն մարդիկ, որոնք 2018թ․ ապրիլին հավաքվել էին, օրինակ՝ մշակույթի նախարարության դիմաց ու Արմեն Ամիրյանի հրաժարականն էին պահանջում, նրանց մեջ են իմ շատ դերասան ընկերներ՝ Արմենը, Մարատը, Էդգարը, գոհ եղա՞ք Մակունցից, հետո՝ Արայիկ Հարությունյանից։ Ոչ։ Իսկ ինչո՞վ արտահայտվեց ձեր դժգոհությունը, քանի՞ անգամ բողոքի ցույց արեցիք։ Նրանք, ովքեր Արփինե Հովհաննիսյանի հրաժարկանն էին պահանջում ու Լենա Նազարյան բերեցին, գոհ ե՞ք։ Դուք, որ Բաթոյան Զառա բերեցիք, շիշ բռնողների շարք բերեցիք, գո՞հ եք։ Մարդիկ, որ վարչապետ Սերժ Սարգսյանին, կամ Կարեն Կարապետյանին փոխեցիք վարչապետ Նիկոլ Փաշինյանով, գոհ ե՞ք, ի՞նչ է, ավելի լավ վարչապե՞տ ունեցաք արդյունքում։ Ասում էիք՝ կարևորը՝ մեր ձայնն արդեն անցողիկ ա, պահանջատեր ենք։ Կար՞ղ եք ասել՝ ձեր ձայնով քա՞նի խնդիր է լուծվել մեր երկրում։ Պահանջեատերը ո՞րն էր, որ գնաց-գոռաց մերժիր Սերժի՞ն, թե պահանջատերը նրանք էին լինելու, որ Սերժին մերժելուց ու ուրիշին բերելուց հետո ամեն օր վզից բռնեին ու ասեին՝ արի՛ ինձ խոսք տվածդ արա։ Քո արածը պահանջատիրություն չէր, արկածախնդրություն էր, անպատասխանատվություն էր։ Դրա արդյունքում 10 տոկոսանոց տնտեսական աճը փոխվեց 9 տոկոս անկմամբ։ Իրականում հպարտ հաղթանակած երկիրը դարձավ, պարտված ու ստորացված երկիր։ Դուք ձեր որշմամբ ձեզ աղքատացրել եք, խաբվել եք։

Ի վերջո, պետք է պատասխան տաք Շուշիի համար, Հադրութի համար, Զանգելանի համար, Ջեբրաիլի համար, Սուրբ Ղազանչեցողի ու Դադիվանքի համար, Տիգրանակերտի համար։ Պետք է պատասխան տաք Աշոտի, Վարդանի, Հրաչի, Գարիկի ու մեր լուսավոր 5 հազար տղերքի համար։ Պետք է պատասխան տաք անտուն ու սոված մնացած երեխեքի համար, տարեցների համար, որ կյանքի վերջին տարիներն ապրում են ու ապրելու են թափառականի կյանքով, ու իրոք այդպես էլ կլինի եթե օր առաջ չսկսենք ճիշտ որոշումներ կայացնել, ամենքս մեր մասով։ Չեք կարող ասել՝ սխալվեցի, կներեք․ չէ, սա խանութ չէ, որ սխալվես շորի ընտրության մեջ։ Քո սխալը կործանել է մեզ, հայրենիք է արժեցել, կյանքեր է արժեցել։ Ցավոտ բաներ եմ ասում, բայց դա՛ է իրականությունը։

Կարո՞ղ եք բացատրել, թե ոնց է լինում, որ Արցախցին, որը չէր մասնակցել այստեղի հեղափոխական գործընթացներին, իր համար իր տանը ապրում-աշխատում էր, քո ընտրության պատճառով կորցրեց տուն ու տեղը, ամեն ինչ, հայրենիք ու դարձավ թափառական։ Ինչո՞ւ։ Արդա՞ր է, որ քո վատ ընտրության պատասխանը նա տվեց։ Քո ընտրության համար ինչո՞ւ պետք է իմ հարազատները Գեղարքունիքում թուրքին հարևան դառնան։ Ինչո՞ւ պետք է քո սխալի պատասխանը տա իմ ըկերոջ 18 տարեկան տղան, էն ընկերոջ, որ ամեն օր ասում էր՝ ժողովուրդ, սա կործանման ա տանում երկիրը, իսկ դու անտարբեր ես։ Նա գնաց-նահատակվեց, իսկ դու էլի շարունակում ես նույնությամբ ապրել։ Նա իր կյանքով հատուցեց քո սխալ ընտրությունը։ Այո, ես կարծում եմ որ պարտավոր եք, պատասխան տալ, որ էլ սխալ ընտրություն չանեք։

Անընդհատ ականջիս է՝ «մենք հեղափոխություն ենք արել»-ը։ Լո՞ւրջ, ձեզ հիմա էլ է թվում, թե դուք հեղափոխություն եք արե՞լ։ ժողովուրդ։ Դուք հեղաշրջման գործիք եք եղել, իսկ այսօր, երևի կյանքում առաջին անգամ հնարավորություն ունեք հեղափոխություն անելու, արդարությունը վերականգնելու։ Այսօր, դուք առաջին հերթին պարտավոր եք ցույց տալ, որ հասկացել եք ձեր սխալը և պատրաստվում եք ուղղել այն։ Դա նշանակում է, որ պետք է դարձյալ դուրս գաք փողոց։ Էն, որ դուրս էիք եկել ու գործադուլ էիք անում, դասադուլ էիք անում, փողոց էիք անում, նույնը պետք է հիմա անեք։ Դուք որ հաստատ իրավունքը չունեք տանը նստելու, գլուխ կախելու, պետք է դուրս գաք առաջին հերթին ձեր սխալը ուղղելու։

Կարճ ասած՝ Հայաստանում բողոքի զանգվածային գործողություններ են՝ դասադուլ, գործադուլ, երթեր, տարբեր ակցիաներ։ Պահանջը մեկն է՝ իշխանությունը զավթած Փաշինյանի հրաժարական։ Ձեր պատասխանը պետք է լինի առաջին հերթին փողոց դուրս գալ, ընդունել, որ սխալվել եք, հասկանալ, որ ձեզ խաբել են։ Մյուսներն էլ են  այսօր պայքարում ձեր խաբվելու ու սխալ անելու դեմ։ Բայց դուք եք առաջինը պարտավոր դա անել, բոլորի հետ միասին։

Իմացի՛ր, ժողո՛վուրդ, Նիկոլը «գրին քարտ» ունի, ցանկացած պահի կարող է թռնել, կարկառուն սորոսական պաշտոնայաները «գրին քարտ» ունեն, նախարարներն էլ ունեն, կարծում եմ, որ տեղից չեն շարժվում․ դո՛ւ ես մնալու։ Կարո՞ղ ես ապրել, երբ կողքիդ դռանը թուրք է ապրում։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ