Ղարաբաղյան պատերազմին Թուրքիայի մասնակցության փաստի ֆոնին տարբեր երկրներում քաղաքական ու պաշտոնական գործիչներ մեկ կոչ արեցին ՆԱՏՕ-ից վտարել այդ ահաբեկչական երկրին, Եվրամիության առաջ դուռն ընդմիշտ փակել, նրան հանել տնտեսական նախագծերից, հարվածել Թուրքիային ահաբեկչական խմբավորումներ պահելու, զինելու և այլ երկրներ բերելու համար։ Հայաստանն էլ այս օրերին, իհարկե, Թուրքիային պատժելու իր քայլն արեց՝ բիզնեսի մակարդակով։ Օրինակ՝ սուպերմարկետները հայտարարեցին, որ դադարեցնում են թուրքական ապրանքների ներմուծումն ու վաճառքը, կոչ արեցին ընդլայնել ցանկը հագուստը ներառելով։ Թուրքական ապրանքները Հայաստանում լիքն են։ Մենք այդ ապրանքը գնելով՝ սննդամթերք- գյուղմթերք, հագուստ և այլն, թշնամու տնտեսությունն ենք զարգացրել, ռազմական բյուջեն ենք լցրել, դա դարձել է վարձկանի աշխատավարձ, զենք, դրանով զինվել է թուրքական ու ադրբեջանական բանակը, ու այսօր սպանում են հայերին, մեր տարածքների վրա են հարձակվել։ Թուրքիայից արած ներմուծումները տարեկան 270 միլիոն դոլարի կարգի են։ 80 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար դա մեծ գումար չէ, իհարկե։ Բայց, ամեն դեպքում, մենք էլ, ստացվում է, օգնել ենք Թուրքիային զինել իր բանակը։ Ամեն տարի մեր հայրենակիցներից քանի՞սն են գնում թուրքական հանգստավայրեր։ Հիմա՝ ուշացումով, շատ ուշացումով որոշել ենք հրաժարվել թուրքական ապրանքից։ Էլի լավ է, բայց պետք է մենք ներսում կարողանանք դրանք փոխարինել տեղական արտադրությամբ։ Տնտեսական խնդիրներ են, դրանք չեմ ուզում քննարկել, ժամանակը կգա։
Բայց արդյո՞ք թուրքական ներկրումներից հրաժարվելով հարցը համարում ենք լուծված։ Ոչ։ Թուրքական ապրանքների հրաժարումը ընդամենը մի չնչին մասն է այն քաղաքականության, որ պետք է իրականացնել։ Այսօր Հայաստանում պոտենցիալ թուրքական գործակալական ցանց կարող է նետված լինել։ Մի մասը գիտակցաբար, մի մասը՝ անգիտակցաբար, գումար աշխատելու մղումով կամ իրենց կարծիքով՝ լավ բան անելու մղումով, թուլացրել են մեր երկիրը։ Գոյություն ունեն զանազան ֆոնդեր, դրամաշնորհներ, որոնց մասնակցել են Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններ։ Ես կխուսափեմ ասել, թե դրանք բոլորը հակահայ գործունեություն են ծավալում, բայց մի մասի գործունեությունը, ինչ խոսք, պարտադիր պետք է առնվի մանրադիտակի տակ, հասկանալ՝ խորքային ինչ գործունեություն են իրականացնում։ Դրանց մի մասը այս անցած փուլում սովորաբար զբաղվել են հայ-թուրքական բարեկամության, խաղաղության պատրաստելու, հայ-ադրբեջանական մերձեցման քարոզով։
Եվրոպական միության աջակցությամբ ծրագիր է իրականացվում՝ աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գհործընթացին խորագրով։ Շուրջ 10 ՀԿ մասնակցում են դրան Հայաստանից ու Թուրքիայից։ Փորձում են քայլեր անել սահմանների բացման, մարդկային, տնտեսական ու գործարար կապերն ընլայնելու, զարգացնելու ուղղությամբ։ Երկրի պատմաբաններն ու պատմություն դասավանդողները համագործակցում են, ուզում են մեր իմացած պատմությանը այլընտրանքային պատմություն շարադրել։ Ծրագիրն օգնելու է Հայաստանում ու Թուրքիայում պատմության դասագրքերի թշնամական կերպարները փոխելուն։ Պատկերացնո՞ւմ եք, մասնակցել են ծրագրերի, որտեղ թուրքը արդեն բարեկամ է ներկայանալու։
Մեր դպրոցներում «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների դասավանդման համար ներկայացված նոր առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարը, մի քանի այլ անձանց հետ, որոնցից երկուսն ԱԺ պատգամավոր են՝ Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը, 2017–19 թվականներին թուրքերի հետ համատեղ հեղինակել են չափորոշիչներ պատմության գրքեր կազմելու համար։ Ուղեցույցներ են կազմում, որտեղ առաջարկում են Հայկական լեռնաշխարհի փոխարեն գրել Անատոլիա և Կովկաս, նրանք մեղադրում են մեզ, որ ապրիլյան քառօրյա պատերազմին անդրադառնալիս ադրբեջանցիներին մեզ թշնամի ենք համարում։
Հայաստանում գործում են հայ-թուրքական բարեկամություն հաստատելու համար աշխատող ֆոնդեր, հասարակություններին իրար ճանաչեցնելու ծրագրեր, երկխոսություններ, ճանաչողական փոխայցելություններ Հայաստան ու Թուրքիիա։ Տարբեր երկրներում, այսպես ասած՝ երրորդ երկրում տեղի են ունենում սեմինարներ, բարեկամական ինչ-որ ակցիաներ, որոնց մասնակցում են ոչ միայն թուրք, այլև ադրբեջանցի երիտասարդներ, և ինչ-որ կապեր են հաստատում, պայմանավորվում շփումները շարունակել։ Այդ ծրագրերը կամա թե ակամա, առնվազն թուլացրել են մեր զգոնությունը, ստեղծել անհիմն պատրանքներ, որն այսօր դարձել է ազգային անվտանգության խնդիր։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում իրականացնում ենք ֆոնդերի կառուցվածքային փոփոխություն՝ արխիվները հասանելի դարձնելով, ուշադրությո՛ւն՝ թուրքերին։ Հարցնում ենք, իսկ ի՞նչ է փոխվել, ե՞րբ է փոխվել Թուրքական քաղաքականությունը, որ բացում ենք դռներն ու գրկաբաց ընդունում դրանց։ Երբ որ այստեղ որոշ մարդիկ հայտարարում են, որ պետք է ռուսական ռազմաբազան հանել, այն դեպքում, երբ այդ ռազմաբազան պաշտպանում է Թուրքիայի հետ սահմանը, չհասկանա՞նք, այդ ի՞նչ հեռահար նպատակներով են դա ասում, երբ նույն մարդիկ հայ ժողովրդի՝ իմ ու ձեր անունից հայտարարում են, որ Ցեղասպանության համար պատրաստ են ներել թուրքերին, բայց չմոռանալ, ի՞նչ նպատակով են դա անում։ Ժամանակին որ տարբեր գործիչներ զգուշացնում էին, մենք այդ թվում, անուն էին դնում՝ էլ ոչ մի թիզական, էլ ռուսահպատակ, էլ չգիտեմ ինչ, լավ գոնե այս ամենը տեսնելուց ու զգալուց հետո, այդ վայ գործիչները տեսնես խելքի կգա՞ն։ Մեր ազգային անվտանգությունը գոնե հիմա ականջալուր կլինի՞՝ այսքանից հետո, զբաղվելու այդ թեմայով։
Հարգելի իշխանություն, երբ որ դու կրճատում ես հայոց պատմության դասաժամերը, մեղադրում ես ժողովրդին, որ ադրբեջանցիներին անվանում են թշնամի, ադրբեջանցիներին սատկացրած նախագահի ու գեներալների վրա գործ ես հարուցում, էստեղ թուրքերի հետ բարեկամական ֆոնդեր ես ձևավորում ու հայրենասիրությունը սարքում ես բիզնես, թուրքերի հետ բարեկամություն քարոզողներին բերում-պետական պաշտոնյա ես դարձնում, փչացնում ես հարաբերությունները Ռուսաստանի հետ, կասկածելի կոնվենցիաներ ես վավերացնում, սա թուլացնում է քեզ, մեզ, մեր պետությունը ու թշնամու բերանը լեզու դնում։ Դու ցույց ես տալիս, որ քեզ մոտ արժեքային փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք էլ այսօր, փաստ է, որ գործել է ընդդեմ մեր պետական շահի։
Եվ այս ամենը այն դեպքում է, երբ ընդամենը մեկ տարի առաջ Թուրքիայում իրականացված հարցման արդյունքում պարզվել էր, որ 60 տոկոսը մեզ թիվ մեկ սպառնալիք է համարում։
Կարճ ասած՝ Հայաստանում մեր թշնամին խորը ցանցեր է գցել, որոնք պետք է անմիջապես կտրել։ Պետք է Հայաստանում քրեորեն պատժելի լինի Թուրքիայի հետ բարեկամական ծրագրերի իրականացումը։ Թշնամին թշնամի է, ժողովուրդ, թուրքը չի փոխվել ու չի փոխվելու։ Ուրեմն կեղծ մարդասիրությանը, այս դեպքում՝ թրքասիրությանը պետք է վերջ տալ։ Պետք է Հայաստանում, առավել ևս՝ պետական համակարգում վերջ տալ բարեկամություն մուրող գործիչների գործունեությանը, իրար հետ չայ խմելու հայտարարությունները և այլն։ Հերիք է, բոլ է, մարդկանց կյանքերի գնով, բարեկամություններ չեն հաստատում։ Սա խաղ չէ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը