27 07 2020

«Կարճ ասած»․ 930 մահ համաճարակից, զոհ սահմանին, հանգստացող կառավարություն ու «տժժացող» պատգամավոր



 

Հայաստանում վերջին 15 օրերին գրեթե ողջ ուշադրությունը սևեռված է սահմանին, որտեղից վատ նորություններ ենք լսում։ Հերթական զոհն ունենք ադրբեջանական կողմի կրակոցից։ Մյուս բոլոր խնդիրները թողել ենք երկրորդ պլան, և մտահոգված ենք անվտանգության հարցերով։ Սակայն Հայաստանի ներսում խնդիրներն այդ ընթացքում կուտակվում են, ինչպես նաև տեղի է ունենում մեր անվտանգությունը խաթարող լուրջ աղետ՝ կորոնավիրուսից արդեն ունենք 932 մահ։

Հուլիսյան շոգ շրջան է, շատերի հետ միասին երկրի վարչապետն էլ անցել է կիսահանգստի ռեժիմի, չնայած որ բոլորովին տարօրինակ է այս ծայրահեղ լարված վիճակում պետության ղեկավարի հանգիստը։ Միայն այն միտքը, որ քո խղճին ևս 932 մահ կա, դա պետք է հանգիստ չտար։ Արդեն գոնե ինձ մոտ կասկած չկա, որ կորոնավիրուսի այս վատ ելքը Հայաստանում մեր իշխանության վատ գործունեության կամ անգործության պատճառով է։ Հուլիսի 27-ի առավոտյան 11-ի դրությամբ գրանցվել է 73 դեպք, բայց նաև գրանցվել է 7 մահ։ Սա ռեկորդ է՝ քո գրանցած վարակակիրների թվի 10 տոկոսի չափ զոհ ունես։ Ի վերջո, պե՞տք է այս ամենի համար պատասխան տալ, թե՞ ոչ։ Մենք տեսնում ենք որ չկա պատասխանատվության զգացում, ավելին, իշխանությունըև հաշտվել է կորոնավիրուսի հետ, իր համար ապրում է, քեֆ է անում։ Իսկ ժողովուրդը «ճռռում» է։

Մարդկանց մոտ հարց է առաջնում շատ տեղին՝ 41 աստիճան շոգին դիմակը օգնո՞ւմ է, թե՞՝ վնասում։ Եթե վնասում է, ուրեմն ինչո՞ւ ենք դնում․ եթե օգնում է, այդ դեպքում ինչո՞ւ եք նաև դիմակ դնել-չդնելու հարցում արտոնյալներ ստեղծել։

Ամենուր, որտեղ գնում ենք ժամանակ անցկացնելու, հանկարծ հայտնվում են ոստիկաններ՝ տուգանքի ենթարկելու օրենքը, կիսալրացրած ակտը ձեռքերին։ Երևանի փողոցներում ոստիկանը մոտենում է դիմակ դրած անձին ու տուգանում մի քիչ ծուռը դնելու համար, ով վեճի է բռնվում հետները, տանում են բաժին, չդնողներին ձեռնաշղթա են հագցնում, փռում են ասֆալտին։ Մենք տեսանք, որ դիմակի պահանջից հետո դեպքերը շատացել են, բայց մեկ է՝ պարտադիր է։ Բայց հարց է առաջանու՝ իսկ ինչո՞ւ է դա պարտադիր միայն հասարակ մահկանացուների համար, բա մանր ու մեծ պաշտոնյանե՞րը։

Տեսանյութ հրապարակվեց, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, առանց դիմակ տժժում է Սևանի ափին փարթիում։ Լուրեր հրապարակվեցվին, որ հենց ինքն է կազմակերպել խնջույքը, ավելին՝ իր լողափում։ Ինքը հերքեց, բայց լուսանկարները կարծես հերքում են պատգամավորի հերքումները։ Մեծ թվով մարդիկ են մասնակցում առանց դիմակի, առանց սոցիալական հեռավորության։ Նույն օրը, նույն ժամանակ ոստիկանները մեզանից պահանջում էին դիմակ կրել Հայաստանի զբոսաշրջանյին կենտրոններից մեկում։ Բայց պատգամավորին չեն տեսել․ այն դեպքում, երբ ազմբողջ Սևանի ափը ողողված է ոստիկաններով, իսկ նույն Սևանում քաղաքացիներն ու ոստիկաններն իրար էին քաշքշում դիմակի համար։

Իսկ պատգամավորը ոստիկանության ուշադրությանը արժանի չէ։ Զավեշտ է ուղղակի, երբ քաղաքացին դիմակ չի դնում, տուգանքից մինչև կալանավորման մատերիալ է դառնում հենց տեղում, եթե պատգամավորը չի կրում, ոստիկանությունը սպասում է այնքան, մինչև մի որևէ լրատվամիջոց գրի այդ մասին, նոր մի թեթև գործի է անցնում։  

Սա ծաղր է քաղաքացիների նկատմամբ․ ի՞նչ զգացում ունի մարդը, որը 40 աստիճան շոգին դիմակ է դրել, ու տեսնում է, որ Սևանի ափին պատգամավորը տռճիկ է տալիս։ Ի՞նչ զգացում ունեն այն հանդիսավարները, որոնք պահանջում էին բացել ռեստորանները, թույլ տալ հացի փող աշխատել, բայց իշխանությունը մերժեց, իսկ հիմա համերգի է ականատես։ 

Ընդ որում, պատգամավորի արարքը հատկապես ուշագրավ է հենց նրա համար, որ քաղաքացիներին տուգանելու օրենքը ընդունողներից մեկն էլ հենց ինքն է, իսկ վերջերս էլ մասնակցում էր «կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ակցիային։

Էստեղ, ի դեպ, լուրջ խնդիր կա նաև բարոյականության տեսանկյունից։ ԱԺ պատգամավորն արդյո՞ք էդքան սիրտ ունի պարելու, երբ լարված իրավիճակ է սահմանին, կան զոհեր, դրսում հայ-ադրբեփջանական բախումներ են։ Առնվազն նա կարող էր զբաղված լինել իր արտասահմանյան գործընկերներին դիմելով, գոնե ինչ-որ բան անելով

Այս խախտումները համատարած են իշխանության մեջ․ լրագրողները կամերան որ կողմ թարթում են, մի իշխանավոր քեֆ է անում առանց դիմակի․ մեկ ոստիկանապետն է փարթիի մասնակցում, մեկ ԱԺ փոխնախագահն է իր համար զբոսնում, պարետն ու արդարադատության նախարարը նստած են իրենց քեֆին։ Այդ ամենը արվում է բացահայտ, բոլորի աչքի առաջ՝ ծաղրելով ամռան շոգին դիմակով հազիվ շնչող հպարտ ժողովրդին։

Բա էն ո՞վ էր խոսում օրենքի առաջ բոլորի հավասարությունից։ Ընդ որում, անգամ իշխանության մեջ էդ արդարությունը չկա․ օրինակ խնջույք անելու համար ԶՈՒ գենշտաբի պետը աշխատանքից ազատվում է, իսկ պատգամավորը տուգանվում ընդամենը, այն էլ՝ 10 հազար դրամով։ Այսինքն, ընդամենը այդքա՞ն է այդ պաշտոնի կշիռը ձեզ մոտ։

Ուշագրավ է նաև այն, որ իշխանության ներկայացուցիչները իրենց սխալը, օրինազանցությունը նրանք քողարկում են նրանով, թե «հայտնի շրջանակները», մամուլը, քաղաքական ուժերը շահարկում են, ընկել են մեր հետևից։ Ոչ, հարգելիներս, ամենուր քաղաքացվիները քննարկում են ձեր վարկը, դուք բոլորի, բոլոր քաղաքացիների մանրադիտակի տակ եք, նայում են ինչ եք անում, ինչ չեք անում, ինչու եք անում։ Այդ տրամաբանությամբ, այսօր ողջ ժողովուրդն է «հայտնի շրջանակ»։

Կարճ ասած՝ ձեզ չեք հարգում, ձեզ ձայն տված միամիտ ընտրողին չեք հարգում, ձեր վարչապետին գոնե հարգեք, ձեր թիմի ավագին, առավոտից իրիկուն իր հետ միասին իր հեղինակության վրա շարիկ եք գլորում։ Իշխանությունն ու իշխանաֆեյքերը հարձակվում են քաղաքական գործիչների վրա, թե՝ համաճարակ է, դուք քաղաքականությունից եք խոսում, պատերազմ է, դուք իշխանափոխությունից եք խոսում։ Բա է՞ս է ձեր պատասխանատվությունը։ Սա հենց մեր երկրի ղեկավարության արժեհամակարգն է, այսպիսինն են նրանք։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ