23 07 2020

«Կարճ ասած»․ Հայրենասերների, դավաճանների ու ամենօրյա փոփոխականների մասին



 

 

 

Ռուսաստանաբնակ մեր հայրենակից, «Russia today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հայտնի գրառումից անցել է 5 օր, բայց կրքերը չեն հանդարտվում։ Իշխանական գործիչները լուռ են, իրենց փոխարեն աշխատում են նրանց համակիրներն ու վարձու ֆեյքերը, ընդդիմադիր գործիչներն ու հանրությունը կամ աջակցում են Մարգարիտա Սիմոնյանին կամ էլ նշում են, որ խոսքը կոպիտ էր, բայց՝ ճիշտ։

Ի՞նչ է ասել Մարգարիտա Սիմոնյանն իր գրառման մեջ․ նա դիմելով ոչ թե ժողովրդին, այլ կոնկրետ մեր իշխանությանը, ասում է՝ տղերք, կողքից նայեք ձեր արածները, դուք «մեր ներքին գործն է» լոզունգի տակ՝ երկիրը լցրել եք հակառուսական ՀԿ-ներով, պաշտոններ եք բաժանել բազմաթիվ կատաղի հակառուսների, նույն թեմաներով աշխատում են ձեր «իշխանամետ» ֆեյքերը, Արևմուտքի հետ ձեր գործերը կարգավորելու և ՌԴ-ին ցավացնելու համար կալանավորում եք ձեր երկրի նախկին նախագահին, որի հետ մենք լավ հարաբերություններ ունենք, աջ ու ձախ հակառուսական ալիք եք բերում այդ մենը բացատրում եք «մեր ներքին գործն է»-ով։ Ու շարունակելով, հարցնում է, թե՝ բա հիմա, երբ պետք ենք, նույն կատաղությամբ հարցնում եք՝ բա ո՞ւր են ռուսները, ինչո՞ւ չեն օգնում։

Վերջին հատվածում պարզ է դառնում, որ մեր իշխանությունն ինչ-որ բան է խնդրել ՌԴ իշխանությունից, ես այդպես հասկացա։ Թե ի՞նչ, ոչ մեկս չգիտի, բայց իրենք գիտեն, ու դրա մասին են ակնարկում։ Շատ խոսվեց այս օրերին, որ Սիմոնյանի գրառումը միայն իր անձնական կարծիքը չէր, այլ ավելի շուտ՝ Կրեմլի․ սա ևս տեղավորվում է այս պատմության տրամաբանության մեջ։

Արդեն տևական ժամանակ է, որ ռուսական կողմից ասում են, հասկացնում են՝ սկսած արտգործնախարար Լավրովից, որ դուք խախտում եք ձեր խոստումները, պայմանավորվածությունները, դուք առանցքային պաշտոններ եք տվել հակառուսներին, սորոսականներին, դուք քանդում եք բարեկամական կապերը․ կա՛մ լսող չկա, կա՛մ հասկացող չկա։

Մարգարիտա Սիմոնյանը, շեշտեմ, չի դիմում ժողովրդին, դիմում է իշխանություններին։ Ուրեմն Հայաստանի իշխանությունը դրսում հենց այդպիսի ընկալում ունի։

ժողովուրդն էլ, ի դեպ, բացասական չի արձագանքում․ մի հատ նայեք վատ արձագանքողների, հայհոյողների, ստորագրահավաք անողների շրջանակը ու ամեն ինչ իր տեղը կընկնի։ Դրանք հիմնականում արևմտյան ֆինանսավորումներով շրջանակներն են, տարատեսակ սորոսականներն են, ու հիմնականում մանիպուլացված հատվածը, որը երևի թե ինքնուրույն չի կարդացել Սիմոնյանի գրածը, այլ կարդացել է ինչ-որ մեկի գրածը, թե՝ տեսեք, հայկական ազգանունով ռուսաստանաբնակը ինչպե՞ս է խոսում մեզ հետ։ Հարգելիներս, նա խոսում է ոչ թե մեզ հետ, այլ՝ մեր իշխանավորների։

Երեկ աչքովս ընկավ մեր վարչապետի ընտանեկան թերթում մի վերլուծական, նրանցից, որոնք ընդունված է կարծել, որ հենց ինքն էլ գրում է։ Հոդվածից հասկացվում է մեկ բան՝ էս մարդիկ ռուսների հետ բարեկամություն, ընկերություն անելը դիտարկում են որպես ենթարկում։ Հայաստանը տարածքով փոքր է՝ Ռուսաստանի համեմատ, բնակչության թվով ևս փոքր է, ուրեմն, ըստ իրենց, անհնար է գերտերության հետ շփվել առանց նվաստանալու։ Հայաստանը պարտավոր է բոլոր հարցերում ենթարկվել Ռուսաստանին և որևէ հարցում չհակաճառել, այսպես է ընկալել ռուսների հետ աշխատելը և Սիմոնյանի գրառումը մեր հայտնի հեղինակը։ Ու վերջում եզրակացնում է՝ Հայաստանն իր առջև պետք է դնի միայն այնպիսի խնդիրներ, որոնք ի վիճակի է լուծել բացառապես սեփական ուժերով։ Իսկ կարո՞ղ ենք անել այնպես, որ դնենք մեծ նպատակ, ունենանք բարեկամ երկրներ և  նրանց միջոցով ու օգնությամբ լուծենք մեր հարցերը։ Այս իշխանությունը դա չի կարող, այս իշխանությունը բարեկամ երկիր չի կարող ունենալ, եթե այդպես է ընկալում, քաղաքականությունն ու բարեկամությունը։ Ուրեմն, երբ որևէ մեկս ավելի ազդեցիկ մեկի հետ բանակցում է, իր շահն առաջ տանել չի՞ կարող, պարտադիր պետք է ենթարկվի ուժեղի՞ն։ Չի՞ կարող բանակցել, դիվանագետ լինել, ընկերություն անել հանուն իր երկրի շահն առաջ տանելու նպատակի ու հասնել հաջողության։ Իհարկե կարող է՝ եթե ունի գիտելիք, փորձ, նպատակ՝ հասնելու հաջողության։ Միգուցե ինչ-որ հարցերում կոմպրոմիսի գնաս, ինչ-որ հարցում զիջես՝ հասնելու համար  փոխզիջման, կարևորը անկարևորից տարբերես, հասնենս հնարավոր առավելագույնին, ի բարօրություն քո ու քո պետության, ժողովրդի շահի։ Բայց այդ ամենը չես կարող անել, երբ քո շրջապատը առավոտից իրիկուն հայհոյում ու անվանարկում է իրենց, երբ քո ուժայինները քրեական գործեր են հարուցում իրենց ընկերությունների վրա, քո հանրայինում էլ ռուսաստանի հետ կապված հարցերը քննարկում են արևմտյան ֆինանսներից սնվող կատաղի հակառուսները։

Սա է մեր իշխանությունը, ու բնականաբար՝ բոլոր այն մարդիկ, որոնց սիրտը ցավում է, պետք է արտահայտվեն, պարտավո՛ր են արտահայտվել։ Առավել ազդեցիկները պարտավոր են առավել ուժգին ու հաճախ ասել։ Մարգարիտա Սիմոնյանն իր երկրում ազդեցիկ մարդ է․ իսկ մեր տեղացի ֆեյսբուքյան ստատուսչիները, նրան անհարկի քլնգողները, ոչ ոք են, ո՛չ այստեղ, ո՛չ էլ, առել ևս՝ դրսում։

Ես էլ իմ կողմից դիմեմ մեր հարգելի իշխանավորին․ չե՞ս ուզում արժանանալ կոշտ գնահատականի, ցավոտ արձագանքի, ուրեմն փոխիր քո գործելաոճը, փոխիր քո արհեստական ու իրականում պարտադրված օրակարգերը, հանուն մեզ, մեր պետության, ժողովրդի։ Դու արդեն շուրջ երկու տարի է, ինչ վստահություն չես վայելում մեր ռազմավարական գործընկերոջ կողմից, դա շատ մտահոգիչ է։ Ռուսական մամուլում արդեն որերորդ անգամ հարց են տալիս, այդ ո՞նց եղավ, որ Մոսկվա պառադի չգնացիր՝ ասելով, թե կորոնավիրուս է, բայց երբ կորոնավիրուսի թվերն ավելի շատ էին, ու գումարած դրան էլ՝ սահմանին ռազմական գործողություններ էին, գնացիր Մինսկ։ Դե հասկացիր, որ իրենք այդ ամենին շատ ուշադիր են, ու եզրակացություններ են անում, որը հետո արտահայտվում է՝ այն ժամանակ երբ դու գնում ես մեր պետության ու ժողովրդի համար ինչ-որ բան պայմանավորվելու նպատակով։

Կարճ ասած՝ Մեր պետության ու ազգային շահի համար, մեզ այսօր օդ ու ջրի պես պետք են մարդիկ, որոնք կարող են ռուսների ու հատկապես Պուտինի հետ հաստատել լավ հարաբերություններ, վստահելի հարաբերություններ, դա է պահանջում մեր ազգային շահը։ Իսկ մնացած աղմուկը՝ կանցնի։

 

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ