Այս պահին, երբ Հայաստանի սահմանին ռազմական բախումներ են, Արցախի սահմանին՝ անհասկանալի լռություն, բոլորին է պարզ, որ մեզ համար ամենակարևոր բանը միաբանությունն է, միասնականությունը։ Բայց առանց այն էլ բազմափեղկված հանրությանը, քաղաքական ու հասարակական դաշտին միավորելու փոխարեն շարունակ լսում ենք պառակտելու կոչեր ու քայլեր։ Դրանում ներառված են՝ իշխանության ներկայացուցիչներ, նրանց խոսնակները, լրատվամիջոցները, իշխանամերձ համարվող ժամկետանց գործիչներ, ՊՈԱԿ-աֆեյքեր։ Այսօր անդրադառնամ նրանց, որոնց բաժանում եմ 4 խմբի․
Առաջին խմբում իշխանությանը փառաբանողներն են և նախկինների արածը ավանդաբար պախարակողները։ Չգիտես ինչու, ստացվել է այնպես, որ որպեսզի գործող իշխանությանը կարողանան ինչ-որ բանով լավություն անել, պարտադիր է դա անել նախկիններին անվանարկելով, պախարակելով ու նսեմացնելով։ Օրինակ, չեն կարող մարդիկ պարզապես ասել, որ մեր զինվորները լավ կռվեցին, կեցցեն նրանք։ Չէ, նրանք գովում են զինվորներին՝ դա համեմատելով ապրիլյան պատերազմի հետ և նսեմացնելով վերջինիս հաղթանակը։
Զինվորները հիմա էլ են կռվում նույն թշնամու դեմ, 2016-ին էլ։ Հիմա էլ թշնամին ունի անհամեմատ մեծ թվով զոհեր, 2016-ին էլ, հիմա էլ սոված չեն մնացել, տանկերում էլ վառելիք է եղել, էն ժամանակ էլ։ Վատաբանողներն էլ են մնացել նույնը։ Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանն ասում է՝ մենք այսօր 10 անօդաչու սարք ենք որսացել, այնինչ ապրիլյան պատերազմում ամբողջ արցախով մեկ լցված էին անօդաչուները։ Թվեր բերեմ․ ապրիլյան 4 օրյա պատերազմում խոցել ենք 24 տանկ, 6 զրահապատ մեքենա, 1 «Գրադ», 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք և այլն։ Հիմա ինձ հարց է հետաքրքրում՝ ինչո՞ւ եք նվաստացնում նախկին հաղթանակները։ Հասկացանք, սրտներդ ու ոչ միայն մրմռում է, որ 2008 թվականին հեղաշրջման ձեր պլանը չաշխատեց, բանակն էլ քաղաքականությանը խառնելու պատճառով զրկվեցիք աշխատանքից։ Բայց կարելի՞ է էդ աստիճանի թույն տարածել։
Մի նախկին փոխնախարար էլ կա, էլի պաշտպանության, էլի բեղավոր ու էլի լևոնական գործիչ․ այո, Անդրանիկ Քոչարյանը։ Ասում է, թե՝ 2016-ին մեր բանակի կառավարելիության, սպառազինության, զգոնության մակարդակը չի եղել այնպիսին, ինչպիսին հիմա է: Ասում է մարդ, որը քրքրում է էն ժամանակվա դեպքերը՝ կեղտ բռնելու համար ու չի գտնում։ Ժողովուրդ ապրիլյանն ու այս պատերազմը շատ ու շատ են տարբերվում։ Միայն այն, որ ոչ թե Արցախի, այլ Հայաստանի վրա է հարձակվել, դա ցույց է տալիս քո ռազմաքաղաքական ղեկավարության բանակցային ցածր մակարդակը, դա՝ մեկ, երկրորդը՝ դու ոչ միայն չկարողացար Արցախից հեռու տանել պատերազմը, այլ բերեցիր Հայաստան։
Զինվորների զգոնության մասին է խոսում մարդ, որը եղել է պաշտպանության փոխնապարար, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահն է և իր որդուն կասկածելի հանգամանքներում բանակից ազատել է տվել։ Անդրանիկ Քոչարյանի որդին ուսման տարկետում է ստացել երեք անգամ, ուսումն ավարտելուց հետո, երբ դեռ չէր հասցրել պաշտպանել թեկնածուականը, երկու անգամ էլ հանկարծ ստացել է բժշկական տարկետում ու խուսափել բանակից։ Հիմա դու ի՞նչ իրավունքով ես ընդանհրապես խոսում բանակի, զինվորների, պատերազմի մասին։
Որոշները գրում են, թե՝ Նիկոլը սպառազինություն է բերել, իսկ 2016-ին 80-ականների զենքեր էին։ Ժողովուրդ, դուք ընդհանրապես ինչի՞ց եք տեղյակ։ Նիկոլ Փաշինյանի ժամանակ ձեռք բերածը ևս 80-ականների զենք է․ ի դեպ, 30 մլն դոլարանոց անօդաչուն հենց 80-ականների զենքով ենք ոչնչացրել։ Ստացվում է՝ զենքերը նույնն են, զորքը նույնն է, հրամանատարները նույնն են, թշնամին նույնն է, ի՞նչ եք ստեղ էլ հների ու նորի բաժանում։ Ամոթ ունեցեք գոնե, այս մեկը հաստատ դրա տեղը չէ։
2-րդ և երրորդ խումբը թշնամացնողներն են և ստեր տարածողները․ նրանք անում են ամեն ինչ, որպեսզի հանկարծ տեղի չունենա համախմբում․ մի խոսնակ կա, գրում է՝ մի թշնամացրեք հանրությանը, ու իր ֆեյսբուքյան էջին թշնամանք է նախկինների հասցեին, թույն է տարածում աջ ու ձախ։ Այս խմբի ներկայացուրցիչներին կարելի է համարել նաև հանցագործներ, պառակտիչներ․ ասում են՝ մեր զինվորները կռվում հաղթում են՝ ապրի Նիկոլը, բայց հայտնի շրջանակները չեն ուզում հաղթանակ և այլն։ Պարզապես ինձ եթեր չեն տվել ամեն մի թափթփուկի անուն կարդալու համար, դրա համար չեմ կարդում անունները․ որոշները՝ հայտնի շրջանակներից, այնքան հեռու են գնացել, որ իրենց էջերով տարածում են լուրեր, թե Հայաստանի վրա հարձակվելու համար Ալիևին Հայաստանից գումար են վճարել: Բնականաբար, քոչարյանացավ կպածներն են նրանք։ Արդեն դիմում կա ԱԱԾ՝ ներքին թշնամանք հրահրողներին բացահայտելու համար։ Պետք է հասկանալ՝ իրե՞նց նախաձեռնությունն է այդ զառանցանքը, թե՞ ադրբեջանցիների քարոզչությունն է, սրանք էլ ուրախ ուրախ տարածում են՝ առանց հասկանալու։
Այս խմբում մարդիկ կան, որ ապատեղեկատվություն տարածելով, փորձում են սեպ խրել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ։ Օրինակ իրազեկ քաղաքացիների միավորման նախագահը ընկել է ՀԱՊԿ-ի հետևից, թե ո՞ւր է, չկան, ռուսները քաշում են, ձևական են և այլն։ Բա, դու փաստերի ստուգման հարթակ ես քեզ կոչում, դու չգիտե՞ս, որ որպեսզի այդ կառույցը գործընթաց սկսի, առնվազն Հայաստանի դիմումն է պետք, որը չկա, քանի որ մենք հայտարարել ենք, որ սեփական ուժերով կարողանում ենք սանձել թշնամուն։ Պաշտպանության նախարարությունը, պաշտոնապես ԱԳՆ մեռան ասելով՝ ժողովուրդ չենք դիմել, չկա դրա կարիքը, բայց դե սրանք այդ ամենը չեն տեսնում ու շարունակ տարածում են, թե տեսեք, բա որ ասում էինք՝ ձևական կառույց ա, ռուսն էլ չկա, բա էլ ո՞ր օրվա դաշնակից ա և այլն և այլն, նույն կոտրած սկավառակը։
Վերջապես չորրորդ խումբը մարդիկ են, կազմակերպություններ են, անգամ լրատվամիջոցներ են, որոնք կամա թե ակամա ադրբեջանական քարոզչություն են անում՝ հրապարակելով այդ երկրի քարոզչական և սուտ նյութերը: Օրինակ՝ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի հիմնադրած կայքը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին պատկանող կայքը, որոնք հայտնում են հայկական կողմի կրակոցներից ադրբեջանցի խաղաղ քաղաքացու զոհվելու մասին, ԱՄՆ պետդեպարտամենտից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանը, որը Ադրբեջանի զինվորի թաղման կադրեր էր հրապարակում և այլ կայքեր, որոնք իշխանության վերահսկողության տակ են։ ԱԺ պատգամավոր ունենք, որը սնվում է մեր՝ հարկատուներիս փողերով և կոչ է անում երաշխավորել Ադրբեջանի տարածքում օտարերկրյա գազամուղերի և նավթամուղերի անվտանգությունը, վերցնի իր պաշտպանության տակ, այն դեպքում, երբ Ադրբեջանից հնչեցվում են ատոմնակայանին խփելու կոչեր հենց ՊՆ մակարդակով։ Այս օրերին սահմանին պարտվելուն զուգահեռ՝ Ադրբեջանը հաղթում է տեղեկատվական գրոհում, անգամ մեր հեռախոսներին նամակներ են ուղարկում ադրբեջանցիները, պաշտոնական կայքեր են կոտրել, իսկ վարչապետի՝ ֆեյքերի ֆաբրիկա անունը ստացած ՊՈԱԿ-ը զբաղված է նախկիններին քլնգելով՝ առու կապելով Ադրբեջանի ջրաղացին։ Ունենք խաղաղություն քարոզողների մեծ բանակ, որոնք ողբում են ադրբեջանցի զոհերի համար, ունենք մարդիկ, որ բորբոքում են Թուրքիային՝ լինելով Հայաստանի ԱԺ պատգամավոր։ Այդ մարդիկ, ժողովուրդ, վաղը Հայաստանում չեն ապրելու, կան մարդիկ, որոնք անգամ հիմա Հայաստանում չեն ապրում, բայց գրում են, բորբոքում թշնամանք, սադրանք ու բոլորը մեր մեջ, ի վնաս մեր միասնականության։ Նրանք առատորեն վարձատրվում են դրա համար։
Ես էլ հարց ունեմ․ ինչու՞ է այս ամենը կատարվում հենց այսօրվա իշխանության մոտ շրջապատից, ինչո՞ւ մի սերժական կամ քոչարյանական շրջանակից չենք տեսնում նման պառակտումներ կամ խաղաղասիրական կոչեր․․․
Կարճ ասած՝ Իշխանության այս աջակիցները անում են նույն բանը, ինչ Ադրբեջանը․ նրանք սահմանին, սրանք՝ թիկունքում։ Դրանք քանդող են, միացնող չէն։ 90-ականներին էլ էին քանդում, հիմա էլ։ Հիշում եք հայաստանցի-ղարաբաղցի բաժանումները։ Նույնը շարունակվում է, ու նույն շրջանակների կողմից, գումարած՝ օտարերկրյա գրանտներից սնվողներին։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը