Գագիկ Ծառուկյանը առաջին մարդը չէ, որի նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսել, ավելին, ոչ էլ երկրորդն է։ Անգամ առաջին տասնյակում չէ։ Նիկոլ Փաշինյանի օրոք քաղաքական հետապնդումները չսկսեցին 2020թ․ հունիսի 14-ին: Դա սկսվեց 2018թ․ հուլիսից՝ Գագիկ Ծառուկյանի ու շատերի հնզանդ հայացքների ներքո:
Որպես վկա ՀՔԾ շենք մտավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ու որպես մեղադրյալ դուրս եկավ, ափալ-թափալ կալանավորեցին։ Հետո պետք է պարզվեր, որ նրա կալանքը դատավորը տվել էր ուզած-չուզած՝ անկախ իր կամքից, օրենքից։ Այդ ժամանակ իսկ կային գործիչներ, որոնք երկրորդ նախագահին համարեցին քաղբանտարկյալ, շատերը կարծիք չէին հայտնում, եթերում չէին երևում, մեր և մյուս լրատվականների տեսախցիկից փախչում էին, որ չխոսեն։ Բայց երկու տարվա ընթացքում, հուսով եմ, համոզվեցին, որ ոչ թե խոսելն է իրենց դեմ աշխատելու, այլ լռությունը։
Բայց այս խորհրդարանի որևէ պատգամավոր, ընդդիմադիր որևէ ֆրակցիայի որևէ ներկայացուցիչ պետության նախկին ղեկավարի նկատմամբ հետապնդմանը չանդրադարձավ։ Նրանք հարմարվում էին, միգուցե ենթարկվում էին, ասում էին չխոսենք հարված չվերցնենք մեզ վրա։ Ավելին, նախընտրական շրջան էր, և փախչում էին թեմայից։ Անգամ գործիչ կար, որ հարցազրույցի իմ հրավերին արձագանքեց, թե՝ չխոսեմ, թող իմ մասին մոռանան։ Այսօր հենց ի՛ր վրա էլ գործ կա։ Չմոռացան։
Հայաստանի կառավարությանը ո՛չ կորոնավիրուսն է հետաքրքրում, ո՛չ դրա վտանգներն ու քաղաքացիների անվտանգությունը։ Այլապես չէր լինի այն իրավա-քաղաքական խայտառակությունը, որ եղավ: Բողոքի մեծ ցույցեր՝ կորոնավիրուսով ամենաշատը վարակված Երևանում։ 250-ից ավելի բերման ենթարկված, ծեծ։ Երևանի ոստիկանական բաժանմունքներում այլևս տեղ չկար բերման ենթարկվողների համար։ Անգամ պատգամավորների, կանանց, իրավապաշտպանների փռեցին ասֆալտին ու քաշքշեցին։
Պատճառն այն է, որ Գագիկ Ծառուկյանի վրա գործ են սարքել։ Իսկ որ սարքել, կամ սարքում են, կարծում եմ՝ ակնհայտ է։ Հունիսի 5-ին կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստում հայտարարել էր, որ կառավարությունը պետք է ամբողջությամբ փոխվի: Ծառուկյանը առաջինը չէր, որ ասաց դա։ Ըստ էության՝ նա ևս ֆիքսեց արդեն իր շուրթերով, որ Փաշինյանի կառավարությունը ձախողել է և կործանման է տանում երկիրը։ Եվ դա բավական էր նրա նկատմամբ գործի անցնելու համար։
Գագիկ Ծառուկյանն այդ իշխանության աջակիցներից էր, ժամանակին նա օգնեց վերցնել իշխանությունը, մեկ անգամ էլ օգնեց պահել այն՝ ստորագրելով Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական ուժերի ունեցած միակ հուշագիրը: Երկու տարին վստահաբար, խաղաղ չի անցել այս գործչի համար, Նիկոլ Փաշինյանը անում էր վտանգավոր սխալներ իրար հետևից, ու Ծառուկյանը ստիպված համակերպվում էր, հենց մի թեթև ընդդիմանում էր, անմիջապես ընկնում էին բիզնեսների հետևից։ Իշխանությունը Ծառուկյանի հետ հաշտ ու խաղաղ էր, օլիգարխից դարձրեց սեփականատեր։ Գագիկ Ծառուկյանը նվիրյալ էր, երբ շռայլորեն մուծվում էր Աննա Հակոբյանի հիմնադրամին, Փաշինյանի ընտանիքի՝ քաղաքականապես ակտիվ մյուս անդամը, հաճույքով սելֆի էր անում Ծառուկյանի օբյեկտի զուգարանում։ Բայց պարզվեց այդքանն էլ հերիք չէր, ԲՀԿ առաջնորդը պարտավոր էր միշտ բռնել Փաշինյանի կողմը։
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կատարվողը մաքուր քաղաքական հետապնդում է: Եթե անգամ նրա դեմ կային կոմպրոմատներ, դրանք գործի դնելու պահն է քաղաքական դարձնում։ Այս իշխանությունը ձևականություն չի սիրում։ Նիկոլ Փաշինյանը կարող էր մեկ ամիս, երկու ամիս համբերել, առիթ ստեղծեր Գագիկ Ծառուկյանի դեմ լայնածավալ արշավանքի և նոր սկսեր, որպեսզի այս ամենը չդիտվեր որպես քաղաքական։ Ոչ, սա հենց դիկտատուրան է։ Հիշո՞ւմ եք, Փաշինյանը դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ գործ սարքեց հենց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց անմիջապես հետո, ու միայն մեկ տարի անց ապացուցվեց, որ այդ գործն ամբողջությամբ ապօրինի էր։
Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 14-ին, բոլորովին անակնկալ չէր, բավականին խորհրդանշական էր, սպասելի ու հասկանալի։ Ամեն ինչ կարող էր չհասնել դրան, բայց եղավ, ու դրանում մեղքի ոչ փոքր բաժին ունի հենց Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժը։ ԲՀԿ-ն այսօր տեղավորվում է արմատական ընդդիմադիր դաշտում, ողջունելի է, բայց ճիշտ գնահատելու համար պետք է ճիշտ գնահատական տալ այս ռեժիմի՝ իշխանության գալուց ի վեր քաղաքական հետապնդումներին, սահմանադրության և օրենքների ոտնահարումներին, ինքնիրավչություններին ու ապաշնորհ բոլոր-բոլոր երևույթներին։ Բոլորը, ովքեր ուզում են դիրքավորվել ընդդիմադիր դաշտում, պետք է ունենան քաղաքական ազնվություն և բաց խոսեն այդ երևութներից։ ԲՀԿ անդամները, որոնք համարում են ապօրինի Ծառուկյանի նկատմամբ կատարվողը, ինչպե՞ս են վերաբերվում մյուս կալանավորումներին, բռնաճնշումներին։
Ճնշումները կան ու կլինեն, քանի դեռ Փաշինյանը թաքնվում է ոստիկանության և ԱԱԾ-ի հետևում: Նիկոլը նոր չէ, որ անցնում է նաև բարոյականության կարմիր գիծը: Ուշագրավ է իշխանության տարատեսակ ներկայացուցիչների, մատաղացու պատգամավորների կեցվածքը։ Նիկոլը վաղը գնալու է, ամենայն հավանականությամբ՝ երկրից, հարգելիներս, վաղը դուք եք մնալու, Նիկոլը ձեզ իր հետ չի տանի, եթե անգամ ինքնաթիռում 1000 տեղ լինի, նա թքած ունի, թե իրենից հետո ինչ կկատարվի ձեզ հետ։ Ո՞նց եք անելու, ասելու եք հրամա՞ն եմ կատարել, SMS էր գրել։ Չի անցնի։
Պե՞տք է այսօր օգնել Ծառուկյանին։ Այո։ Որովհետև այս պահին իշխանությունն իրեն պահում է ժողովրդի թշնամու պես և պետք է միասնականորեն պայքարել։ Բայց Ծառուկյանն ինքը, իր խմբակցությունը պետք է քայլեր անեն։
Կարճ ասած՝ Ժողովուրդ, ոչ մեկդ չմտածեք, որ ձեր հետևից չեն գալու, Ծառուկյանն էլ էր մտածում, տեսա՞ք ինչ եղավ։ Ավելին, պաշտոնյաներից կանցնեն քաղքացիներին, արդեն հետապնդման օրենքները կան, ընդունել են: Մոռացեք հանգիստ կյանքի մասին, քանի դեռ Հայաստանում այս ռեժիմն է:
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը