01 06 2020

«Կարճ ասած». Ժողովուրդ, ձեզ անակնկալ ռեկետ է սպասվում



Այս օրերին, երբ ժողովուրդը գտնվում է սոցիալական ծանր վիճակում, երբ մարդիկ կորցնում են եկամուտը, աշխատանքը, գործազուրկների թվը շուտով կհասնի բնակչության 30 տոկոսին, աղքատների թիվը՝ 50 տոկոսին, երբ մարդիկ իրենց վերջին խնայողություններն արդեն սպառում են, նրանց նոր անակնկալ է սպասվում, նոր կառավարության կողմից։ Գահավիժող տնտեսության արդյունքում հարկերը չեն հավաքագրվում, ու ըստ երևույթին, կառավարությունը չկարողանալով բյուջեն կատարել, միակ բանը, որ մնացել է, սիրելի ժողովրդի գրպան մտնելն է, վերջին կոպեկները հավաքելը։

Սիրելի ժողովուրդ, տեղյա՞կ ես արդյո՞ք, որ քո բերած կառավարությունը մեկ ամսում երեք գերժամանակակից տարբերակ գտավ քո գրպանը մտնելու և հավելյալ գումար հավաքելու համար։

Խոսեմ տարբերակ առաջինից. Ստեղծվել է ոստիկանական ծածուկ ծառայություն, որը պետք է վարորդների հետևից ընկնի, և անգամ չնչին խախտման դեպքում տուգանի: Սա վերաբերում է մեկ միլիոն մարդու, որոնք մեքենա ունեն: 

Տարբերակ 2-րդ շինությունների և հողի գույքահարկը բարձրանում է 4 անգամ։  Գույքահարկը գնում է համայնքային բյուջե. Ասում են՝ համայնքների ղեկավարների մոտ դժգոհություն էր հասունացել, թե՝ բոլորդ պարգևավճար եք ստանում, մենք խորթ տղերքն ե՞նք, որ կոպեկներ է հասնում: Կառավարությունն էլ ելքը գտել է՝ խնդրեմ՝ նոր օրենք հատուկ ձեզ համար․ հավաքեք բարձր գույքահարկ, հա՛մ բյուջեն կլցվի, հա՛մ ճոխ կվարձատրվեք: Անունը դրել են, թե հարկելու են ճոխությունը, թե էժան գույք ունեցողների հարկը էապես չի ավելանալու, բայց փաստն այն է, որ բոլորի համար ավելանալու է։ Ու վատն այն է, որ ոչ թե վճարելու եք կադաստրային արժեքով, որն անհամեմատ էժան է, այլ՝ շուկայական արժեքով՝ կախված նրանից, թե կադաստրը որքան կգնահատի ձեր գույքը հիմա:

Հայաստանում չի լինելու գույք, որի համար հարկ չեք տալու: Առաջ մինչև 3 մլն դրամ գույքը չէր հարկվում, հիմա դրա համար էլ են հարկելու։ Օրինակ՝ գոմ եք սարքել, հացատուն, որոնք անգամ չեք էլ օգտագործում, պետք է վճարեք։ Ասենք՝ պապուց ժառանգություն եք ստացել տուն, բայց հիմա սոցիալապես անապահով եք, նպաստ եք ստանում։ Կարևոր չէ, պետք է նպաստի ամբողջ գումարը տաք գույքահարկ։ Տունը մեծ է՝ մուծվիր․ առաջ ո՞նց էր՝ տանը նոր սառնարան կա, նպաստ չի հասնում։ Սա արել են պատրվակով, թե հարուստները չնչին գույքահարկ են վճարում, բայց ստացվելու է ինչպես միշտ՝ աղքատներն ավելի շատ են տուժելու։ Հարուստը փող ունի, կվճարի կամ կվաճառի գույքը։ Իսկ աղքատն է՛լ ավելի կաղքատանա, իր գոմը գնող չի լինի, ու ինքը կքանդի իր սարքած գոմը, հացատունը, ցախանոցը։

Երրորդ տարբերակը էլ ավելի ահավոր է․ այսպես, 2018 թվականին ՊԵԿ նախագահը հայտարարեց նորամուծության մասին, թե՝ ժողովրդին բաժանելու են կուտակային ID-քարտեր։ Դուք ցանկացած բան գնելիս դա կտաք, իսկ տարվա վերջում ձեր գնումների 3 տոկոսը ձեզ կվերադառնա: Ասացիք՝ ինչ լավ է, պետությունը փող է տալիս: Ի՞նչ փող տալ, հո չե՞ն գժվել։ Դա եկամուտների համատարած հայտարարագրումն էր: Վաղը, երբ գնաք խանութ ու գնեք ցանկացած բան, ասենք՝ պանիր, հետո երեխային տանեք դաշնամուրի դասի, անգլերենի պարապմունքի և վճարեք այդ ամենի համար, հետո Դավիթ Անանյանը գալու է ու հարցնի՝ ժողովուրդ, բա որ ծախսել եք 200 հազար դրամ, որտեղի՞ց ձեզ 200 հազար դրամը․ հո՞ղ եք մշակել, հարկերը տվեք, խոպանի՞ց են ուղարկել, հարկեր տվեք, տակից փո՞ղ եք աշխատել, հարկեր տվեք, հարևանի տունը ռեմո՞նտ եք արել, հարկեր տվեք: Ու ստացվում է, որ Նիկոլին, այսօր արդեն չի հետաքրքրում, թե դու որտեղից ես փողն աշխատել՝ կարտոշկա ես վաճառել, ֆայլաբազարում ես կանգնել… Նա իր փողը պետք է ստանա, կառավարությունը՝ իր պարգևավճարները, ոնց ուզում է՝ լինի, թեկուզ՝ քերթելով։

Ընդ որում, դա ներկայացնում են որպես ձեզ արված լավություն, թե՝ ուզում ենք ձեզ օգնենք, բայց չգիտենք, թե որդ որքան եք սանում, այ որ բոլորիդ կոպեկ առ կոպեկ հայտարարգրենք, կիմանանք:

Հին Նիկոլը լիներ, կասեր՝ թալանն ու ժողովրդին ռեկետ անելը, պոզով պոչո՞վ է լինում։

Մի ժամանակ նույն վարչապետն ասում էր՝ փող ունենք չգիտենք ինչպես ծախսել, իսկ հիմա բյուջեում փող չկա, գլուխներն աջ ու ձախ թեքեցին, թե որտեղից գումար գտնեն, ու աչքներին էլի քաղաքացին երևաց, սիրելի, հպարտ, բայց օրեցօր կռացող ժողովուրդը: Այն նույն ժողովուրդը, ում անունից խոսում է Փաշինյանը, նրա կինը, Մակունցը, Ալեն Սիմոնյանը, աներձագ Հրաչը և այլոք։

Բայց ամենից ցավալին այն է, որ այս ամենը տեղի է ունենում մեզ համար, սովորական ժողովրդի համար ծանրագույն փուլում։ Եթե մեր երկիրը զարգանար, տնտեսությունը շնչեր, տնտեսական հեղափոխությունը լիներ այնպես ինչպես իրականում է լինում, օրինակ՝ Սինգապուրում, կասեինք՝ պետությանը վճարում ենք, ու մենք, մեր տարեցները, երեխաները ապահով են, բարեկեցիկ, անվտանգ: Բայց հիմա տեսնում ենք, որ մեզ միայն խեղճացնում են, կեղեքում են, ու որպես հուշ միայն մեզ թողնում են 2018-ի հրապարակից արված սիրուն ֆոտո, որտեղ բազմության մեջ եթե լավ նայեք, կարող է՝ դուք էլ կաք։ Հետո՞ ինչ, որ հիմա գլուխներիդ եք տալիս:

Եթե նման օրենք ընդունվեր նախկինում, դու՝ քաղաքացի, դուրս կգայիր փողոց, բազմաթիվ ընդդիմադիրներ կգային քո դժգոհությունից քաղաքական աչոկներ հավաքելու, իսկ Նիկոլ Փաշինյանը քարը քարի վրա չեր թողնի հենց ԱԺ ամբիոնից։ Իսկ հիմա այդ ամենը անում են մարդիկ, որոնք իրենց կոչել են ժողովրդի իշխանություն, ու դու անգամ բողոքի ցույցի չես կարող գնալ, որովհետև կտուգանեն սոցիալական հեռավորություն չպահելու համար։

Կարճ ասած՝ թալանածը կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու կարգախոսը, ժողովուրդ ջան, 2 տարի անց փոխվում է՝ ձեր ունեցածը կոպեկ առ կոպեկ հավաքելու ենք կարգախոսի։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ