25 05 2020

«Կարճ ասած»․ Փաշինյանի հետքը՝ Սյունիքում



Կապանում տեղի ունեցածը խայտառակություն է, որ կողմից էլ դիտարկես։ Ոստիկանությունը բերման է ենթարկել 4 հոգու, որոնցից 1-ին՝ սխալմամբ և շանսատակ է արել։ Հարազատներն ու համաքաղաքացիները, բնականաբար, հավաքվել էին ոստիկանության մոտ։ Ընդ որում, հաշվի չէին առնում համավարակը, մարդիկ կանգնած էին իրենց պահանջով։

Մարդիկ, ուշադրություն հրավիրենք այս փաստի վրա, ոչ թե ակցիա էին անում ու պահանջում, որ բաց թողնեն բերման ենթարկվածներին, այլ՝ չծեծեն։ Փաստորեն, ոչ բռնի հեղափոխականների ոստիկանությունում, ծեծը ևս դարձել է գործունեության շարժիչ ուժը, ինչպես քրեական գործեր հարուցելը, խուզարկությունները։ Մենք դա տեսանք գրեթե ամեն առիթով՝ Իջևանում տեսանք, Արայիկ Հարությունյանի նախարարության դիմաց տեսանք։ Մարդկանց տանից տարել են բաժին՝ ծեծելով, արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով։ Եթե պատասխանեն, մի հատ էլ իշխանության նկատմամբ բռնության փաստով գործ կհարուցվեր: Ինչպես իմքայլական պատգամավորն է ասում, ոստիկանությունը բարեգործական հիմնարկ չէ, չի տանելու պատիվ տա։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու համար այլևս հարկավոր են բռունցքներ, ատելություն, ագրեսիա, սամասուդ։ Հիշո՞ւմ եք, երբ նոր էին եկել, ասում էին, որ ոստիկանությունը Սերժ Սարգսյանը դարձրել էր իր հենարանը, ոստիկանները պետք էին են մարդկանց ծեծելու համար։ Որոշում կայացվեց, և ոստիկաններին հանեցին սահման պահելու՝ հերթափոխով։ Այսօր է՛լ սահման չեն հանում, ոչ, այսօր խրամատը երկրի ներսում է փորվել։ Իշխանությունը՝ իր բոլոր ճյուղերով, մի կողմում է, ժողովուրդը՝ մյուս կողմում, ու անհավասար կռիվ է։

Ոստիկանության ծառայողների նկատմամբ առնվազն պետք է քրեական գործ հարուցեին։ Դրա փոխարեն, ներքին զորքերը ավտոբուսներով ուժեր է տեղափոխում Կապան՝ մարդկանց ճնշելու։ Եվ ուշագրավն այն է, որ քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելուց հետո հայտարարում է, թե կրիմինալի նկատմամբ կոմպրոմիս չի լինելու: Քեզ մեղադրում են մաքսանենգության մեջ, ասում ես՝ կոռուպցիայի նկատմամբ կոմպրոմիս չի լինելու: Բայց ոնցոր լավ էլ կա կոմպրոմիս։

Խնդիրը հետևյալն է՝ որքան իշխանությունը թուլանում է, չի կարողանում պահել երկիրը, դժգոհության պատճառները վերացնել, որոշում է ճնշել դժգոհողներին, և դեմ է տալիս ոստիկաններին, ԱԱԾ-ին և իրավապահ համակարգն ամբողջությամբ։

Այս իշխանությունն ուզում է վերահսկողություն ամեն հարցում, ամեն տեղ դավադրություն է տեսնում։ Ընկել է բոլորի հետևից, ում կասկածում է, ով իրենը չէ, երդում չի տվել նիկոլահպատակության։

Ամենուր պարտադիր պետք է ունենա իր ականջները։ Պետք է գործարարն իրենցը լինի, մոնոպոլիստը՝ իրենցը լինի, ներդրողն իրենցը լինի, բիզնեսն իրենցը լինի, անգամ մաքսանենգ ապրանքն իրենցը պետք է լինի, ոստիկանը, մարզպետը, վարչության պետը, քաղաքապետը, բոլորը, բոլորը։ Այդքան փնոված Սերժ Սարգսյանի ժամանակ կային բազմաթիվ ընդդիմադիր համայնքապետեր, բազ-մա-թիվ, որոնց թվում՝ նաև էսօրվա կոկորդիլոսագետը։ Բայց ա՛յ Նիկոլ Փաշինյանը չի ուզում ոչ ՔՊ-ական համայնքապետ ունենալ։ Սյունիքի 5 քաղաքներից 3-ը նիկոլական չեն, ու պետք է դրա համար պատասխան տան։ Եթե հիշում եք՝ Կապանում, երբ ընտրության արդյունքում Նիկոլ Փաշինյանի թեկնածուն պարտվեց, վարչապետը հայտարարեց, թե՝ Կապանում ժողովուրդը պարտվել է։ Սա ի՞նչ էր, եթե ոչ ժողովրդին սև ու սպիտակի բաժանում, հաղթող թեկնածուին ձայն տվածները ժողովուրդ չէի՞ն, թե՞ իրե՛նց ժողովուրդը չեն։

Առաջին անգամ երկրում համայնքապետը և հանրությունը հայտարարում են իրենց դեմ քաղաքական հետապնդումների մասին։ Սրանից երկու տարի առաջ ունեցանք հեղափոխական Հայաստանի առաջին քաղբանտարկյալը, այսօր, արդեն, շատերն են խոսում քաղաքական հետապնդումների մասին։

Այսքանից հետո սյունեցիներին կարո՞ղ եք ասել, որ սա սիրո ու հանդուրժողական հեղափոխություն արած երկիր է։ Չեք կարող, չեք կարող նույնը ասել տավուշցիներին, որոնց էլ ամիսներ առաջ եք ջարդել։ Մարզերով հերթով ֆռում եք՝ թողնելով Նիկոլի հետքը։ Ու այսքանից հետո, բնական է, որ նաև դատավորը պետք է ձերը լինի, որ ապահովագրեք ձեզ պատժից։

Կարճ ասած՝ իշխանությունը ընդամենը 2 տարի անց հասկանում է որ ալևս ստիպված է լինելու պախկվել ոստիկանական զորքերի ետևում, սակայն ինչպես ժողովուրդը, այնպես էլ ոստիկանները շուտով կսթափվեն։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ