Ապրիլի 10, ապրիլի 16, 22, 25, 28: Սրանք գիտե՞ք ինչ օրեր են, այն օրերն են, երբ երևանյան կամուրջներից մարդիկ ինքնասպանության փորձ արեցին: Մայիսին դեպքերն արդեն ավելի շատ էին՝ մայիսի 2-ին և 8-ին՝ միանգամից երկուական փորձ, ամսի 3-ին, 6-ին, 7-ին, 11-ին։ Վերջինը երեկ՝ մայիսի 20-ին էր: Սա միայն փորձերն են ու միայն՝ կամրջից, ինքնասպանություններին չեմ անդրադառնում, այլ եղանակներով փորձերին չեմ անդրադառնում։ Մեկը, օրինակ, օդորակիչին էր նստել և սպառնում էր ցած նետել։
Հայաստանում ինքնասպանության և դրանց փորձերի դեպքերն աճում են շեշտակի:
Ինչո՞ւ: Միայն չասեք, թե իրենց արժանի չեն համարում հետհեղափոխական դրախտային երկրում ապրելուն։
Պատճառների մեջ բարոյահոգեբանական, սոցիալական գործոնն է ամենամեծը։ Անդրադառնանք երկուսին էլ։ Կարո՞ղ եք ասել, թե ինչպես է լինում, որ սիրո ու հանդուրժողականության հեղափոխություն հռչակած երկրում մեկ ամսում 13 հոգի կամրջից փորձում է իրեն ցած նետել։ Դուք կարդո՞ւմ եք, թե այդ լուրերի տակ բազմաթիվ երկոտանիներ ինչեր են գրում, ինչ ատելություն։ Մարդիկ իրար ատում են, իրար հայհոյում են, դպրոցի ուսուցիչը սպառնում է մորթել, մյուսը՝ «ցեղով վառել», էն մեկը քարով գլուխներ էր սպառնում ցխել, սիրո և հանդուրժողականության երկրի հանրային խորհրդի նախագահն ամենօրյա ռեժիմով ատելություն է սերմանում, վարչապետը, ազգային ժողովի պատգամավորները ու էլի շատ շատեր։ Սրանցից ոչ մի դեպք չի պատժվել, այլ մեկը մյուսով փակվում է, մեկի մասին դեռ չենք խոսել, մյուս աղմկահարույցն է գալիս։ Իշխանական ֆեյքերն էլ` մի կողմից։ Քաղաքացին իր սոցիալական խնդիրներն էր բարձրացրել, իշխանությանն աջակցող ֆեյքն այնքան էր հայհոյել ու սպառնացել, որ զանգել-ասում էր՝ գնում է ինքնասպան լինի։ Այսինքն, մարդն հիմա էլ իրավունք չունի արտահայտվել, որ հացի խնդիր ունի, լուծելու փոխարեն ընկնում եք հետևից, քարկոծում եք, որ ի՞նչ անի։ Սա, կրկնում եմ, սիրո ու հանդուրժողականության հեղափոխություն արած երկրում։
Ամեն թեմայով «բա առաջ» ասողներին հարցնեմ՝ բա ինչո՞ւ առաջ այսպես չէր։ Չէ, ինքնասպանության դեպքերը միշտ էլ կլինեն, բայց ինչո՞ւ այսքան շատ չէր, ինչո՞ւ հայհոյանքը, ատելություն ու անհանդուրժողականությունն այս մակարդակի ու չափերի չէր։ Իսկ կարող է՞ պատահել, մենք իրար «Սերժի վախտ» ավելի շատ էինք սիրում ու հանդուրժում։ Էս ա՞ ձեր բերած արժեհամակարգը։ Էն օրի ենք հասել, որ վարչապետը քիչ է մնում՝ եթերում միջնամատ ցույց տա։
Էս կողմ, էն կողմ չընկնենք․ վստահաբար՝ նույն վարչապետի գործունեության արդյունքում է այս ամենը, ու ոչ միայն բարոյահոգեբանական առումով։ Սոցիալական խնդիրները գերակշռում են ինքնասպանությունների ու դրանց փորձի մեջ։ Հատկապես համաճարակային այս օրերին աղետալի է դարձել մարդկանց սոցիալական դրությունը: Շատերը միջին մակարդակից անցել են աղքատության գիրկը, աղքատները՝ ծայրահեղ աղքատության։ Կառավարությունն ունի ծրագրեր, բայց ծիծաղելի գումար է մարդկանց առաջարկում: Գումարը քիչ է, դժվարությամբ են տալիս, միանվագ է, հետն էլ այնքան խառն է վարչարարությունը, որ օգտվելը բարդ է: Ամեն օր մարդիկ են գրում, զանգում, հարցնում են, թե ինչպես օգտվեն, թեժ գծին անգամ պատասխանող չկա՝ ո՛չ սոցապի, ո՛չ կառավարության։ Ում հետ խոսում ես, պարզվում է, որ ո՛չ ինքը, ո՛չ իր շրջապատի մարդիկ կոմունալ վճարի մի մասից բացի, այլ օգնություն չեն ստացել։ Մարդը դարձել է գործազուրկ, տալիս են ընդամենը կոմունալի 50 կամ 30 տոկոսը ու ասում են՝ դե ապրի։ Ինչո՞վ։ Մեկը բողոքում է, որ երեխայի համար ընդամենը 26 հազար են տվել, մյուսը՝ որ վարսավիր է ու 10 հազար դրամ են տվել, հարյուրները բողոքում են, որ 0 տոկոսով գյուղվարկը մերժում են, ում էլ տալիս են՝ պարտադրում են հաջորդ ամսից սկսած՝ մարել՝ դեռ եկամուտ չստացած: Վարչապետը հաշվարկ է անում, թե ծրագրերից օտվել է 1.1 մլն քաղաքացի․ ասենք՝ հոսանքի գինը 5 հազար դրամ էր, 2,5 բազարը փոխհատուցեցիք, հեռուստացույց էր ապառիկ վերցրել, մեկ ամսով հետաձգեցիք վճարը, համարեցիք վարկային արձակուրդ, դա համարում եք, որ օգնությո՞ւն: Ամենազավեշտալին տված գումարների հետգանձումն է: Ու այս ամենի ֆոնին, Նիկոլ Փաշինյանն ու էջմիածնի քաղաքապետը մուննաթ են գալիս, որ մարդիկ օգնություն են վերցնում «շնից մազ պոկելու» սկզբունքով: Միայն թե չասեք, որ ձեր կողմից այդքան սիրված ժողովուրդն էլ է «ռոբասերժական մնացորդ»։
Դուք չեք կարողանում հասցեական օգնություն տրամադրել, 5 միլիարդից 2 միլիարդը, ասում եք, անհասցե գնաց, ու մեղադրում եք ոչ թե ձեր անկազմակերպվածությունն ու անփութությունը, այլ քաղաքացո՞ւն։
Մարդկանց ո՛չ գումարով օգնում եք, ոչ էլ թողում եք խնդիրները բարձրաձայնեն։ Արտակարգ դրությունը ձևական երկարացնում եք, որ բողոքի ակցիա չանեն։ 60 հազար դրամ օգնություն էիք տվել մի քանիսին, երեկ 50 հազար դրամով տուգանեցիք ակցիա անելու համար։ Այդպե՞ս եք սիրում քաղաքացուն։
Փաշինյանը ուղիղ եթեր է մտնում ու հայտարարում, թե բոլոր երկրները ցնցված են Հայաստանի աջակցության ձևաչափից, բայց անմիջապես հետո եթերն ապահովողներին գործից հանում է: Էլ ո՞րն ասեմ․․․
Դու մարդուն հնարավորություն չես տալիս ապրելու, թե՛ սոցիալապես, թե՛ բարոյապես քարկոծում ես ու ապրելուն այլընտրանք առաջարկում կամուրջը: Կամրջից ընկնելու փորձ արածին էլ չես օգնում, ընդամենը տալիս ես հոգեբանական աջակցություն, այսինքն՝ հանգստացնում, հույսով ես անում ընդամենը, հետո ուղարկում սոցցանցերում ատելության երևույթները վայելելու:
Կարճ ասած՝ հպարտ քաղաքացին, որին խոսք էին տվել սեր և հանդուրժողականություն, հայտնվել է բացառապես ատելության մթնոլորտում, խոսք եին տվել սոցիալական հարցերը լուծել, ընկել է անտերության գիրկը ու հիմա փոխարենը հարցերը լուծեն, հոգեբան են ուղարկում, որ շողուլի բերի, գոնե ժամանակավոր։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը