06 05 2020

«Կարճ ասած». Նիկոլը մեր ժողովրդի ժամանակավոր սխալմունքն է, որը շուտով կվերջանա



Ուզում եմ անկեղծորեն կիսվել մտահոգություններով, որ ունեմ, ու գնալով, օր օրի ոչ թե փարատվում-անցնում են, այլ՝ ընդհակառակը, հաստատվում: Արցախի հարցում ունեմ առնվազն անտերության զգացում: Թվում է, թե Արցախից ձեռք է քաշել մեր երկրի ղեկավարությունը, որոշել է պարզապես բանակցել, ինքնանպատակ՝ խաղալով ժամանակի հետ, մինչև երկրի ներսում իր դիրքերն ուժեղացնի: Առաջ ասում էինք, թե այս հարցը թողնվել է դիլետանտների վրա. մյուս կողմում փորձառու դիվանագետների դիմաց մեր կողմից նստած է ընդամենը դեղին մամուլի խմբագիր, որը սովոր է պատվերով հոդվածներ գրել, կամ չգրել՝ դարձյալ պատվերով: Բայց ոչ, ավելի շատ՝ ոչ թե դիլետանտի հետ գործ ունենք, այլ՝ հակապետական վարքագծի: Անկեղծ՝ չեմ ուզում այդպես մտածել:

Մի բան ակնհայտ է, այս մարդկանց համար արցախյան հարցը առաջնային չէ, անգամ՝ երկրորդ-երրորդական չէ, առաջին տասնյակի բոլոր տեղերում  իշխանությունը պահելու մոլուցքն է: Դիլետանտիզմը մեծամասամբ նաև այդտեղ է, որ չեն հասկանում՝ թեկուզ դրա համար պետք է ուժեղ ոտքի վրա կանգնած Արցախ:

Չգիտես ինչու նրանց թվում էր, թե բանակցությունների գնալը խաղ ու պար է, ինչ գիտես՝ հերիք է, կարևորը հետդ նկարահանող խումբ ունենաս: Անցնում է արդեն երկրորդ տարին, բայց վարչապետը այդպես էլ չպատկերացրեց խնդրի լրջությունը: Նիկոլ Փաշինյանը իր ողջ վարչապետության ընթացքում մեկ-երկու պայմանավորվածություն է պահել: Մեկը Ադրբեջանի նախագահի հետ սահմանը հանգիստ թողնելու պայմանավորվածությունն էր, մենք հանգիստ թողեցինք, իրենք՝ ուժեղացրին իրենց դիրքերը: Մյուսը դուք ինքներդ մտաբերեք, թե կարող եք: Մնացած ամեն ինչ խախտել է, խաբել է, չի կատարել իր խոսtումներն էլ, ծրագրերն էլ, ոչ մի բան, ու լինելով փառահեղ պոպուլիստ, ամեն ինչի մեղքը բարդել է բոլորի վրա: 

Մինչ Ադրբեջանը դիրքերն էր ամրապնդում, մենք հորինում էինք դավաճաններ, մեղավորներ էինք փնտրում, նշանակում ու քանդում այն ինչ լավից-վատից ձեռք էինք բերել:  

Հիշենք թե առաջին իսկ օրվանից «վենդետտա չի լինելու» կարգախոսի ներքո ինչ արեցին. գտան գործ կարելու ընդունակ պաշտոնյաների ու սկսեցին մեղանչումներն արդարադատության դեմ: Գուցե սրանից երկու տարի առաջ կային մարդիկ, որոնք մտածում էին, թե՝ հանցանք են գործել, պետք է պատասխան տան, ի՞նչ կարևոր է՝ շարքային ոստիկան է, բանակի գեներալ, թե նախկին նախագահ: Բայց հետո, երբ շարունակ ստեր ու բլա-բլաներ հորինվեցին, երբ հեղափոխությունը դարձավ հուշ, էյֆորիան էլ՝ հետևից, երբ ոգևորիչ խոսքերի դատարկությունը երևաց, իսկ սառնարանում մնաց միայն սառը ջուրը, սկսեցին սթափ դատել՝ լավ, իսկ ի՞նչ հանցանք են գործել, ինչի՞ համար էր այս ամենը: Մարտի 1-ի գործը սարքեցին քաղաքական համար մեկ օրակարգ: Մեկ տարի տևեց, որ հասկանան, որ բոլորովին էլ նպատակը մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքների բացահայտումը չէր, ավելին, հիմնական հրահրողներն ազատության մեջ են և բարձր պաշտոնների: 

Հետո արդեն մարդկանց սկսեց հետաքրքրել՝ ինչո՞ւ հենց Արցախն ազատագրած գեներալների ու հերոսների նկատմամբ է տեղի ունենում այս ամենը, ինչո՞ւ է մահվան դեպքերը բացահայտելուց ավելի շատ կարևորվում, օրինակ, նախագահի խափնման միջոցը չփոխելը՝ բոլոր հնարավոր ապօրինությունները թույլ տալու ճանապարհով: 

Ի սկզբանե բանակի գեներալներին ներկայացվեցին որպես սերմացու գողացող մկներ, դավաճան: Ո՞ւմ, կամ ինչի՞ էր պետք անպայման նրանց վարկաբեկելը, ո՞ւմ էր պետք հերոսի, հրամանատարի անունը զինվորի աչքում վարկաբեկելը: Հարցեր, որ չեն տեղավորվում մարդկանց գլխում: Այս երկու տարվա մեջ տեսա՞նք, թե այդ որ հրամանատարն էր սերմացու գողացողը: Ինչո՞ւ էր դա պետք: Որ այլևս զինվորը չհարգի՞ հրամանատարին, նրա հրամանով կռվի դաշտ չնետվի՞: Այսօր էլ հարցեր են առաջանում, երբ պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը բանակցում է փուլային տարբերակով: Ինքը լռում է, իր նախարարը չի կարողանում թաքցնել

Ես կասեմ. ահա  ամբողջ հարցերի պատասխանը, թե ինչու պետք է գեներալների վրա քրգործեր հարուցվեն, իսկ Արցախն ազատագրած գերագույն հրամանատարը մնա պատանդի կարգավիճակում: 1997 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի փուլային պարտվողական տարբերակ-պրոեկտը չիրականացավ Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի պատճառով, այսօր այդ տարբերակն է, Վազգենը չկա, ու պետք է Քոչարյանը մնա կալանավորված, Սերժ Սարգսյանի նկատմամբ գործ հարուցվի, քանի դեռ ինտենսիվ բանակցում են: Հասել են կարևոր փուլի, ու չեն կարող թույլ տալ, որ դա խափանվի: 

Հայաստանի յուրաքնաչյուր քաղաքացի, անկախ մասնագիտությունից, պետք է կարողանա դիրքորոշում ունենալ մեր երկրորդ հայկական պետության նկատմամբ: Պետք է չասի՝ դե ես ո՞վ եմ, որ բան ասեմ, ես դատավոր եմ ու կատարում եմ միայն եկած հրահանգը, ես ռեստորանի երգիչ եմ ու ինձ «շաբաշն» է հետաքրքրում: Ո՛չ, մենք բոլորս պետք է ունենանք դիրքորոշում այս հարցով և արտահայտենք: Արտահայտենք, ամենքս մեր մաով, մեր գործով ու խոսքով: Մտավորականը, հրամանատարը, դիվանագետը, դատախազը, դատավորը: Օրինակ՝ այս կոնտեքստում, քրեադատավարական պրոցեսի մասնակիցները ու դերակատարները նաև պետք է իրենք իրենց հարց տան՝ ես ուզո՞ւմ եմ մասնակիցը լինել այդ «փուլային պրոյեկտի իրագործմանը»։ Այս հարցերին պարտադիր պետք է պատասխանեն՝ ԲԴԽ ղեկավարը, Դատարանի նախագահը, նույն դատավոր Դանիբեկյանը, մեղադրող դատախազները: Պետք է գոնե իրենց ներսում պատասխանն ունենան՝ ուզու՞մ են մասնակիցը լինել դրան:

Մենք ունենք մի կողմից կորոնավիրուս՝ իր վտանգներով, մյուս կողմից ունենք միջազգային կառույցների հորդորներ, ունենք մեր հեղինակավոր  իրավապաշտպանների խոսքը, վերջապես՝ կաթողիկոսի հորդոր ու նախկին վարչապետների երաշխավորություն: Որևէ բանականության մեջ չի տեղավորվում, թե ինչպես կարող է այս ամենը անտեսվել: Բայց մյուս կողմից պատճառը բոլորովին այլ է՝ ունենք Արցախի հարց ու դրա ձեռքը կրակն ընկած Հայաստանի իշխանություն: Մեր օրերում էլ կան Սերգոներ, որոնք ուզում են լավ ապրել, առանց Արցախի:

Կարճ ասած՝ այս ընթացքում բազմիցս կարևորել ենք կառավարող ուժեղ ձեռքի կարիքը: Այն զգացվել է ամենուր՝ Արցախից մինչև համաճարակի սպասվող հետևանքներ, արտագաղթ, գործազրկություն, աղքատություն, փնթի հայտարարություններ ու գործելաոճ: Նիկոլն այդ ուժեղ ձեռքը չէ: Ավելին, Նիկոլը անգամ թույլ ձեռքը չէ: Նա ժամանակավոր սխալմունքն է մեր ժողովրդի, որը շուտով կվերջանա: Իսկ Հայաստանն ու Արցախը կզարգանան ինչպես 98-ի հրաժարականից հետո: 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ