Ամենաակտիվ քննարկվող թեմաները համընդհանուր հայտարարագիրն է և տրանսպորտի թանկացումը։ Երկուսն էլ մեծ բեռ է ժողովրդի վրա․ ֆինանսական շատ մեծ ծանրաբեռնվածություն։ Հայտարարագրման մասով էլ չեմ խոսում բյուրոկրատիայի, հերթերի, ավելորդ ծախսերի, քաշքշուկի մասին։ Երկու թեմաներին էլ իր քարոզչությամբ լծվել է Նիկոլ Փաշինյանը։ Նստում է մետրո և ցույց տալիս, թե ինչքան լավ բան է թանկացումը, չնայած որ մետրոն ինքը չի կառուցել կամ կառավարության անդամներին հավաքում է կողքը ու նկարում, թե առաջինն էլ ինքն է լրացնում հայտարարագիրը, իբր տեսեք ինչ հեշտ է։ Բայց։ Երեկ մի քանի բան հրապարակեց՝ զանգում եմ բանկ, ահա էս եմ անում, փոխվարչապետը, ֆիննախը, էսինչը կողքս մուտք ենք գործում համակարգ։ ժողովուրդ ջան դա գիտե՞ք ինչ էր, կրկեսին փոխարինում, մինչև կրկեսի շենքի բացումը։ Կարծես, բոլորի, սովորական մարդկանց էդ հայտարարագիր լրացնելուց կողքներին գնում նստում են ֆիննախը, փոխավչապետը, հա մեկել, եթե ID չունեն կամ էլեկտրոնային ստորագրություն` Արփինե Սարգսյանը կամ ՊԵԿ ղեկավարը, հայտնվում, իր ձեռքով ձևակերպումներ են անում։ Նախ Էդ որ դու ցույց ես տալիս, թե իբր համընդհանուր հայտարարագիրն ես լրացնում, դու դա անում ես 2012 թվականից, որպես պաշտոնյա, ո՞ւմ ես էշի տեղ դնում։
2018 թվականից մինչև էսօր ամեն օր խոստումներ ես տալիս, հեղափոխության ժամանակ ծրագիր ես ներկայացրել բանավոր, 2018թ․ դեկտեմբերի արտահերթ ընտրությունների ժամանակ, 2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ գրավոր ներկայացրել ես․ մի բան ասա, որ ասել ես կթանկացնեմ, բացի կաթի գնի մթերումից։ Բա ինչի՞ ես թանկացնում։ Կաթի մթերումն էլ չես թանկացրել։ Դու մի տեղ խոսել ե՞ս հարկային բեռ ավելացնելու մասին։ Ընդհակառակը, Ֆրանսիայի հարապարակում բողոքի ցույց էիր անում ու ասում էիր՝ ժողովուրդը հարկերի տակ, վարկերի տակ կքած է, կթեթևացնենք։
Նիկոլն ասում էր՝ կոպեկ առ կոպեկ թալանը վերադարձնելու ենք ժողովրդին, հետո պարզվեց ժողովուրդ ասելով նկատի ունի ՔՊ բյուջեն ու էդ կոպեկ կոպեկը ձեզ է վերաբերում՝ ժողովրդին․ ձեզնից են էդ գումարները վերցնելու։ Նիկոլը նկատի ուներ, որ թալանչին ժողովուրդն է, և ժողովրդի ունեցվածքը կոպեկ-կոպեկ վերադարձնելու են բյուջե։ Չէր ասում՝ միլիոն առ միլիոն ենք վերադարձնելու, այլ՝ կոպեկ առ կոպեկ, որովհետև նա հո գիտի, որ ժողովուրդի ունեցածը ընդամենը կոպեկներ են։ Ձեզնից կոպեկ առ կոպեկ վերադարձնելու է, կուտակելու է միլիոններ, ու ՔՊ-ականները ծախսեն։ Մի հազար խեղճ ու կրակ նվազագույն աշխատավարձ ստացող կհարկվի, որ մի ՔՊ-ական բիզնես դասով թռչի մի քանի օրով դնջանալու։
Մանիպուլյացիա է նաև այն, որ ձեզ հարկային բեռի տակ մտցնելը, նոր թալանը ներկայացնում է իբր հսկելու համար պաշտոնյաների զոքանչներին, բաջանաղներն։ Ուզում ես հսկել՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց զոքանչ բաջանաղների վրա էլ կիրառի հայտարարագրման համակարգը։
Կամ որ ասենք իշխանությունը լրացնում է հայտարարագիր ու կոռուպցիոն կասկածներ կան, ի՞նչ հետևություն եք անում։ Ֆինանսների նախարարի հայտարարագրում էնքան սխալ կար, որ փաստաբանները հատուկ ասուլիս հրավիրեցին։ Ու ի՞նչ եղավ։ Պապիկյանը որ հայտարարագիր էր լրացրել ու 100 միլիոն պարգև գրել, ի՞նչ եղավ, ասացիք նվեր ա, անցավ գնաց, անգամ չիմացանք որտեղից է էդ նվերը, ինչի դիմաց։ Որ ՔՊ-ականները շուկայականից ահագին էժան տուն են հանկարծ գնում, դա հայտարարագրում են, ի՞նչ է լինում։ Մի մարդկանց հիմարի տեղ դրեք, դա ձեզ չի վերաբերելու, վերաբերելու է սովորական ժողովրդի կոպեկներին։
Դուք էլ գիտեք կոռուպցիան որտեղ է ու չեք կանխում, չեք վերացնում, բայց վստահաբար՝ լավ օգտվում եք։ Բազմաթիվ անձինք, այդ թվում՝ ես իմ հաղորդումների ժամանակ լիքը կոռուպցիոն դեպքերի մասին եմ խոսել, ո՞ւ։ Ի՞նչ եք արել։ Բաց եք թողել ու մարդա մի փունջ ծաղիկ նվիրել բաց թողնող դատավորներին։ Կոռուպցիան ձեր քթի տակ՝ ժողովրդի բարձի տակ եք ման գալիս, թե արի հլը տենանք տղեդ խոպանից ինչքան փող ուղարկեց։ Եթե իշխանութունը կարողանում է ձեր բանկային հաշիվները տեսնել, ստուգել, քանի որ իր համար այլևս բանկային գաղտնիք չկա, դուք էլ, ժողովուրդ ջան, պահանջեք, թող բացեն իրենց հաշիվները ու ամենօրյա աստղաբաշխական շարժերը տեսեք․ տեսեք, թե օրինակ, ինչ գնումներ են արվում Դելլիում, Վատիկանում, Վիեննայում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց տիկնանց այցերի ժամանակ։ Ձեր երկու կոպեկի շարժը խոշորացույցի տակ է։ ՊԵԿ նախագահը նայել է բանկային հաշիվները, ժողովուրդը ինչ շարժ ունի ու ասում է՝ էսքան տոկոսի ձեռքի տակ էսքա փող կա, եկեք հարկենք։ Մեզանից վերցնում են, ՔՊ-ն հարստանում է։ Որ ասում են ունեցվածքի վերաբաշխում, էս ա։
Կարդում ենք էսօր՝ թալանել են Նիկոլ Փաշինյանի դեպուտատ աներձագի՝ Աննա Հակոբյանի եղբոր առանձնատներից մեկը։ Դե, ասում է մի 7-8 միլիոն դրամի գումար, ոսկի են տարել։ Հրաչյա Հակոբյանը 2018 թվականին հայտարարագիր է լրացրել, որ ունի զրո դրամ եկամուտ, դրամական զրո միջոցներ։ Նիկոլի աներձագը մինչև 18 թիվը սեփական կատու անգամ չի ունեցել, թալանելու բան չի ունեցել, մուկը սառնարանում կախվել է․ էդ ժամանակ գողերը մտնեին տուն, մի կուշտ կլացեին կգնային․ հիմա գողերը մտել են ոչ թե Հրաչյա Հակոբյանի բնակարան, ոչ թե առանձնատուն, այլ՝ առանձնատներից մեկը ու անգամ չի ուզում աղմուկ հանել։ Մարդը, որ 2018-ին զրո դրամ է ցույց տվել, որ ունի, ձեր շնորհիվ էնքան հիմա պարապ փող ունի, որ ո՛չ բանկում է, ո՛չ շրջանառության մեջ, այլ՝ բարձի տակ։
Մեր գյուղ Արարատի մարզից նախորդ աշնանը մի հին Օփելով ամուսինները խաղող էին բերել կարտոֆիլի հետ փոխանակում․ Կինը դպրոցի տնօրեն էր։ Տնօրենը, ուսուցիչը, ոստիկանը, զինվորականը մեկը տաքսի է քշում գործից դուրս, մեկը բանվորություն է անում, մեկը առևտուր է անում, որ ապրի, որովհետև դու բարձրացնում ես մինիստրների փողը, իսկ հասարակ աշխատողին ասում ես՝ դու հերոս ես, համբերի ու հարկվի, որ հերոս մնաս։ Ուզում ես էդ կողքից աշխատածից քո տոկոսները վերցնես։ Որ Աննա Հակոբյանին թազա ավտո առնեք, որ Ալենը մի նոր երկիր գնա տեսնի, որ Սուրոն նոր տուն առնի, աճող ընտանիք ա։
Ասում էիր ժողովուրդը տուգանելու մատերիալ չէ։ Եկար իշխանության, պարզվեց ժողովուրդը քեզ համար, ոչ միայն տուգանվելու, այլ կթելու մատերիալ է։ Տուգանքը նախատեսում են էն դեպքում, երբ ինչ-որ մեկը խախտում է անում, օրինազանցություն է անում, տուգանեն որպես պատիժ․ բայց կթելն էն ա, որ դու քեզ ոնց էլ պահես, մեկ ա կթելու են․ լավ էլ պահես, վատ էլ պահես, կթելու է Նիկոլ Փաշինյանը։
Կարճ ասած․ ինչո՞ւ են էսքան հարկային բեռ ավելացնում ձեզ վրա, ժողովուրդ ջան, մտածե՞լ եք։ Գուցե էն հաշվարկով, որ՝ մեկ ա, ինչ անում են՝ մարսում են․ եքա երկիր հանձնեցին, ջահել-ջիվան տղերքին զոհեցին ու մարսեցին, իրենց ոչ մեկին բան չեղավ, դրա համար էլ տրանսպորտն էլ կթանկացնեն, գույքահարկն էլ կթանկացնեն, շարժ չէղավ՝ շնչելու հարկ էլ կմտցնեն։ Երկրի կեսը հանձնել են, մարսել են, տրանսպորտի 100 դրամը 300 դարձնելն ի՞նչ ա, որ չմարսենք, մտածում են ՔՊ-ում։
Որ սա նոր էր եկել իշխանության, հիշում ե՞ս, ժողովուրդ, սաղդ ասում էիք՝ «թողեք աշխատեն»։ Էս հաղորդման տակ հազար հատ քոմենթ էիք գրում, թե՝ «թողեք աշխատի»։ Դե հիմա ֆռացեք ճիշտ դիրքով նստեք ու ոնց ինձ էիք գրում թողեք աշխատեն, էնպես էլ իրենց գրեք՝ «թողեք ապրենք»։ Էդ «ապրել»-ը՝ բոլոր իմաստներով, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, թե՛ առօրյայով․ որովհետև մի մասին կոտորել են տալիս, մյուսին՝ քերթում։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը