Երկրորդ օրն է ավարտվում, ու Հայաստանի պաշտոնական շրջանակից արձագանք չկա Վրաստանի նախագահին։ Մեր հարևան երկրի ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան էջում կիսվել էր Լոռու մարզի Ախթալայի, Հաղպատի, Սանահինի, Օձունի վանքերի լուսանկարներով և գրել՝ «Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնաց Լոռիում»։ Սա սկանդալ է, սա վրացի պատմաբան կամ ինչ-որ քաղաքական գործիչ չի գրել, որ բանի տեղ չդնեն, այլ՝ երկրի նախագահը։ Մեր երկիրն էլ ոնցոր նախագահ ունի, էն որ միլիոններ է ստանում մեր հաշվին ու տարվա կեսը շրջագայությունների մեջ է։ Այ նրա պատասխանը ո՞ւր է, վարչապետ կոչեցյալի պատասխանը ո՞ւր է, արտգործնախարարը ո՞ւր է։ Էնքան փող, որ սրանց վրա ծախսում են, բավական էր, որ ջրհեղեղից տուժած սաղ լոռեցիներին դղյակներ սարքեին տային։ Սրանք հերիք չէ ձեր հասանելիքը ձեզ չեն տվել, մի հատ էլ արդեն ուրիշներն են աչք տնկել ձեզ վրա։ Վրաստանի նախագահի հայտարարությունը, կարծում եմ, պետք չէ ընկալել հեռացող նախագահի խոսք։
Հայաստանի հետ բանակցող թուրք բանագնացն ասում է՝ հայ-թուրքական սահմանը անարդարացի է գծված, առաջարկում է սահմանագծում, Ադրբեջանը զաթո ամբողջ Հայաստանը իրենն է համարում, Վրաստանի նախագահը աչքը դրել է Լոռու մարզի վրա։ Էսպես շարունակվելու դեպքում՝ ռազմավարական դաշնակից Իրանն էլ, իր շահերից ելնելով, կարող է ուզի ինչ-որ բաներ պոկել։ Քո թուլությունը տես մեզ ուր է հասցրել։ Որ էսպես շարունակվեց, Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը կռվելու են, թե Հայաստանի տարածքը որ մեկին է պատկանելու։ Նիկոլ Փաշինյանը մեր սիրուն երկիրը, որը ծվեն ծվեն արեց ու անունը դրեց իրական Հայաստան, հիմա դարձնում է արևմտյան Ադրբեջան, հարավային Վրաստան, արևելյան Թուրքիա, հյուսիսային Իրան։ Էսպես անտեր մնալու պարագայում Մոզամբիկն էլ կարող է ասի մեր պատմական հողն է Հայաստանը, հյուսիս-արևելյան Մոզամբիկ, ոչ թե Հայաստան։
Երբ դու քո ունեցածը, քո արժեքները զրոյացնում ես, ասում ես՝ Արարատը մերը չէ, Ղարաբաղը մերը չէ, Տիգրանաշենը մերը չէ, Ոսկեպարը մերը չէ, հարևաններդ էլ կասեն՝ մի րոպե, ուրեմն դրանք մերն են։ Բոլոր բնակավայրերում կան ինչ-որ անկյունում գցած ջարդված կմախքներ, որոնք ինչ-որ ժամանակ եղել են ավտոմեքենա․ ինչ մաս պետք է եկել, հանել են վրայից, մնացել է կմախքը։ Ավտոյի գործ անողներ կան, որ բերում են մեքենան ռասկուլաչիտի համար, ում ինչ մաս պետք է, գալիս տանում է, փողը տալիս տանում է, վերջում կմախքը գցում են ինչ-որ հայաթում ու մեջը հավ ու նապաստակ պահում։ Էս նկարը խորհրդանշում է Նիկոլի օրոք Հայաստանը․ ում ինչ պետք է՝ վերցնում են, սա էլ կանգնել է գլխին ու տալիս է, չի մերժում։ Փողո՞վ է տալիս, վախո՞վ է տալիս, ծանոթո՞վ է տալիս, դա էլ ինքը գիտի ու վերցնողը։
Եթե մի քանի տարի առաջ մեկի մտքով անցներ, որ կարող է Վրաստանի նախագահն այսպիսի բան ասի, էդ մարդուն բժիշկը հոգեբույժի մոտ կտաներ։ Այսօր մենք ապրում ենք հոգեբուժարանի ռիթմի մեջ։
Այս տարվա սեպտեմբերի 16-ին Նիկոլը գնացել էր Վրաստան և այդ երկրի վարչապետի հետ ասուլիսում ասաց՝ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Էս ա՞ հարգանքը։ Նիկոլն ասում էր՝ մոտ ապագայում առաջընթաց կապահովենք Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացում։ Ո՞նց եք սահմանագծում անելու, կասե՞ս, Լոռին դրանից հետո մնալո՞ւ է մեր երկրի տարածքում, թե՞ Լոռին Վրաստան է և վերջ։
Լավ մենք ո՞նց էս օրին հասանք։ Էսքան ողորմելի վիճակում հիշում ե՞ք մեր արտաքին անվտանգությունը, մեր դիվանագիտությունը։ Ինքնիշխանությունից եք խոսում օրը 10 անգամ․ ինքնիշխան երկրի պաշտոնական ներկայացուցչին ծաղրում են այն միության տարածքում, որի անդամ է ուզում դառնալ ու ծպտուն չկա։ Բելգիայում ՀՀ դեսպանը, որը ԵՄ-ում ՀՀ դեսպանն է, Բրյուսելում Ադրբեջանի դեսպանից մահվան սպառնալիքներ է ստացել: Բրյուսելում Թուրքիայի դեսպանատունը հրավիրել է Թուրքիայի ազգային տոնի առթիվ ընդունելության ու էնտեղ Տիգրան Բալայանին Ադրբեջանի դեսպանը սպառնացել է։ Լրիվ այլ քննարկման թեմա է, թե Հայաստանի դեսպանը ինչու էր Թուրքիայի ազային տոնը նշելու հրավերն ընդունել։ Կատարվածը ցույց տվեց դեպի Եվրոպա ձգտող Հայաստանի իշխանության ինչ է սպասում։
Եվրոպայի մայրաքաղաքում ադրբեջանցի դեսպանը անձեռնմխելիության բարձր աստիճանով օժտված ՀՀ դեսպանին սպառնում է ու էն Եվրոպան, որը իբր մեզ պետք է օգնի Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հարաբերություններում, մատը մատին չի տալիս։ Էստեղ ինչ-որ մարդիկ կան, որ ստորագրահավաք են անում, քարոզում են, թե Եվրոպան մեզ փրկելու է։ Դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցողին չի կարողանում պաշտպանել։ Նիկոլն ասում է՝ պետք է գյուղացիները ուրախանան, որ 50 մետր այն կողմ Ադրբեջան է։ Քո դեսպանին, որը քո ու Եմ պաշտպանության տակ է, չեք կարողանում օգնել, բա էն խեղճ գյուղացին, ո՞նց է անելու։ Որ քաղաքակիրթ երկրում ադրբեջանցի դեսպանը վատ է տրամադրված, արնախում զինվորից ի՞նչ ես ուզում։
Էկոնոմիկայի ՔՊ-ական թքասեր նախարարն ասում է՝ «Մեզ միշտ թվացել է, որ շատ լավ է, երբ մեր սահմանները մեր հարևանների հետ փակ են, նույնիսկ նարատիվներ են տարածվել, որ եթե սահմանը բացվի, մեր վերջը կգա»: Պապոյան, քեզ Բալայան Տիգրանի օրինակը ոչինչ չի՞ հուշում։
Կարճ ասած՝ ուրիշ պարագայում ձայն կարելի էր չհանել ո՛չ Վրաստանի նախագահի անհեթեթության, ո՛չ ադրբեջանցի դեսպանի կատաղության վրամեծահոգաբար կնայեինք․ բայց այսօր այնպիսի իշխանություն ունենք, որ հնարավոր են ամենամղձավանջային բաներն անգամ։
Պատկերացրեք՝ ինչ-որ խիստ անսպասելի կերպով գտնում եք գանձ, ինչքա՞ն կուրախանաք։ Նիկոլը այ էդպես անսպասելի գտնված գանձ է մեր հարևան, թշնամի երկրների համար։ Սրանց օրոք երկիրն ամբողջովին կորցրել է դիմադրողականությունը, կորցնում է բարոյականությունը, արժեքային համակարգը, դեմքը։ Ու քանի որ էս ամենը անող իշխանությունը դեռ ղեկին է, երկիրը վերածվում է այս ռասկուլաիչիտ եղած ավտոմեքենային, որից մնացել է միայն կմախքը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը