04 10 2023

«Կարճ ասած»․ Արցախը դատարկելու շուրջ միջազգային կոնսենսուս կար



2022 թվականի դեկտեմբերի 12-ին, երբ փակվեց Լաչինի միջանցքը, դրանից հետո իբր սաղ աշխարհ խառնվեց իրար, տեղի ունեցավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք նիստ` հատուկ Արցախի վիճակի թեմայով։ Եղել են լավ, կասեի` խրոխտ ելույթներ մեր օգտին, հնչել են կոչեր, բայց չի եղել կոնկրետ հարց լուծող որևէ բան, լուրջ հայտարարություն, էլ չեմ ասում` պատժամիջոցներ, որոնք չես կարող հաշվել, թե ինչքանն են Ուկրաինայի դեպքում: Lուրջ օգնություն էլ չի եղել, ոչ մի լուրջ պարտադրանք՝ բացելու միջանցքը, կանխելու բլոկադան ու դրա ակնհայտ հետևանքները։ Տպավորություն էր, իսկ այսօր, արդեն, համոզմունք է, որ դատապարտելով հանդերձ, աշխարհը շունչը պահած սպասում էր, խաղադրույք էր անում, թե Արցախը ինչքան կդիմանա, կդիմանա, թե չէ, որ իրենք սկսեն հետևանքների մասին խոսել` մեղադրելով, արդեն, իրենց ձեռնտու կոնտեքստում։ Եվ իրոք, այդ բոլոր երկրները սկսեցին արցախցիների մասին գործնականում անհանգիստ երևալ միայն այն բանից հետո, երբ այլևս չդիմացավ ու հանձնվեց։ Էլի հիշեմ, բա ինչի՞ նույնը չէիք անում Ուկրաինայի դեպքում, էլ զենք, էլ փող, սաղ Եվրոպան ուկրաինացի փախստականներ ա պահում, անգամ զրկանքներ են կրում իրենց քաղաքացիները, լույս, գազ սաղ թանկացել ա, ամբողջ աշխարհը խառնել են իրար, ռուսների դեմ են ելել, թե` տեսեք էս ազատատենչ ուկրաինացիների դեմ պատերազմում ա: Բա ղարաբաղցի հայերը ազատատենչ չէի՞ն, ինքնիշխան չէի՞ն ուզում լինել։ Ի՞նչ է, Պուտինի իշխանությունը, ձեր կարծիքով, որ դիկատորական է, բա Ալիևի՞նը ինչ է, դեմոկրա՞տ, Պուտինն ա՞ հորից իշխանություն ժառանգել, թե՞ Ալիևը, այ երեսպաշտն էր, դե արի ու մի ասա։

Սեպտեմբերի 19-ին, Երբ Ադրբեջանը հարձակվեց 100-120 հազար բնակիչ և ընդամենը փոքրաթիվ զենք ու զինվոր ունեցող Արցախի վրա, Հայաստանն ու մյուս երկրները միաբերան, ոնց-որ մի տեղից թելադրած, լվացին ձեռքերը։ Սեպտեմբերի 19-ից, երբ տասնյակ հազարավոր արցախցիներ հավաքվել էին Ստեփանակերտի օդանավակայանում՝ սոված, ծարավ ու առանց տանիքի, երբ մի քանի հազար արցախցի ռուս խաղաղապահների ճամբարում էր, էլի ոչինչ չարեցին։ Իսկ ահա 5 օր անց, երբ սկսեց բռնագաղթը և մի քանի օրից ավարտվեց, հայաթափվեց, 100 հազար մարդ դուրս եկավ, մի մարդու պես, ակտիվացան, թե բա՝ մոնիտորինգ անենք, տենանք հո իրավունքներ չի խախտվում։ Կրկնում եմ, վստահ եմ՝ ամբողջ երեսպաշտ աշխարհը սպասում էր, թե երբ կհանձնվի 100-120 հազար արցախահայությունը, որ իրենց անդարդ դեմքները առնեն-գան փիարվելու։ Մի դաժան լուսանկար կա, Պուլիտցերյան մրցանակակիր․ Լուսանկարում 90-ականների սկզբին Սուդանում սովից մեռնող երեխան է, քիչ հեռու կանգնած է անգղը, որը սպասում է, մինչև փոքրիկը մահանա, որ խրախճանք անի։ Էդ անգղը էսօրվա ՄԱԿ-ն է՝ իր անդամ բոլոր երկրներով։ Այ էդ անգղի պես սպասեցին, մինչև Արցախում հայ չմնա։ Ու հիմա, երբ բան չի մնացել, ականատես ենք այսպես կոչված՝ միացյալ Արևմուտքի շոուներին։

Մի հատ տեսեք էլի․ սեպտեմբերի 29-ին, երբ Արցախից ադրբեջանցիների զինված ուժերի նշանառության տակ գաղթել էր ավելի քան 90 հազար մարդ, ՄԱԿ-ը հայտարարեց Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու մասին։ Պետք է գնահատեին «տարածաշրջանի բնակիչների հումանիտար կարիքները»։ 9,5 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում որևէ կարիք չգնահատեց ՄԱԿ-ը, անգամ իր երևանյան գրասենյակի դիմաց լցված մթերքը չհասցրեց Արցախ, ՄԱԿ-ա կոչվում։ Հոկտեմբերի 1-ին առաքելությունը գնաց Ստեփանակերտ։ Էնքան բան չէր մնացել, որ մեկ օրում գնահատեց-պրծավ, բան էլ չկար գնահատելու։ Հայտարարում ա, թե՝ ամենաշատը մի 1000 մարդ մնացած կլինի։ Ու սկսեց շոուն․ թե բա՝ ապշած ենք, թե ինչպես հանկարծակի լքեցին տները։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց։ Կան բազմաթիվ զոհեր, ավերածություններ, անհետ կորածներ, գերիներ, ՄԱԿ-ի ԱԽ վերջին նիստում խոսվում էր այն մասին, որ քաղաքացիները տարրական պայմաններ չունենալով՝ կոտորվում են, Ադրբեջանը հարվածել է շենքերի, զոհվել են խաղաղ բնակիչներ, երեխաներ, մանրակրկիտ ներկայացվում էին, թե ինչպես են սպանվել, ՄԱԿ-ի առաքելությունն ասում է՝ ճիշտն ասած՝ քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածություններ չենք հայտնաբերել, բնակելի շենքերը վնասված չէին, խաղաղ բնաչության նկատմամբ բռնությունների ու վայրագության նշաններ չկան, անգամ սպանված կենդանիներ չկան։ Միակ խնդիրը, որ արձանագրել է ՄԱԿ-ը գիտե՞ք որն էր․ որ խանութները փակ էին։ Արցախից զենքը գլխներին պահած տեղահանվել է տեղի բնիկ ժողովուդը, ՄԱԿ-ը գնացել է որ արձանագրի, որ խանութները փակ են։ Դե գնացել էին բնակիչների հումանիտար կարիքները գնահատելու, բնակիչ չեն տեսել, ի՞նչը գնահատեին։ Էդ ՄԱԿ-ը չի՞ տեսել այս լուսանկարը, որտեղ Ադրբեջանը խփել է բնակելի շենքերին, այս վիրավոր երեխային։ ՄԱԿ-ը գնահատել է՞, թե այդ ինչպես է եղել, որ հազարամյակով նույն տեղում ապրող ժողովուրդը մեկ էլ միանգամից, մի շաբաթում լքեց իր սեփական բնակության վայրը․ այդ ի՞նչ եղավ, որ այդպես եղավ, դա չի գնահատել․ որովհետև ամեն բան պարզ էր հենց առաջին օրից։

Եվ քանի որ արդեն Արցախում համարյա բնակիչ չէր մնացել, սկսեցին դրամական պարգևները Նիկոլի կառավարությանը՝ իբր թե տեղահանվածներին օգնելու համար՝ Իտալիայի կողմից՝ 4 մլն եվրո, Գերմանիայից, Կանադայից, Անգլիայից և այլն։ Այն երկրները, որ մատը մատին չէին տվել, որ արցախցին չցեղասպանվի ու չբռնագաղթվի, փողեր սկսեցին տալ իրենց անտարբերության հետևանքների համար, էն էլ՝ 1,2,3 միլիոնով՝ մանր փողեր՝ համեմատած, թե ինչեր են արել ու անում ազատատենչ Ուկրաինայի համար։ Ֆրանսիան հայտարարեց 12,5 մլն եվրոյի մասին՝ հարկադիր տեղահանվածներին արժանապատիվ կերպով օգնելու համար։ Կներեք էլի, բայց 12,5 միլիոնը ամեն բռնագաղթած արցախցու հաշվարկով գալիս ա 56000 դրամ․ դա՞ է ձեր պատկերացրած արժանապատիվ օգնությունը․ էլի եմ ասում, հաշվի առնելով, որ 10 ամիս ոչինչ չեք արել, միայն մեծ-մեծ խոսել եք, սաղ աշխարհին, մեզ նույնպես տասնամյակներով դասեր եք տալիս, թե որտեղ ու ինչպես պետք ա մեզ պահենք։ Ֆրանսիան ոչինչ չարեց, որ արցախցիներին օգնի Ստեփանակերտում մնան, մի հատ ֆուռ վերցրին, Փարիզի քաղաքապետն էլ եկավ նստեց շոֆեռի կողքը, հասան Հակարիի կամրջի մոտ, ասացին՝ վա՞յ, փակ է, նկարվեցին ու գնացին։ Նույն էն պահին, երբ Փարիզի քաղաքապետը եկել-անհանգստանում էր Արցախում սովի համար ու դատապարտում Ադրբեջանին, Ֆրանսիայի նավթարդյունաբերողները գնացել էին Բաքու՝ Ալիևի հետ գործարքներ կնքելու։ Դա գիտե՞ք ինչ էր նշանակում, թե՝ էն որ դատապարտում ենք, մի՛ անհանգստացեք, նա քաղաքականություն է, սա բիզնես է։ Փարիզի քաղաքային խորհուրդը շռնդալից որոշում է կայացրել՝ Արցախի հայերին շնորհել Փարիզի պատվավավոր քաղաքացու կոչում։ Ի՞նչ է դա նշանակում, մեկը կասի՞։ Վիզա՞ են տալիս, Փարիզում տո՞ւն են տալիս Ելիսեյան պալատի կողքը, էդ կոչումը ի՞նչ է ենթադրում։ Հարգելի-սիրելի Ֆրանսիա, ձեր պատվավոր քաղաքացիներից մի քանի տասնյակը հիմա Բաքվի բանտերում են, տեղյա՞կ է Մակրոնը, իսկ ի՞նչ է անում նրանց մասին․ այ հա, մեզ ցույց է տալիս որ այդ ամենի մեղավորը Պուտինն է։ Դուք էլ հո Նիկոլը չե՞ք, քաղաքացիների վրա թքած ունենաք, պատասխանատվությունն էլ սրա-նրա վրա գցեք։ Ի դեպ, Արցախում պետականությանը կերտած, երկրի կայացմանը, ինչպես նաև քանդմանը մասնակից մարդկանց է Ադրբեջանը գերեվարել, Ֆրանսիան ու մյուս աշխարհը որևէ բան անելո՞ւ են, այս մտահոգ տիկնայք և պարոնները։ Թե՞ հանգիստ սպասում են, որ արդեն նրանց բոլորին Ադրբեջանը հանի աճուրդի, ու սկսեն միջազգային առևտուր՝ ամեն մեկը մի բան պոկելու համար։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը եկավ Հայաստան ու գնաց հանդիպեց փախստականներին, ասաց՝ դե փող կտանք։ Այ, այ, այ․․․ Իմ ծանոթներից Գևորգը մահացավ երեք տարի առաջ։ Փող չէր ունեցել հիվանդությունը բուժելու, խորացավ և մահացավ։ Մահանալուց հետո նրա հարուստ մորաքույրը եկավ Ֆրանսիայից 3 երեխաներին ասաց՝ կորդեգրի և կպահի։ Նա գիտեր, որ իր քրոջ տղան հիվանդ է ու եթե չբուժվի՝ կմահանա։ Հիմա Ֆրանսիայից էս մյուս հարուստ մորաքույրն է եկել՝ 12,5 մլն եվրոյով, մարդիկ իրենց հայրենիքը, տներն ու գերեզմանները, վանքերն, անցյալն ու ապագան թողել-եկել են, ասում են 56000 դրամով կօգնենք։

Եվրոպական հանձնաժողովի նախագահը վռազ թվիթերում գրեց, թե՝ Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում: 5,2 մլն եվրոյով կավելացնի մարդասիրական օգնությունը։ Առիթից օգտվելով, ԵՄ պատվիրակության ղեկավարին բա չասե՞նք՝ ախպեր ջան, էն 2,6 մլրդ եվրո փող էիք խոստացել, ստեղի ընտրություններից հետո, էդ ի՞նչ եղավ․ բա խի՞ չեք տալիս, ձեր ուզած տղեն մնաց իշխանության, ձեր սաղ ասածներն անում ա։ ԵՄ-ն այսքան ժամանակ չունե՞ր որևէ լծակ Ադրբեջանին պարտադրելու կամ համոզելու բացել Լաչինի միջանցքը։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ասում է՝ հիասթափված ենք, Ադրբեջանից, որ հարձակվեց, բայց չնայած այդ անպատկռությանը, Բաքուն ԵՄ գործընկերն է։ Վերջ, ամեն ինչ ասված է սրանով։ Էդ եք։

Ամերիկայի միացյալ նահանգները գումար է ուղարկել բռնագաղթածներին օգնելու համար։ Ամերիկան էդքան հեղինակություն ու ազդեցություն ուներ՝ թե՛ Հայաստանի վրա ազդելու, թե՛ Ադրբեջանի, 10 ամիս մենակ Հայաստանի վրա էր ազդում՝ զիջումների տանելու համար, իսկ ի՞նչ արեց, որ արցախցին իր հողից տեղահան չարվի։ 100 հազար արցախցի բռնի տեղահանվել է, ԱՄՆ-ն հայտարարում է՝ էթնիկ զտում չէ դա, ապացույց չկա։ Այ էս լուսանկարները, որ ողողված են նաև ամերիկյան մամուլում, ԱՄՆ պետքարտուղարությունը չի էլ տեսնում։ Զավեշտ է, չէ՞, 100 հազար մարդ, ըստ ԱՄՆ-ի, հենց նենց որոշեց երկու օրվա մեջ հեռանալ իր պապենական հողից, որտեղ ապրում է հազար տարուց ավելի։ Ու հիմա, արդեն, խոսում են արժանապատիվ խաղաղության մասին։ Իրոք զզվելի է այս ամենը։

Կարճ ասած՝ Ադրբեջանի վայրագությունները ողջունվեցին բոլոր կողմերից՝ Հայաստանից սկսած։ Տպավորությունս է, որ միջազգային կոնսենսուս կար Արցախը դատարկելու շուրջ, Արցախը թշնամուն հանձնելու շուրջ, իսկ առաջինը դրան համաձայնել էր Նիկոլ Փաշինյանը։ Կոնսենսուսը արտացոլված էր 2022 թվականի հոկտեմբերի 6-ի փաստաթղթում։ Փաստացի, ի հեճուկս պայմանավորվածությունների, Արցախը աշխարհին դեմ գնաց ու կարողացավ լրիվ ինքնուրույն, առաց արտաքին կապի, գոյատևել, որը տևեց 10 ամիս։ Հետո, ըստ երևույթին, տեսան, որ գոյատևումը կարող է է՛լ ավելի երկար տևել, միջազգային կոնսենսուս եղավ պատերազմով Արցախը դատարկելու շուրջ։ 

Սա լրացուցիչ օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր հույս են դրել այս երկրների վրա։ Միշտ հիասթափվելու ենք, ժողովուրդ, մինչև խելքներս գլուխներս չհավաքենք։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ