07 06 2023

«Կարճ ասած»․ Անկլավները հանձնել ստորագրողի հետ միասին․ համաձայն չե՞ք



Շատ ուշագրավ տեսանյութ օրերս հրապարակվեց իրանա-աֆղանական սահմանից։ Աֆղանական Թալիբանի ներկայացուցիչը իրանցի ինժեներների հետ վիճում է․ պատճառը մեխն էր, որը իրանցիները 2.5 սանտիմետր աֆղանական հողի մեջ էին խրել։ Պահանջում է հետ քաշել։ Իրանցի ինժեները հետ է քաշում մեխը, որից հետո Թալիբանի ներկայացուցիչը սարքով ստուգում է և ասում՝ մեխը ծուռ է և մի մասը էլի մեր հողի մեջ է։ Խոսքը արդեն միլիմետրերի մասին է։ Դա էլ ուղղելուց հետո իրանցուն հարց է տալիս՝ «Դուք ասեցիք եթե ձեր կողմից 10 սանտիմետր սխալ լիներ, աչք կփակեիք դրա վրա։ Էդքան շատ հող ունե՞ք»։ Իդեալական երկխոսություն է, որը պետք է օրը 10 անգամ ցույց տալ Նիկոլին, իր արտգործնախարարին, պաշտպանության նախարարին, ԱԽ քարտուղարին և ընդհանրապես իր թիմին ու իրենց դեռ համակրողներին, որ ասում են՝ Սև լիճը մեզ պետք չէ, սարերը մեզ պետք չեն, Արցախը ընդհանրապես պետք չէ, Տիգրանաշենն ու մյուս գյուղերն էլ վրադիր։

Իրանը մեծ երկիր է 1 մլն 648 հազար ք/կմ տարածքով, Աֆղանստանը Հայաստանից մեծ է ավելի քան 20 անգամ․ 652,864 քառակուսի կիլոմետր է։ Ու 2,5 սանտիմետրի համար մարդիկ կռիվ են տալիս, դա նկարում ու գցում համացանց՝ ի տես բոլոր հանձնողների, որոնց համար հողը գին չունի։ Մեզ մոտ էլ նույն կերպ սանտիմետր-սանտիմետր կռիվ տալով, ամեն սանտիմետրի վրա արյուն թափելով ունեցել ենք Հայաստան ու Արցախ։ Բայց հիմա եկել է ինչ-որ քանդող բրիգադ՝ անհասցե ինչ-որ զանգված ու ամեն մետրի վրա անուն են կպցնում՝ սրանք սարեր են, սրանք անկլավներ են, սրանք դժգույն են, մնացածը դժբախտ։ Աշխարհում շատ են եղել և լինում պատերազմներ, լինում են հանձնումներ ու գրավումներ, ես էսքան հանգիստ հանձնում չեմ տեսել։ Այսպես հանգիստ կարող է հանձնել միայն թշնամին, որովհետև այդ հողը իրենը չի համարում, այս ամենը իր համար հայրենիք չէ, իրենը չէ, ուրիշինն է։

Շատ ինտենսիվ խոսում են հանձնելու մասին, էնքան են ասել անկլավ, գյուղեր ենք հանձնելու, որ արդեն մարդկանց մեջ արմատանում է դա որպես անխուսափելի բան, արդեն կարծես հոգեբանորեն տրամադրվել են հանձնելուն։ Բայց ժողովուրդ ջան, հանձնել-չհանձնելու թույլտվություն տվողը դու ես, դու տենց բա՞ն ես թույլ տվել, ինչ-որ ոչ մեկս չի հիշում։ ՀՀ Սահմանադրությունը, որից լիուլի օգտվել են սրանք ու բազմաթիվ անգամներ խախտել, 205 հոդվածում ասում է՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը, եթե Աստված մի արասցե առաջանում են, լուծվում են, օրինակ՝  հանրաքվեների միջոցով։ Հանձնել բառը հանեք մտքներիցդ, դրա փոխարեն պետք է լինեին թույլ չտալ բառերը։

Նիկոլը Ալիևին բազմիցս մեղադրել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը խախտելու շուրջ։ Բայց Նիկոլն ինքը խախտում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հանձնումների միջոցով․ էդ թղթում գրված է՝ զորքերը կանգնած մնում են այնտեղ, որտեղ կանգնած են, գրած չէ, որ պետք է զորքերը գան կանգնեն Սև լճի մեջտեղը, վերցնեն հայ-վրացական մայրուղին, հայ-իրանական մայրուղին, Տիգրանաշենն ու մյուս գյուղերը։ Այսինքն՝ անկլավների մասին խոսելով՝ հենց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը խախտում եք։ Թե ինչու՝ պարզ չէ։ Սրանք արդեն լեգիտիմացրել են հանձնումները, բանը հասել է էնտեղ, որ թեզ են առաջ բերում՝ հանձնենք, որ պատերզմից հետո ներխուժած տարածքներից դուրս գան։ Ալեն Սիմոնյանը, որ կյանքում մի քար քարի վրա դրած չկա, երկրիս մասին ասում է՝ եթե իրենք դուրս չգան մեր ինքնիշխան տարածքից, մենք էլ դուրս չենք գա իրենց տարածքից․ այսինքն որ իրենք դուրս չգան մեզանից գրաված 150 քառակուսի կիլեմետրից, մենք էլ դուրս չենք գա Տիգրանաշենից, որը մերն է։ Մեկը հարցնի, այ ընկեր, ի՞սկ էդ ինչու՞ եք թողել, այո դուք եք թողել, որ մտնեն մեր ինքիշխան տարածք, որ մի հատ էլ ասեք՝ դե դուրս եկեք, որ տանք, թե չէ, չենք տա։ Էդ ի՞նչ աֆերիստություն եք մտածել ձեր կառուցողական ու կիրթ ընկերների հետ։ Սկզբից թողնում եք, որ հանգիստ մտնեն, տեղավորվեն, հետո հերոսաբար ասում եք, դե որ չհելնեք, մենք Տիգրանաշենից դուրս չենք գա։ Կլինի՞ սկզբից ձեր տները տաք, ձեր դիզած կարողությունները տաք։ Մի փոքր որ պատիվ ունենայիք, իշխանությունն էլ կհանձնեիք, ու այդ ամենը մի բանի երեսից, որ թույլ եք տվել, որ թշնամին մտնի Հայաստանի ինքնիշխան տարածք։ Թե չէ, դրել տիգրաշենցու, բաղանիսցու, ոսկեպարցու տներն եք բազարի առարկա սարքել․ ո՞վ է այդ իրավունքը տվել ձեզ։

Ժողովուրդ ջան, ես վստահ եմ, որ Հայաստանի անունից էսօր որոշում կայացնողները, կլինի նախագահ, վարչապետ, դեպուտատ, թե նախարար, վաղը Հայաստանում չեն ապրելու, նրանցից ամեն մեկը իր հաշվին գումար կստանա ու երաշխիքային քարտ՝ հօգուտ  թշնամու գործողությունների համար։ Մենք ենք մնալու, ժողովուրդ, շվարած, թե այդ ո՞նց թույլ տվեցինք այս ամենը։ Ադրբեջանին այդ այսպես կոչված՝ անկլավները հանձնելու արդյունքում, Ադրբեջանը ստանալու է մեծ առավելություն, դրանք նրա համար սոսկ տարածք կամ գյուղ չէ, այլ լրացուցիչ առավելություն, տարածաշրջանում գործոն լինելու, նաև լրացուցիչ հնարավորություն է հետագայում մեզ զսպելու առումով։ Իսկ մենք, չգիտես ինչու,  պետք է մտածենք սար ու ձորով ճանապարհ սարքելու մասին, որ Իրանի հետ կապ ունենանք։ Ազգի կեսը հանգստանում է Բաթումիում ու Քոբուլեթիում, ավտոբուսով պտի ադրբեջանցիքի նշանառության տակ գնաք-գաք, որովհետև 2018-ին ժողովուրդը ելավ փողոց, էքսպերիմենտ էր ուզում, տեսներ ակվարիումի պարող տղեն, մեկ էլ սադրիչ մուտիլովշիկը կկարողանա՞ն երկիրը պահեն, թե չէ․ դուրներդ գալի՞ս է։

Արարատ Միրզոյանն ասում է՝ մենք Արցախի ժողովրդի անունից բանակցելու մանդատ չենք ստացել։ Ու չի ասում, թե էդ դեպքում ինչու են իրենց անունից նույն նոյեմբերի 9-ին թուղթ ստորագրել ու կապիտուլացվել, հետո էլի հանձնել ու հանձնել։ Արարատ Միրզոյանին մի հարց էլ ունեմ՝ Ոսկեպարի, Բաղանիսի, Տիգրանաշենի և բոլոր այն գյուղերի բնակիչները, որ հանձնում եք, ձեզ դրա համար մանդատ տվել ե՞ն։ Չասեք ընտրություններում ձայն են տվել, որովհետև ընտրությունները լրիվ ուրիշ բանի մասին էին, ուրիշ բովանդակություն էր։ Էնքան էիք ոգևորվել, որ ասում էիք՝ Նիկոլին ձայն տվեք, որ Շուշին հետ բերենք։ Հիմա ասում է՝ չկա էդպիսի գյուղ, որ կարող եմ հանձնել ու պրոբլեմ լինի։ Նախ ինչ մինչ օրս հանձնել ես, զաթո պրոբլեմ է, Արցախը բլոկադայի մեջ է, Ղափանի ճամփեն տվել եք, տեղը իբր բան եք սարքել, տարին 12 ամիս վերանորոգում եք։ Պրոբլեմներն էլ կարող եք էն ձեր մարզպետից իմանալ, երևի ձեր տներում ու դաչաներում ոչ մի պրոբլեմ չկա, 4 շարքով էլ նավսյակի ոստիկաններ են շրջապատում, որ պրոբլեմ չունենանք։ Հետն էլ ասում է՝ ես տալիս եմ, բայց վստահ չեմ, որ ադրբեջանցիներն էլ կտան։ Հանձնեմ, որ իմ վրա հանկարծ էդ թեմայով ճնշում չբանեցնեն։ Մտածում եմ, լավ, ո՞ր մի հայը կարող է այսքան թշնամու սրտով լինել, իր ուզածները ոչ միայն ասի, այլ նաև անի, խելոք, հետևողականորեն, ձեռքի հետ էլ հայ հասարակությանը, այսքան հմտորեն պատրաստի՝ հանձ-նը-վե-լուն․․․երևի եթե պետք է որ հայ չլինի, ուրիշ բան մտքովս չի անցնում։

Ամիսներ առաջ, երբ ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորը հարցնում էր Արարատ Միրզոյանին, թե անկլավների հարց քննարկում ե՞ք, պատասխանում էր՝ էդ թշնամուն նավոդկա ես տալի՞ս։ Պարզվեց՝ լավ էլ քննարկում էին ուղղակի մարդկանց հիմարի տեղ էին դրել։ Նույն մարդուն հարցնում են՝ Նիկոլը ամեն օր հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,600 քառակուսի կիլոմետրով, Ալիևը գոնե մեկ անգամ հայտարարե՞լ է, որ ճանաչում է Հայաստանի Հանրապետությունը 29,800 քառակուսի կիլոմետրով, ասում է՝ Ալիևը չի ասել, որ ճանաչում է Հայաստանի 29,800 քառ․կմ-ն, բայց նրա ներկայությամբ Շառլ Միշելն ասել է, Ալիևը չի հերքել։ Հույս ունեմ մի օր Ալիևն էլ կասի։ Սրա համար էլ էս օրին ենք։ Մտնում են մեր տարածքը գրավում են, սրանք ասում են՝ դե ես կադաստրի թուղթ չունեմ, որ իմանամ իմ տարածքն է, թե չէ։ Ինչպես դրամատուրգները կասեն՝ վարագույր։ Ամեն բան պարզ է։

Կարճ ասած՝ մի կեղտոտ թեզ կար մեզ մոտ, ոչ պոպուլյար, բայց հետևողականորեն վստահ եմ՝ թշնամու կողմից առաջ բրդվող՝ Արցախը հանձնենք, լավ կապրենք։ Սրանք դա էլ արեցին, հանձնեցին, բայց բնականաբար տեսնում ենք, որ էլի զոհեր են, էլի կորուստներ, էլի էդ խոստացած ձևով չի լինում ապրել։ Ու չի էլ լինելու։ Հիմա ուրիշ թեզ է՝ Տիգրանաշենն էլ հանձնենք, որ լավ ապրենք, Ոսկեպարն էլ հանձնենք, քանի հայ-իրանական մայրուղին չի անցել թուրքի հսկողության տակ, լավ չենք ապրելու։ Սա թշնամու ծրագիր է, այստեղի դերակատարներն էլ ծրագիրն իրականացնողներն են, ուրիշ հեքիաթներ էլ մի պատմեք։ Հոգնեցինք, բացատրություններ որոնելով, ամեն բան պարզ է։

Սևակ Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ