14 03 2024

1926-ի քարտեզով որևէ անկլավ գոյություն չունի. Բաքուն իրավական հիմք չունի. Լևոն Ստեփանյան



Հայաստանի Հանրապետության 1926 թվականի քարտեզով որևէ անկլավ չկա, ու Բաքուն իրավական որևէ հիմք չունի դրանց հավակնելու։ Այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը:

«Վերցրեք 1926 թվականի Հայաստանի քարտեզը, ոչ մի անկլավ չկա։ Որտեղի՞ց ու ի՞նչ պատճառներով հայտնվեցին այդ անկլավները։ Այդ հատվածներում ադրբեջանցիները խորհրդային տարիներին արածեցնում էին իրենց նախիրները, հետո բնակավայրեր կառուցում, այդպես են այդ անկլավները ի հայտ եկել։ Չնայած դրան, Բաքուն ոչ մի իրավական հիմք չունի հավակնությունների համար»,- նշեց նա։

Գեներալը հիշեցրեց, որ խոսվում է նաև այդ անկլավները հայկական Արծվաշենի հետ փոխանակելու մասին ու վստահեցրեց` Ադրբեջանը նման քայլի չի գնա։

«Իհարկե, Արծվաշենը տարածքով շատ ավելի մեծ է (40 ք/կմ), քան այդ բոլոր անկլավները միասին վերցրած, բայց այն ռազմավարական արժեք չունի, որ Բաքուն Հայաստանին զիջի այդ անկլավները։ Ադրբեջանը շատ լավ հասկանում է այդ տարածքների արժեքը Հայաստանի համար թեկուզ այն պատճառով, որ դրանցով անցնում է դեպի Վրաստան միջպետական ճանապարհը։ Իհարկե, Վրաստան տանող ճանապարհը կարելի է անցկացնել այլ տարածքով, բայց պետք է հասկանալ, որ Տավուշում Հայաստանն առանցքային բարձունքներ ունի։ Եթե անկլավները հանձնվեն հակառակորդին, ապա նա շատ լուրջ առավելություն կստանա, այդ իսկ պատճառով ոչ մի դեպքում չի կարելի այդ գյուղերը տալ»,- հավելեց Ստեփանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ