ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների կառուցողական փոխգործակցությունը հատկապես անհրաժեշտ է ներկայիս աշխարհաքաղաքական լարվածության համատեքստում: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 20-րդ հանդիպմանը նվիրված ուղերձում։
Հատկապես կարևոր է կանխել ապակայունացումը ԱՊՀ ներսում և հարևան տարածաշրջաններում, նշել է Պուտինը, որի ուղերձն ընթերցել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
«Այսօր բարդ աշխարհաքաղաքական պայմաններում ձեր կառուցողական փոխգործակցությունը հատկապես կարևոր է: Անհրաժեշտ է կանխել իրավիճակի ապակայունացումը ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ հարակից տարածաշրջաններում: Անվտանգության ամրապնդման համար հետախուզական ծառայությունները ոչ միայն պետք է ուսումնասիրեն սպառնալիքները, այլև կանխատեսեն դրանց զարգացումը, փոխանակվեն տեղեկատվությամբ և աշխատանքային փորձով: Համոզված եմ, որ ներկա հանդիպումը նշանակալից փուլ կլինի գործընկերության խորացման համար՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների, կծառայի համագործակցության ոլորտում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը», - նշել է Պուտինը և հանդիպումն անվանել «հետախուզական ծառայությունների միջոցով ժամանակի համարժեք նոր մարտահրավերներ, համագործակցության ձևեր և մեխանիզմներ կառուցելու ճանապարհ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը