Ինչո՞ւ չկայացավ Գրանադայում այսօր նախատեսվող հանդիպումը և ինչո՞ւ Ալիևը հրաժարվեց այդ հանդիպումից. ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հարցին ի պատասխան «Հայաստան» խմբակցությանպատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանն ասաց.
«Հայաստանի իշխանությունը հավանաբար հույս ուներ, որ Ադրբեջանն իր արյան ծարավը կլրացնի միայն Արցախով։ Բայց Ալիևի երեկվա դեմարշը ցույց տվեց, որ նրանք միայն Արցախով չեն բավարարվելու ու լրացուցիչ պահանջ են ներկայացրել Հայաստանին, ինչի մասին մենք տարիներ ի վեր զգուշացնում ենք»:
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ ամենայն հավանականույթամբ առաջնային պահանջը եղել է այսպես կոչված անկլավների վերաբերյալ։
«Դրա «լեգիտիմությունն» Ադրբեջանին տվել է կամ նրա բերանը լեզու է դրել Փաշինյանը, նրա խմբակցության անդամները։ Իհարկե, եղել է նաև միջանցքի խնդիրը, որքան էլ Իրանը չհերքի, որ համաձայնվել է, որ երկաթգծի մի ճյուղ անցնի իր տարածքով»,-ասաց պատգամավորը։
«Եթե Փաշինյանը կարծում էր, որ կտա Արցախն ու կփրկի Հայաստանը, ապա հիմա տեսնում է, որ այդպես չէ, Ալիևի դեմարշը դրա հետևանքն է»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսված էր Փաշինյան-Ալիև հանդիպում, որին պետք է մասնակցեին նաև ԵՄ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարները։ Երեկ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ չի մասնակցելու հանդիպմանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը