Ազգային ժողովում երեկվա հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը գրեթե արդարացրեց Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինվորներին։ Ասաց՝ փախուստի են դիմել, էն բռնվածը չի ուզում վերադառնալ, չբռննվածն էլ, իր տեղեկություններով, փոշմանել է, ուզում է վերադառնալ և այլն։ Թե էդ ինչ տեղեկություններ էր, չգիտեմ։ Ու հարցին, թե ոնց են անարգել մտել սահման, պատասխանում է՝ տեղանքը թույլ է տալիս։ Մի ՔՊ-ական դեպուտատ էլ՝ Սարգիս Խանդանյանը, ասում էր՝ ադրբեջանցի մեկ զինվորի ՀՀ-ում գտնվելը անվտանգային ռիսկեր չի առաջացնում։ Էսօր պարզվում է, որ այդ ադրբեջանցին սպանություն է կատարել մեր երկրում ու բռնվել է ոչ թե իրավապահների կողմից, այլ քաղաքացիների։
Օրինակ, Փաշինյանը, Սարգիս Խանդանյանը ինչպե՞ս են քնելու գիշերը, չէ՞ որ հնարավոր է, իրենց խոսքը, թե 1 ադրբեջանցու ՀՀ-ում գտնվելը վտանգ չի ներկայացնում, սպանված քաղաքացին լսել ու հավատացել է իրենց, գնացել է աշխատանքի, հետևից մտել է փախած ադրբեջանցին ու սպանել։ Ոնցե՞ք դուք գիշերը քնելու, ինչպե՞ս։ Իսկ միգուցե այդ ադրբեջանցին լսելով ինչպես է Փաշինյանը հայտարարում, որ էս մի բռնված ադրբեջանցին չի ուզում վերադառնալ, իսկ մյուս՝ իրենց բանակից փախածը՝ ուզում է, որոշել է «հերոսություն» անել, ինչպես տեղեկացանք դրա սոցցանցային եթերից, հայի արյուն թափել, որ կարողանա վերադառնալ և պատիժ չստանալ։ Ինչ է՞, հնարավոր չի՞։ Ինձ թվում է՝ հենց Փաշինյանի այդ հայտարարությունից հետո էլ այդ որոշումը կայցրել է գլխակեր ադրբեջանցին։ Չգիտեմ, եթե իրավապահ համակարգում կան ազնիվ հետաքննողներ, ճիշտ կլինի, դա քննեն, թեկուզ մի տեղ պահեն, կամ հանրայնացնեն, որևէ կերպ։
Ո՛չ Սարգիս Խանդանյանի ծպտունն է դուրս եկել, ո՛չ Նիկոլ Փաշինյանի։ Հայաստանի քաղաքացին մի կողմից կարդում է, թե ինչպես է թշնամին անարգել մտել մեր երկիր, մի քանի օր շարունակ շրջագայել, սպանություն արել, մյուս կողմից լսում է Հայաստանի դե ֆակտո ղեկավարի արդարացման խոսքը թշնամու զինվորի հասցեին, ի՞նչ մտածի նա։ Հերթական անգամ ապացուցվում է, որ Հայաստանում այսօր անիշխանություն է, մեր երկրի հետ վարվում են այնպես ինչպես ուզում են, ի միջի այլոց, հա՛մ թշնամի պետությունը, հա՛մ մեր իշխանությունները։ Ուրեմն, ինչպես ասացի, երկու ադրբեջանցուն էլ բռնել են քաղաքացիները, ոչ մի ուժաին չի բռնել, ուժայինները հսկում էին միայն Երևանի կենտրոնը՝ Կառավարության շենքի մոտ էին՝ ավտոբուսներով, ԱԺ շենքի մոտ։ Գլխավոր շտաբի պետը չի խոսում, ԱԱԾ-ն չի խոսում, խոսում է միայն Փաշինյանը, նա էլ՝ ադրբեջանցիների կողմից։ Համացանց ես մտնում՝ խուճապ է, անհանգստություն է, անտերության զգացում է, հայհոյանքների տարափ։
Այսօր իմ թեման այլ է, մտադիր եմ խոսել իշխանության նկատմամբ քաղաքացու վերաբերմունքի մասին, բայց հերթական ողբերգական փաստը եկավ լրացնելու, թե ինչքան անպաշտպան է մեր ժողովուրդը։ Երբ փողոցային նկարահանումների ժամանակ դիմում ենք քաղաքացիներին՝ որևէ օրակարգային հարցի շուրջ տեսակետ հայտնելու, օրինակ՝ սահմանին վիճակի գնահատական, Լաչինի միջանցք, գնաճ և այլն, մեծամասամբ խուսափում են պատասխանից ու ասում են՝ նյարդայնացած ենք, չենք կարող առանց հայհոյելու պատասխանել։ Եթե պատասխանում են, ուրեմն հիմնականում հայհոյանք է։ Մեր՝ լրատվամիջոցներիս գործը հիմա ավելի է բարդացել, մարդիկ սկսել են ոչ եթերային բառապաշարով խոսել։ Բոլոր այն տեսանյութերը, հոդվածները, հրապարակումները, որոնցում իշխանական կարկառուն ներկայացուցիչ է՝ ՔՊ-ական դեպուտատ, վարչապետ, ԱԺ նախագահ և այլն, կարդացեք մեկնաբանությունները, ահավոր է։ Իրենց սերմանած անհանդուրժողականությունը բազմապտիկ վերադարձել է հենց իրենց։
Անխուսափելիորեն, այդպես էր լինելու, որովհետև իշխանության եկածը այն տեսակը չէր, որ պետք է առաջնորդեր, ղեկավարեր մեր հնամենի երկիրը։ Ինչո՞ւ է հանրությունը այսքան վատ տրամադրված իշխանության նկատմամբ․ որովհետև խաբվեց ոտքից գլուխ, հիմարի տեղ դրվեց։ Տարիներ շարունակ շատերս բողոքում էինք զանազան բաների համար, մեզանից շատ բողոքում էին Նիկոլն ու իր թիմակիցները։ Ճակատագրի բերումով նրանց տրվեց հնարավորթյուն այդ բոլոր թերությունները շտկելու, բայց իրենք խորացրին։ Էն բոլոր վատ երևույթները, որոնց մասին անդադար խոսել են այսօրվա իշխանավորները, հիմա իրենք տասնապատիկ վատն են անում, անում են այն, ինչ նախկինները երբեք չեն արել։ Խոսենք ժողովրդի աղքատանալուց ու իշխանավորի հարստանալուց, խոսենք ազգուտակին պաշտոնի տեղավորելուց, խոսենք պաշտոնյաների ազգուտակը բիզնեսմեն դարձնելուց, խոսենք ուղեղների արտագաղթից, գյուղացի ու հողագործության մահանալուց խոսենք։ Բոլոր առումներով ավելի վատ է, քան երբևէ։
Հանրապետության հրապարակը 2018-ին լի էր գյուղացիներով, ֆերմերներով։ Մի գյուղացի հարցազրույց էր տալիս, ասում էր կովերի ֆերմա ունեմ, կաթը շատ էժանով են մթերում, իշխանափոխություն եմ ուզում։ Իշխանափոխություն արեց, էսօր Քերոբյանին բողոքում են, որ կաթնամթերքի արտահանումը դադարեցվել է, պատասխանում է՝ ողբերգություն մի սարքեք, կաթնամթերքը գյուղատնտեսության փոքր տոկոսն է։ Այսինքն՝ ինչ լինում է՝ թող լինի, Քերոբյանի թվերում տոկոսը քիչ է։ Բայց կով ու ոչխարի հետ ինչքան աշխատող կար, ձայն էին տալիս Նիկոլին։ Էսքանից հետո ո՞նց չհայհոյեն։
Այս իշխանության ներկայացուցիչները առաջ բողոքում էին, օրինակ, որ ընդդիմությունը անտեսված է, վերահսկողական մեխանիզմեր չեն տալիս, չեզոք պաշտոնները զբաղեցնում են իշխանականները։ Ասում էին՝ արդարադատության փոխնախարարը դառնում է օմբուդսմեն, վարչապետը ղեկավարում է կոռուպցիայի դեմ պայքարը և այլն։ ճիշտ էին ասում կարծես։ Հնարավորություն ստացան շտկելու, երազած ժողովրդավարություն հաստատելու։ Բայց եթե էն ժամանակ ընդդիմադիր թեկնածուներ էին հանդես գալիս որևէ պաշտոնում, նորմալ, քաղաքակիրթ մասնակցում էին, լսվում, ծրագիրը ներկայացնում ու հիմնականում մերժվում, հիմա մի քայլ առաջ են անցել, ասում են՝ ընդդիմությունը ո՞վ եղավ, որ թեկնածու ունենա։ Դեբոշ են սարքում, տապալում։ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության խայտառակությունը միակը չէ, հերթականներից մեկն է․ հիշենք ինչ եղավ, երբ ընդդիմությունը համարձակվեց ՀՌԱՀ-ի անդամի պաշտոնում առաջադրել ընդդիմադիրի թեկնածություն։ Սիսակ Գաբրիելյանը ո՞նց էր խոսում իր հոր տարիքին մարդու հետ, որի աշխատանային ստաժը իր տարիքից շատ էր։
Նիկոլենք բողոքում էին, հենց երեկ բողոքում էր, որ ծնողները զինվորներին հագուստ էին ուղարկում, իրենք եկան իշխանության, ու հագուստին ավելացավ վերմակը։ Ծնողը ինքն է գնում ու լույս քաշում զորանոցում, որ իր տղան մթության մեջ հայրենիք չպահի․ ջեռուցում չի քաշում, թողնում է պետության հույսին, ու զինվորը ողջակիզվում է։ Ունեին հնարավորություն, չէ՞, բանակում ծնողների էս մատակարարոււմները դադարեցնելու, բայց մեծացրին։ Ու հիմա զինվորի ծնողը հայհոյում է։ Հլը չեմ խոսում զինվորի անվտանգությունից։ Ու այսպես լիքը խնդիրներ։ Ու երբ բոլոր ուղղություններից մարդկանց դժգոհությունը բազմապատկվում են, իշխանությունը դա զգում է իր մաշկի վրա, դժվարանում է փողոց դուրս գալը։ Մեզ մոտ խնդիրներին կուտակվել է խնդիրների խնդիրը՝ հայրենիքի հանձնումը, զոհերը, թափառական թողնելը։
Երբ ուղղակի օդում կախված է մեր երկրի ու ժողովրդի գոյության վտանգը, երբ մշտական են դառնում նահանջները, կորուստները, երբ սահմանին զոհեր ունենք, թշնամու զինվորները վխտում են մեր երկրում ու սպանություններ գործում, երբ քաղաքացին ցամաք հացի փող հազիվ է հայթայթում, երբ մարդկանց բռնի հանել են իրենց տներից, հանձնել թշնամուն ու ծածկ չեն տալիս, զուգահեռ իշխանությունը հարստանում է կայծակնային արագությամբ, էդ ընթացքում վարչապետից տուժած քաղաքացին տեսնում է թիկնազորով քայլող վարչապետին, ԱԺ նախագահին, ի՞նչ վարքագիծ պետք է դրսևորի։ Հենց դրա համար էլ որքանով որ դժվարացել է մեր՝ լրատվամիջոցներիս վիճակը՝ այդ մարդկանցից կարծիք լսելու, այնքան էլ դժվարացել է իշխանավորների վիճակը այդ մարդկանց աչքին երևալու հարցում։ Ասենք՝ թիկնապահները կանխեցին Նիկոլի վրա զոնտիկ նետելը, թիկնապահները օգնեցին Ալեն Սիմոնյանին մի երիտասարդի հախից գալ, բայց դրանով ոչ մեկի մոտ այս իշխանության մասին տեսակետը, համոզմունքը չփոխվեց, չէ՞, խնդիրներն էլ չպակասեցին, չէ՞։ Որ մարդկանց քաշքշեցիք, դավաճանից հերոս չդարձաք, չէ՞։ Դժվար է, չէ՞, պատկերացնել մի պարագա, որ հանրությունը սկսի հարգանք դրսևորել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, Ալեն Սիմոնյանի նկատմամբ, Վահագն Ալեքսանյանի նկատմամբ, չծաղրել Քերոբյանին, Աղազարյանին, Դավոյանին ու այսպես շարունակ։ Չեմ պատկերացնում։ Իրենք դա գիտեն, մեզանից լավ գիտեն, գլխների գալիքն էլ գիտեն։ Ինչո՞ւ են իշխանությունը այդպես պահում ատամներով, եղունգներով․ թիկնապահների, հազարավոր ոստիկանների շնորհիվ են կրողանում մեր մի անկյունից մյուս անկյունը գնալ։
Կարճ ասած՝ Հայաստանը մտել է աղետների մի փուլ, որտեղ իշխանությունն աղետ է բերել ամեն տեղ, վնաս տվել ամենքին։ Դիմում եմ իշխանավորներին․ վստահ եմ՝ դուք հանգիստ չեք ունենալու, որովհետև դուք խախտել եք բոլոր կանոնները, մարդկայնության, բարոյականության։ Դուք այրել եք հանրության հետ բոլոր կամուրջները։ Դրա համար ամեն օրը ապրում եք վախերի մեջ։ Հիմա հենց սահմանին կրակոց է լինում, անմիջապես ամրացնում եք ձեր անվտանգությունը, հենց ակցիա է լինում, էլի նույնը․ բանը հասնելու է նրան, որ վաղը հենց լսեք ինչ-որ գյուղի դպրոցից աշակերտները Երևան էսքսկուրսիայի են եկել, անմիջապես ավելացնելու եք ձեր թիկնազորը։ Ձեր վախերը ամեն ինչից են ու դա բնական է, դա պետք է լինի։ Չեք կարող էսքան մարդկանց վատություն անել ու վախեր չունենաք։ Չի լինում էդպես։ Դուք արդեն անցել եք այն կետը, որ ձեր խաղաղ գոյակցությունը հանրության հետ ուղղակի անհնար է։ Ի՞նչ եք անելու, երբ վաղը զարթնեք առանց պաշտոնի։ Իսկ վաղը գալու է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը