Արդարադատության նախարարությունը շատ մեծ հնարավորություն ուներ նոր-նոր ձեռք բերված գործիքը՝ ստի դետեկտորը, ստուգելու Նիկոլ Փաշինյանին այսօրվա մամուլի ասուլիսում։ Չնայած առնվազն ինձ հասկանալի է չօգտագործման պատճառը․ այդ գործիքը կիրառում են առանձնահատուկ դեպքերում․ իսկ երբ մեկինը ոչ թե սուտ է, այլ ստերի ընտրանի ու այնքան շատ են, որ բոլորն են կարող պարզել, ինչո՞ւ անիմաստ ռեսուրս ծախսել, աշխատացնել մասնագետ ու գործիք։
Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսը հակասությունների, կեղծիքների, մանիպուլյացիաների, ստերի հավաքականություն էր, հենց նախաբանից սկսած։ Ուղղակի ծանր է մեկ հաղորդման մեջ անդրադառնալ 4,5 ժամ տևած այդ բանին, բայց մի քանիսին անդրադառնամ։ Նախ ամենասկզբում խոսեց տնտեսական աննախադեպ աճի մասին։ Բան չունեմ ասելու, ասենք տնտեսական աճը 93 տոկոս է․ պատգամավոր Փաշինյանը վարչապետ Կարեն Կարապետյանի իշխանությանն ասում էր՝ էդ աճը հեչ, դա ինչքանո՞վ է անդրադառնում քաղաքացու վրա, իրենց մաշկի վրա որքանո՞վ են զգում։ Հիմա Փաշինյանը այս հարցի պատասխանը չի տալիս․ նա ժողովրդի հետ չի շփվում, ինքն ու կինը թիկնապահներով շրջում են ժողովրդից մաքրած փողոցներով, պեռաշկի են ծամում, ՔՊ-ական դեպուտատ-նախարարները տներ, ավտոներ, դղյակներ են առնում, տուրիստական տոմսեր, տեսնում է բոլորն էլ դզվել են, ասում է բա իրենք ժողովուրդ չե՞ն, լավ են անում, որ լավ են ապրում։
Պապիկյանի շքեղ տան մասին են հարց ուղղում, ինքը չի պատասխանում, թե ոնց պատմության դասատուին կես միլիոն դոլարանոց տուն հասավ, ասում է՝ ի՞նչ վատ ա, նորակազմ ընտանիք ա։ Հա լավ ա անում, թող 10 հատ ձեռք բերի, բայց կոռուպցիոն ռիսկ կա՞, թե չկա։ Ասում են բայց ՔՊ-ական մյուս պատգամավորներն էլ են առնում նույն տարածքում տներ, պատասխանը ցինիզմի գագաթնակետն է, ասում է՝ հո սաղ չառա՞ն, էլի տներ կան, դուք էլ առեք։ Ասում են բանկը էդքան փող չի տալիս։ Ուրիշ տեղից վերցրեք։ Օդում կախված տեղեկություններ կան այն մասին, թե ինչպես էր նախկինում խմբագիրներից մեկը նյութեր գրելու կամ չգրելու դիմաց սպիտակ Նիվա ստանում, հետո պայման էր խախտում վառում էին, մտնում աշխատողներին ծեծում ու էդ ծեծն էլ, հետագայում թանկով ծախում էր։ Օդում կախված տեղեկություններ կային, թե ինչպես էին հետո նույն խմբագրին խոզերի ֆերմա, հողատարածք, կահույք տալիս։ Ու հրապարակված փաստ կա այն մասին, թե ինչպես է նախկին նախագահի ընտանիքի անդամը քեշ փող տվել, որ իր ընտանիքից յան տա։ Ու հիմա երբ լրագրողներին հեշտ ասում են՝ է գնա 300 հազար դոլարով տուն առ, ինձ մոտ տպավորություն է, թե լրագրողները էդ խմբագրի պես՝ օդում կախված աղբյուրներից նվեր ու փող է ստանում։
Նույն այդ մարդը էս ֆոնին, երբ մեր երկրում ամեն օր պետական մի քանի պաշտոնյայի կալանավորում են կոռուպցիոն մեղադրանքով, սա ասում է՝ Հայաստանում համակարգային կոռուպցիա գոյություն չունի։ Մարդու ուղեղում չի տեղավորվում, ազնիվ խոսք․ եթե մի համակարգից, օրինակ՝ առողջապահությունից, միայն մի թեմայի շրջանակում, 11 հոգու ձերբակալում են կոռուպցիայի համար, եթե ամեն օր լուրեր են հրապարակվում, թե ոնց է պարեկը կաշառք վերցրել, ոստիկանը կաշառք վերցրել, փողով վարորդական իրավունքի վկայական տվել, պարեկները ծեծել են մնացել են անպատիժ, եթե ամենօրյա կտրվածքով ՊԵԿ պաշտոնատար անձանց են ձերբակալում կաշառքի վրա՝ հարկայիններ, մաքսայիններ և այլն, այն էլ՝ պաշտոնյաներ ու նաև՝ խմբակային, եթե արդարադատության նախարարը ու ԲԴԽ նախագահը հարյուր տարվա մտերիմ ընկեր են, համարյա մի ընտանիք, համատեղ բիզնես են անում նույն իրենց ոլորտում, երբ ինչքան անգրագետ քպական կա տեղավորել եք պաշտոնների ու փողա որ մսխում են, բոլոր համակարգերում էս կարգի խնդիրներ են, բա էլ համակարգային կոռուպցիան ո՞րն է։
Իհարկե՝ զավեշտալի հայտարարությունները շատ էին․ ամեն ինչ արեցին ու ամեն հնարավոր եղանակի դիմեցին իշխանությունը զավթելու համար, ընդդիմադիրների գլխին սարքում են, ու հիմա ասում է՝ երբեք իշխանության ուզուրպատոր չեմ եղել ու չեմ լինի, դատավորներին, դատախազներին հրապարակային ցուցումներից հետո ասում է՝ Հայաստանում ոչ մեկի գլխին գործ սարքելու հրահանգ չի լինի։ Սրա ինչը՞ բռնի ստի դետեկտորը, անգամ հեռախոսային ձայնագրություններ կան, էլ ի՞նչ լինի։
Ասուլիսում բազմաթիվ զավեշտների հետ մեկտեղ ամենակարևորը և ամենամեծ զավեշտը անվտանգության ու Արցախի թեմայում էր։ Էլի իրար հակասություններ, խառնաշփոթ, մեղադրանք բանակին, նախկիններին, խոսքերից թռնում և այլն, բայց ամեն անգամ հասկանում էիր, թե ինչքան անպատկերացնելի ծանր վիճակում ենք։ Ասում է՝ եթե մենք ինչ-որ թուղթ ստորագրենք, ուրեմն պետք է ուրախանաք, որ ինչ-որ արդյունք կա, իհարկե՝ դա մեր ուզածը չէ, բայց կբերի խաղաղություն, բայց ոչ մի բան չի երաշխավորում, որ խաղաղությունը 5 րոպե հետո չի խախտվի։ Ադրբեջանը ուզում է ցեղասպանություն անել Ղարաբաղում, բայց Հայաստանը բան չի բանակցի, թող ղարաբաղցիները իրենք բանակցեն, բայց որ իրենք էլ բանակցեն, չկա երաշխիք, որ բանակցողը բանակցությունից հետ կգա։ Կարծես Ալիևից շատ Հայաստանի իշխանությունն է ուզում, որ արցախցիներն Ադրբեջանին ինտեգրվեն, էդ թեման նորմալ ա, ուղղակի Նիկոլը պետք է ունենան անվտանգության երաշխիքների մասին գրած տողեր այդ պայմանագրում ու վերջ, մնացած ինչ լինի, լինի։
Հայաստանի փաստացի ղեկավարին, Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորին ասում են թշնամին օկուպացրել է մեր տարածքը, ի՞նչ եք մտածում, ասում է՝ հետո՞ ինչ, 94 թվից սկսած կան օկուպացված տարածքներ։ Սա վարչապետի պատասխան է։ Սա ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորի պատասխանն է։ Չնայած նա ասում է՝ Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, Հայաստանի սահմանների պաշտպանության երաշխավորը ՀԱՊԿ-ն է, Լաչինի միջանցքի երաշխավորը Ռուսաստանն ու ՄԱԿ-ն են։ Իսկ թե ինքն իր թիմով ինչի համար է՝ չգիտենք։ Չնայած գիտենք, իմացանք, որ պապիկյանանման տղերքն ու աղջիկները տներ ու ավտոներ առնեն, դզվեն։
Մյուս աբսուրդը, ասում է՝ էսկալացիայի վտանգ կա, բայց մեզ համար կարևոր է, որ կարողանանք ապացուցելի դարձնել, որ էսկալացիայի հեղինակը մենք չենք, Ադրբեջանն է։ Կարո՞ղ եք ինձ բացատրել, թե դրա կայֆը որն ա, թուրքը գա մտնի քո հողի մեջ, պատերազմ սկսի, քեզ կոտորի, տարածքներդ խլի, որ դու ունենաս ապացույցների բազա, որ դա արել ա թուրքը՝ իր նախաձեռնությամբ։ Հետո՞։ Ես, որպես ՀՀ քաղաքացի, հպարտ կզգամ ինձ ու կաջակցեմ քեզ, եթե այդ ամենը դու անես, գնա մտի Բաքուն օկուպացրու։ Էս ի՞նչ աբսուրդ է, սաղ աշխարհը գիտի, որ 44 օրյա պատերազմի հեղինակը Ադրբեջանն ա, չի էլ թաքցնում, հետո՞։ Ի՞նչ վնաս ա կրել Ադրբեջանը դրանից, ի՞նչ օգուտ՝ Հայաստանը։ Ու մարդ, որ ասուլիս է տվել հասկացնելու համար, որ նոր պատերազմի վտանգ կա, ասում է՝ մեկ է, թող պատերազմ սկսեն, մենք գնում ենք խաղաղության օրակարգով, թող աշխարհը տեսնի, որ Ադրբեջանը մեզ ցեղասպանում է։
Ու զարմանում է, ասում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ասում եք կապիտուլյացիա է, բա ինչո՞ւ են բոլորը հղում անում էդ փաստաթղթին։ Կապիտուլյացիայից հետո կանխատեսել էին բազմիցս, որ դու շատ ավելի վատ փաստաթուղթ ես ստորագրելու, եթե մնաս վարչապետ։ Հիմա մնացել ես, գնում ես էդ թղթին ու հիմա ստիպված հղում են անում նոյեմբերի 9-ին։ Ասում է՝ գնում եմ բանակցում եմ, բայց դրանից հետո Ալիևը հարձակվում է, օրինակ՝ 2022-ի օգոստոսին բանակցեցի, սեպտեմբերի 13-ին հարձակվեց։ Ի՞սկ կարողա մի այլ բան փորձենք՝ դու էլ չբանակցես, թող գա ուրիշը բանակցի։ Պատմության մեջ երկրորդ անգամ Արցախը Հայաստանից պահանջում է կասկածի տակ չդնել իրենց ինքնորոշման իրավունքը։
Երկրորդ անգամը եղել է երեկ, առաջին անգամը՝ մի քանի ամիս առաջ։ Փաշինյանին հարց են ուղղում՝ պատրա՞ստ եք հայտարարել որ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում, ասում է՝ կաշկանդված եմ դա հայտարարել։ Ուշադրություն, անգամ չի ասում, ես ամեն բան կանեմ, որ դա տեղի չունենա, անգամ դա չի ասում։ Ու սա նույն մարդն է, որ ասում էր Արցախը Հայաստան է, վերջ։
Կարճ ասած՝ այսօր, հանգիստ տոնով հերթական անգամը խաբեց, ֆռացրեց, մանիպուլացրեց, հիմարացրեց իրեն դեռևս հավատացող մարդկանց, իսկ չհավատացողներին՝ ասեց, որ կործանվում ենք, Հայաստանում անխոցելի տարածք չկա։ «Չեմ կարող ստորագրել մի բան, որ հետո չկարողանամ նայել ձեր աչքերի մեջ» արտահայտությունն անող, բայց իմ կարծիքով կապիտուլյացիա ստորագրողին հարցեր տալը ուղղակի անիմաստ է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը