06 02 2023

«Կարճ ասած»․ Դե թալանը հիմի դու տես



 

Մինչ ամբողջ աշխարհը հետևում է, թե ինչ ավերածություններ են տեղի ունենում Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի պատճառով, հայ հասարակությունը տվայտվում է՝ ուրախանալ թորքական աղետից, թե կարեկցել, որոշեցի թեմային դեռ ձեռք չտալ, եկեք այսօր խոսեմ մեր ազգաբնակչության, իսկ ավելի շատ գործող իշխանության սիրած թեմայից՝ Թալանից։ «Թալան»․ գաղտնիք չէ, որ սա այն կախարդական բառն է, որով հնարավոր եղավ տարիներ շարունակ հանրության ուղեղը մթագնել և իրականացնել հեղափոխություն՝ բերելով երկիրը կործանող այս թիմին։ Միանգամից ասեմ, որ տպավորություն չստեղծվի թե ասում եմ թալան չի եղել հիմա, թե նախկինում․ ուղղակի մի բան է թալանը, մի բան է թալանի ընկալումը հանրության մոտ։ Օրինակ կարող է ինչ-որ մի պաշտոնյա, զուտ օրինակի համար եմ ասում, օրինակ՝ Գագիկ Մելքոնյանը, զինվորից գողանա, էլի օրինակի համար մի վագոն զինվորների համար նախատեսված ներքնազգեստ՝ վարտիք, օրինակ, բայց սորոսական ՀԿ-ների ակտիվ պայքարի արդյունքում հանրության մոտ ընկալվի, որ Գագիկ Մելքոնյանը թալանել է, օրինակ՝ 30 վագոն տրուսիկ։ Կամ, ասենք, Արարատ Միրզոյանը անհասկանալի փողերով գնի մի 2 հատ դղյակ, բայց սորոսական ՀԿ-ների քարոզչության արդյունքում տպավորություն ստեղծվի, թե 10 կամ 0 հատ դղյակ ունի։ Քա՞նի դղյակ ունի Արարատ Միրզոյանը, քա՞նի վագոն է թալանել Գագիկ Մելքոնյանը, թալանել են, թե ոչ․ ժողովուրդ ջան, ձեզ ասում էին, որ հենց դրա համար դուք բերեցիք Նիկոլ Փաշինյանին։ Մի քանի կախարդական բառեր կային այս ամենի մեջ, նախ հենց «թալանած հետ բերենք», մյուսը և ամենից կարևորը իմ կարծիքով՝ «դուք բերեցիք» բառակապակցություններն են։ Բայց հիմա նայում եք, ու ստացվում է լրիվ այլ պատկեր։ Մի հայկական ասացվածք կա, էն որ աղվեսին վստահում են հավաբուն, հիշեցի՞ք։ Ոչինչ մարդկանց ավելի չի նյարդայնացնում, քան այն, երբ ասում ես, որ քեզ թալանել են։ Ու տրամաբանական է, որ տարիներ շարունակ թալանից խոսացող ու քննադատող և դրա ֆոնին փող աշխատող Փաշինյանն ինքը միանձնյա հնարավորություն ստացավ այդ ամենի դեմն առնելու։ Իշխանության եկան մարդիկ, որոնց համարում էինք իբր ժողովրդի ծոցից դուրս եկած, ձեզանից մեկը, անկաշառ, մաքուր, անբիծ։ Հիմա, արդեն, այդ ամենը չակերտներում։ Ավելի հաճախ մեղմ ասած՝ հայհոյանք։

Մի քանի օր է՝ շատերը զարմացած հարցնում են՝ իրո՞ք Արարատ Միրզոյանը պալատ է գնել։ Լավ, ո՞նց կարող է մարդ նախարարի աշխատավարձով շքեղ առանձնատուն կառուցել, երբ նույն մարդուն անգամ ապառիկով հեռուստացույցն էին տալիս դժվարությամբ, ողբում էր ԱԺ ամբիոնից որ ժամկետնանց վարկ ունի։ Տելեվիզրի փող չունեցողը 2 ամիս առաջ 112 մլն դրամով, ըստ մամուլի բացահայտման, առանձնատուն է գնել-սարքում։ Այ քեզ գլուխկոտրուկ, մտածում են երևի Փաշինյանին հավատացողները։ Եթե հիշում եք, մինչև նախորդ տարվա կեսերը ամենօրյա կտրվածքով ԱԺ ամբիոնից, հարցազրույցներում, ելույթներում սրանք էին իրենց պատռում, էլի խոսում էին նախկինների դղյակներից, հետո կտրուկ դադարեցին խոսելը՝ զուգահեռ լուրերի, որ այդ դղյակները մանրից վաճառվում են ու դրանք գնում են արդեն մերօրյա հերոսները, «նորերը»։ Բայց դղյակները գնելու հետ մեկտեղ նաև նորերն են սարքում մեր «ազնիվ տղերքը»։ Թե բա՝ դղյակները վերադարձնելու ենք ժողովրդին․ ի՞նչն եք վերադարձրել կամ ում եք վերադարձրել․ պարզվեց՝ այդ ժողովուրդ ասվածը դուք եք, ձեզ եք տալիս, ու միայն ձեզ է, որ լավ է։ Ժողովրդին վերադարձնելը էն կլիներ, որ դրանք վաճառեիք ու գումարը գնար բյուջե, դառնար եռապատկված թոշակ, նպաստ, աշխատող գործարան, զինվորին նոր զորանոց կամ սարքեիք վայրեր, որոնցից կօգտվեին քաղաքացիները։

Եթե դուք ուշադիր եք, միայն դղյակներից չէ, որ այլևս չեն խոսում։ Նրանք այլևս չեն խոսում նրանից, թե նախկինների օրոք ազգուտակին պաշտոնների էին նշանակում, որովհետև վաղուց իրենք գերազանցել են այդ առումով ևս։ Ու շատ թեմաներում են գերազանցել։ Ե՞րբ դադարեցին խոսել Սաշիկի 50/50-ից, փայ մտնելուց, էն ժամանակ, երբ մամուլը պարզեց, որ Նիկոլ Փաշինյանի եղբայրը 4-5 բիզնեսում տնօրեն է։ Նիկոլը եկել է ու կոնկրետ Սաշիկի որոշ բիզնեսներ ապացուցել է, որ սուտ էր ասում, նրանը չէր, բայց այ իր եղբոր մասով հաստատել է։ Հա ի՞նչ է եղել, որ։ Բայց իրեն հավատացողները հարցնում են չէ՞, ո՞ւր կլիներ նա, եթե չլիներ վարչապետի եղբայրը։ Ասում էինք պաշտոնյաները հարստանումեն, բիզնեսներ են հիմնում․ մի քանի հաղորդում արժե նվիրել նրան, թե ինչպես են այսօրվա ՔՊ-ական պաշտոնյաները, նրանց ընտանիքի անդամները բիզնեսներ բացում, միանգամից մասնակցում պետգնումների տենդերների ու շահում։ Հատ-հատ կխոսենք այդ մասին առաջիկայում։

Չնայած հանրությունը լավ էլ պատկերացնում է ինչ է կատարվում։ Դա երևում է նրանում, որ կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը նահանջում է։ Մամուլը գրում է, որ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի հայրը, որ շուրջ կես միլիոն դոլարի հափշտակության գործով էր անցնում, աղջկա՝ փոխնախարար նշանակվելուց ամիսներ անց արդարացվել է։ Ըհը, տեսա՞ք ինչ լավ է։ Դրանից առաջ գրվել էր, որ վարչապետի օգնականի հայրը, խորհրդականի եղբայրը, որ պատիժներ էին կրում, հանկարծ ազատվել են պատժից։ Կորուպցիա չի, չէ։ Ու նման լիքը դեպքեր։ Սա՝ արդարադատությունը «բարեփոխելու» ընթացքում։ Կես միլիոն դոլարի հափշտակության գործով անցնողը ազատվում է պատժից, իսկ, օրինակ, ոչինչ չհափշտակած անձը սրանց օրոք բանտում մահանում է։ Ավելի ճիշտ դատական նիստի ընթացքում, ինչ է, թե տարիուկես առաջ ասուլիսին միտք է ասել։ Արմեն Գրիգորյանը։ Սրանց օրոք քաղբանտարկյալները կամ մահանում են բանտում կամ առողջությունը քայքայած՝ դուրս են գալիս։ Տուշոնկա շոու էին սարքել Մանվել Գրիգորյանի համար, 107 մլն դոլարը, որ համահայկական հիմնադրամից գնաց բյուջե ու անհայտացավ, էն պատերազմի ժամանակ ուղարկված տոննաներով օգնությունները, որ տեղ չհասան, դրա՞նց ինչ կասեք։ Իմ գնահատմամբ, դուք մի քանի անգամ ավելին եք արել, քան մեղադրում էիք նախկինին։

Բա որ կոծկվում են իրենց արած հանցանքներն ու սպանությունները․ նույն Արմեն Գրիգորյանի մահվան մասով քրգործ հարուցվեց, ի՞նչ եղավ։ Էն ջահել երեխեն, Սոնա Մնացականյանը, որը ընդամենը որոշել էր փողոցն անցնել ու Նիկոլի շարասյան բաժին դարձավ, նրա գործը ի՞նչ եղավ, Ապարանում սպանությունների գործը ի՞նչ եղավ, ասում էին ՔՊ-ական պաշտոնյաներ են մեջը խառը։ Նախկինում բացվել էր 1000 դրամ հմնադրամը, որ զինվորներին փոխհատուցեն ծառայության ժամանակ կյանքի ու կրած առողջական վնասների համար։ Սրանց օրոք զինվոր է անհետանում մարտական դիրքերից, ձևակերպում են դասալքություն, որ չփոխհատուցեն։ 4 անչափահաս երեխուն ու անաշխատ կնոջը, որ վարձով են ապրում, թողնում են բախտի քմահաճույքին։

Արայիկ Հարությունյանը, էն որ երեք հարկ բարձրանալու համար 54 հազար դոլարանոց լիֆտ առավ մեր հաշվին, ասում էր՝ մենք քաղաքացու օրն ենք նշում, նախկինների պես օլիգարխի տոն չենք նշում, բյուջեն հափշտակողների տոն չենք նշում։ Ու դա էսքանի ֆոնին ծիծաղելի է։ Հետաքրքիր է՝ քա՞նի օլիգարխ են աճեցրել նախկինները, քանի օլիգարխ են աճեցրել իրենք ու նախկինից մնացած քանիսին են իրենցով արել։ Երբ նիկոլական դեպուտատներն ու պաշտոնյաները խոսում են օլիգարխ եզրույթից, ինձ մոտ տպավորություն է, թե Գռզոն ու Արսենյանը ընդդիմադիրների ցուցակով են ընտրվել, կամ երբ խոսում են բանակը թալանելուց, ինձ մոտ տպավորություն է, թե Մելքոնյան Գագիկն ընդիմադիր դեպուտատ է։ Կամ երբ ԽԾԲ համակարգից են խոսում, կարծես մարդ ու կնիկ դեպուտատ Լենան ու Նարեկը ընդդիմություն լինեն, կամ երբ խոսում են նախկինների բիզնեսմեն բարեկամներից, տպավորություն է, թե ասֆալտի հերոս Ալենի եղբայրը Քոչարյանի աջակից է։

Կրկնում եմ՝ չկա մի դեպք, մի բան, որ քննադատել են նախկինում ու հիմա ավելի վատ չէ։ Մեռան ասելով, թե նախկինների ժամանակ փողով, ծանոթով բանակից ազատվում էին, հիմա պաշտոնյաների կեսը չծառայած է, ՔՊ-ականներն էլ շարքով իրենց տղերքին ազատում են բանակից։ Ինչ վերաբերում է փողով ազատվելուն, ընդամենը օրեր առաջ դեպքեր բացահայտվեցին, որոնք փաստեղին՝ հիմա էլ նույն փողով ազատվելու երևույթը կա, որովհետև հիմա ավելի շատ են այն ծնողները, որոնք չեն ուզում իրենց զավակները ծառայեն արդեն քանդված բանակում։ Հեղափոխության առաջին օրերին Նիկոլն ասում էր, որ այլևս երբեք պետության ղեկավարի ֆոտոները պատերին չեն խփելու․ իսկ հիմա խփել են, փայլացնում են ամեն օր, ու այդ նկարն էլ բոլորին թելադրում է ոնց անեն։

Էնպես որ, այժմ, վստահաբար, տեղի է ունենում աննախադեպ և՛ թալան և՛ կոռուպցիա․ բայց իրենց քարոզչամեքենաներով, պետության հաշվին պահվող ֆեյքերով սրանք կարողանում են դեռ այնպիսի տպավորություն ստեղծել, որ թալան ասելով հասկանաք ոչ սրանց, ու հենց այդ՝ թալանի վերաբերյալ մարդկանց վախն են կառավարելով շարունակում մնալ, իշխել ու հարստանալ։ Հենց մի բան լինում է՝ «ահա, ուզում եք մենք գնանք ու էն թալանչիները գա՞ն»։ Բայց տեսնում ես, որ սրանք տասնապատիկն են անում ու դրան զուգահեռ՝ պետությունը մատնված է անտերության։ Ի դեպ, այս ամենը անում են բացահայտ․ իսկ ի՞նչ են անում թաքուն․ դե ծավալը պատկերացրեք։

Կարճ ասած՝  կարո՞ղ է մեր պետության մեջ էս աննախադեպ կոռուպցիան լինի, ու դրանից տեղյակ չլինի երկրի ղեկավարը՝ վարչապետը․ ինքը խաբար չէ, որ իր աշխատողների բարեկամներն ազատվում են քրեական պատիժներից, տեղյակ չէ, որ իր շրջապատի մարդիկ պետական տենդերներ են շահում, իր եղբյարը որտեղ հասցնում է՝ մտնում տնօրեն է աշխատում, իր աներձագը դեպուտատ է։ Վստահ եմ՝ տեղյակ է, ամենը իր թույլտվությամբ է։ Իսկ ի՞նչ եք կարծում՝ նրան այս ամենից փայ կա՞, թե՞ աշխատավարձի հույսին է։

Դարձյալ կոչ եմ անում կարդալ անասնաֆերման։ Եվս մեկ բան՝ նախկինում չի արվել ոչինչ, որը վերականգնման ենթակա չէ։ Սրանք տվել են անվերականգնելի կորուստներ։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ