08 12 2022

«Կարճ ասած»․ Ի՞նչ կլիներ, եթե ամեն մեկը զբաղվեր իր գործով կամ նրանով, ինչից բան է հասկանում



 

Երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց մեծ մասը վերաբերում էր արտաքին հարաբերություններին ու սահմանային վիճակին, Արցախի ճանապարհը փակելուն, բանակցություններին և այլն։ Չգիտես ինչու այս ամենը անտեսած Նիկոլ Փաշինյանը որոշեց պատասխանել հատկապես անասունների վերաբերյալ հարցին։ Մի քանի րոպե փիլիսոփայեց կովերի կաթնատվությունից, ժամը 700 դոլարով մոշ ու ծիրան աճեցնելուց, գյուղինստիտուտը ինչ-որ ֆերմա տեղափոխելուց ու հետո ասաց՝ դե ես մասնագետ չեմ։ Իսկ որ մասնագետ չէր, դա հենց առաջին նախադասությունից երևաց։ Խոշոր հաշվով, ինչից էլ խոսեր, մասնագետ չէր լինի, որովհետև նա ուսումը կիսատ է թողել, համալսարանից դուրս է մնացել և ոչ մի բանի մասնագետ չէ, բացի մանիպուլյացիաներից։ Այ դրա փայլուն մասնագետ է, չգերազանցված գլուխգործոց։

Մեր պետությունն ինչի՞ հասավ էս օրին․ որովհետև ամենակարևոր, մեր կյանքի վրա ազդող որոշումները կայացնում են մարդիկ, որոնք մասնագետ չեն կամ ուրիշ բանի մասնագետ են, իրենց տեղում չեն։ Կաշառք վերցնելու համար դատապարտվածին ԱԺ-ում պաշտոնի են նշանակում, օրենքներ են փոխում, ցենզեր են իջեցնում, որ իրենց ուզած մարդկանց կարողանան նշանակել, միջին կարգի լրագրողը դառնում է ԿԸՀ նախագահ, խմբակային ծեծկրտուքի մասնակիցը նշանակվում է փրկարար նախարարի օգնական, անհաջող փաստաբանը՝ ՍԴ անդամ, գողության համար դատապարտվածը՝ վարչապետի աաշխատակազմում աշխատող։ ԱԺ պատգամավորը դուխով հայտարարում է՝ չեմ հասցրել համալսարանում սովորեմ։ Առողջապահության նախարարը իրավաբան է, բայց անգամ իրավաբական հանրույթում չեն ճանաչում։ Մշակույթի նախարարին հարցնում են շենքերն աղավաղելուց, ասում է՝ մի ծակը սարքեցիք եսիմինչ։ Սպասում էի, որ կասեր՝ սարքեցիք Ղարաբաղի հարցը, ծակ ա էլի, տենց բաներ ենք ծակել։ Մի քչ մնար կասեր 5 հազար զոհ տվեցինք էդքան բան չասացիք, ինչքան որ էդ շենքերում 6 հազար ծակերին։

Մեր ամենակարևոր խնդիրն այն, է, որ մարդիկ չեն զբաղվում իրենց գործով ու դրա համար ենք հասել էս օրվան։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասում է, որ 30 տարի դիվանագիտությունը վատն է եղել, դրա համար իրենց համար հիմա դժվար է, մեկուսացած ենք և այլն։ Գիտե՞ս ինչի է ձեզ համար բարդ, պարոն Աղաջանյան, որովհետև դուք ոչ թե դիվանագետ եք, այլ դիվանագիտությամբ զբաղվել փորձող դիջեյ։ Ինչի՞ ինձ համար լրագրությունը բարդ չէ, էն մեկի համար պատշարությունը բարդ չէ, Խաչատուր Սուքիասյանի համար փող տպելը բարդ չէ, որովհետև մեր գործով ենք զբաղվում։ Հլա մի հատ շեֆիդ հարցրու պարոն Փաշինյան, որ դու «Հայկական ժամանակի» խմբագիր էիր, քեզ համար կլյաուզիա անելը բարդ է՞ր, նյութական շահագրգռությամբ հոդված գրելը բարդ է՞ր։ Կասի չէ, որովհետև մարդը զբաղվում էր իր գործով։ Բայց երբ որ եղավ վարչապետ, բայց շարունակեց նույն գործով զբաղվել, ինչով որ խմբագիր եղած ժամանակ, հա՛մ իր համար բարդացավ, հա՛մ ժողովրդ համար, որոնց տարավ մահվան, դարձրեց փախստական, գցեց փողոցներն ու դարձրեց սոված։ Կրկնում եմ, ամեն մեկը պետք է իր գործով զբաղվեր, որ սա չունենայինք։

Օրինակ, եթե մեր երկիրը էս օրին չլիներ, կարելի էր Տիգրան Ավինյանին բերել-նշանակել Երևանում մջոցառումների կազմակերպման, տոնածառի զարդարման պատասխանատու։ Բայց մեր երկիրը ինչի՞ է էս օրին, որովհետև Ավինյանը ոչ թե եղել է տոնածառ դնող, այլ՝ փոխվարչախպետ, բայց աշխատել է տոնածառ դնողի մակարդակով։ Հարցնում են՝ ինչի՞ ես էս ողբերգության ու աղքատության ֆոնին միլիոն դոլարանոց շոու անում, պատասխանում է՝ մենք մեր երեխեքին տոն ենք պարտք։ Երեկ էլ ԱԺ ամբիոնից էլի իր տեղում չհայտնված մի թրաշամանուկ խոսում էր ինչ-որ տոնածառի լույսերից, ռումբերից։ Էդ երեխեքից մեկն էլ նամակ է գրում, որ իրեն տոն մի տվեք, հորը տվեք։ Ջերմուկցի 10 տարեկան երեխան ձմեռ պապիկին նամակ է գրում, առանց արդյունքի անհնար է կարդալ։ Գրում է՝  ձմեռ պապի, նվեր չեմ ուզում, օգնիր հորս դին բերենք հուղարկավորենք, բայց պանթեոնում, որ ծաղիկներ տանեմ․ 10 տարեկան երեխա, ինքն էլ կուզեր գար հրապարակ տոնածառ շոուին։ Դուք էդ երեխուն զրկել եք հորից ու ասում եք տոն ենք պա՞րտք։ Պարտք եք մանկություն, անհոգ կյանք, տուն, հայրենիք, հող։ Էնքան եք պարտք, որ սաղ կյանքներդ չեք կարող էդ պարտքերի տակից դուրս գաք ամբողջ թիմով։ Եթե ամեն մեկը զբաղվեր իր գործով, զինվորն էլ իր գործով կզբաղվեր արդեն առանց վտանգի, ու հազար երազանք ունեցող զինվորը մասունք չէր դառնա։

Ադրբեջանում գերի ընկածի ծնողը ասում է տղան Կարմիր խաչի միջոցով Բաքվից զանգում է ու ասում մի բան արեք՝ ինձ փրկեք էստեղից։ Ասում է 95 կիլո էի, դարձել եմ 45 կիլո, տնից էլ հաց են ղրկում, որ բանտում ուտի։ Նրա համար բանակցող Նիկոլը ասում էր՝ գերիները մեզ կներեն Բաքվի բանտերում մնալու համար։ Չէ, հաստատ չեն ների։ Էդ տղու մեղքը ո՞րն էր, որ դու դարձար վարչապետ։ Արտասահմանից եկել էր իր հայրենիքում ապրեր-շենացներ, ինչի՞ կյանքը վարի տվիր։

Երկիրը հենց էսպես է քանդվում, մարդիկ աշխատում են այնպիսի ոլորտներում, այնպիսի պաշտոններում, որոնցից գլուխ չեն հանում ու ամենաամուր բանն անգամ քանդվում է։ Ասում ենք Հայաստանի Աժ-ում հրաժարվեցին հակաադրբեջանական, հակաթուրքական բանաձևեր ընդունել․ որովհետև էս խորհրդարանում լիքը պատգամավորներ կան, որ ասում են՝ հողերը մերը չէր, Ադրբեջանի հետ Նովրուզ են նշում, Թուրքիայում դասընթացների են մասնակցել, թշնամուն համարում են մեր եղբայրները։ Հայաստանի ընդդիմությունը ամեն ամիս խորհրդարան բերած նախագծով ապացուցում է, որ ունենք թրքամետ իշխանություն։ Միայն իր գործից չհասկացողը էս խառը իրավիճակում կհայտարարեր, թե բանակում ունենք թմրամոլներ ու խաղամոլներ, միայն Հայաստանի դեմ աշխատող ԱԱԾ-ն այս շրջանում անընդհատ կխոսեր բանակում եղած դավաճանների մասին։ Ձեր կարծիքով դավաճանության դեպքեր Ադրբեջանոմ չկա՞ն, լիքը, բայց նրանք աղմուկ չեն հանում։ Նիկոլ Փաշինյանի ժամանակ մենք ունեցել ենք ԱԱԾ, որը հաղորդագրություն է տարածել «Մեր տեղեկություններով» ձևակերպումներով։ Միայն Նիկոլի վախտ կարողա լինի, որ ի լուր աշխարհի հայտարարեն, թե՝ մենք հետախուզության ծառայություն ենք զբաղվելու։

ՔԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ասում է՝ ռուսները պետք է ադրբեջանցիներին շանսատակ անեն։ Լավ է ասում, բայց երբ իմանում ես, որ հայկական բանակի գեներալ-լեյտենանտն ասում է, որ ինքը հեչ, ռուսները պետք է շանսատակ անեն թշնամուն, հասկանում ես, որ նա վաղուց իր տեղում չէ։ Հայաստանը հարաբերությունները կարգավորում է Հունգարիայի հետ։ Հարաբերությունները խզվել էին, երբ Հունգարիան դահիճ Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին և դրա համար հերոսացվեց։ Խնդիրը չի կարգավորվել, կա, բայց հարաբերությունները կարգավորում են։ ԱԳ նախարար աշխատող Արարատ Միրզոյանն ասում է՝ Հունգարիան այս ընթացքում մեզ օգնել է, գերի է բերել, կորոնավիրուսի վակցինա է տվել։ Ինչ ահավոր վիճակում ես, որ քո հաառակորդներն են արդեն քեզ օգնում, էս ի՞նչ օրի ես ընկել։

Կարճ ասած՝ ցանկացած գործ, աշխատանք, որը ձեզ համար անգամ խաղուպար կթվա, պետք է վստահել մարդու, որը գլուխ է հանում, մասնագետ է, գիտի, թե դա ինչպես կանի ու ինչ կստանանք արդյունքում՝ սկսած կով կթելուց, տաքսի քշելուց մինչև նախագահ ու վարչապետ։ Հակառակ դեպքում կընկնենք այն բանի մեջ, որի մեջ ընկել ենք հիմա։ Իսկ թե ինչի մեջ ենք, չեմ կարող ասել, որովհետև եթերային բառապաշարը թույլ չի տալիս։ Դուք վաղը գնալու եք, մեկ է՝ գնալու եք ցանկացած դեպքում, բայց ձեր արածի տակից դուրս գալ է պետք, չէ՞։ Թե ձեզ պետք է, որ դուրս չգանք։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ