29 11 2022

«Կարճ ասած»․ Քա՞նի տեղահանվածի էր հնարավոր տուն գնել անխնա մսխվող բյուջեով



 

Մինչ այսօրվա թեմայիս անդրադառնալը նախ օրվա իրադարձության մասին։ Պատգամավորական մանդատները վայր են դրել «Հայաստան» դաշինքին մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության երեք պատգամավորները։ Որքան էլ իշխանականները, կամ նրանց սպասարկող «ընդդիմադիրները» փորձեն դա ներկայացնել ընդդիմության փլուզում կամ այլ հնչեղ ձևավկերպումներով, սառը դատելու դեպքում, տեղի է ունենում բնական գործընթաց, որ կարող է տեղի ունենալ ցանկացած՝ լինի իշխանական, թե ընդդիմադիր դաշինքի հետ․ մարդիկ ինչ-որ պահի որոշում են, որ իրենց գործունեւության մեջ, մարտավարության մեջ պետք է փոփոխություններ անեն։ Ինչպես, օրինակ, Արամ Վարդևանյանը որոշեց, որ վերադառնում է փաստաբանության ոլորտ։ Արամ Վարդևանյանի դուրս գալով ընդդիմադիր դաշտը տուժե՞ց։ Ոչ, որովհետև նա, վստահաբար, իշխանական գործիչ չի դառնալու։ «Վերածնվող Հայաստանի» անդամներն էլ չեն դառնում նիկոլական։ Եվ ընդհանրապես, իշխանության համակիրները գնալով փոքրանում են ու այդ իշխանության անդամներին կապող երեք բան է մնում, կարծում եմ, փող, ինչպես ասում են՝ համատեղ գործող հանցանք և վախ։

Կարծում եմ՝ որևէ ընդդիմադիր ուժի ներսում գործընթաց, առավել ևս՝ դաշինքում, պետք է տխրեցնի իշխանությանը, քանի որ երբ կուսակցությունները միասին են, ընդհանուր կանոն կա գործելու, երբ առանձնանում են ու ամեն մեկը գնում է իր պայքարի մեթոդներով, իշխանությունը պետք է սպասի ամեն ինչի։ Այնպես որ, այսօրվա իրադարձություններից հատկապես իշխանականների ոգևորության առիթը չեմ տեսնում։ Իմ այսօրվա թեման, սակայն սա չէ։ Այն է, որ ամեն օր մեծանում է իշխանությունից դժգոհողների բանակը, հարյուր հազարներ են, ու ինչպես տեսնում ենք, բոլորն ունեն շատ հիմնավոր պատճառ դրա համար։

Կառավարության դիմաց բողոքի ցույցեր են անում տեղահանված քաշաթաղցիները։ Սարսափելի բաներ են պատմում, ասում են, մեզ իշխանությունն ասել է երեք օրով տարհանում ենք, երեք օրից վերադառնլու եք, օրեր անց ասել են՝ չեք կարող վերադառնալ, հանձնել ենք հողերը։ Մարդիկ պատմում են, որ տարհանելիս անգամ չեն թողել իրեր վերցնեն, հիմա արդեն վերլուծում են՝ գիտեին, որ հանձնելու են, ու որ թշնամուն նորմալ կահավորված տուն մնա, չէին ասում, որ չպայքարեինք, զենք ձեռքներս չվերցնեինք։ Էլ դավաճանելը ո՞նցա լինում։ Եկել են Հայաստան, հիմա պետությունը մոռացել է իրենց մասին, 10 մլն դրամ է խոստացել տալ ամեն ընտանիքի տուն գնելու համար․ նախ դեռ խոստացել է, հետո էդ գումարով անգամ խուլ գյուղերում էդ մարդիկ, չեն կարող իրենց բազմանդամ ընտանիքները տեղավորել։ Հիմա էլ, պարզվում է, չեն տալիս, բանկերն ու կառավարությունն իրենց հերթին չլում են մարդկանց, սերտիֆիկատները ձեռքներին՝ չեն կարողանում փող ստանալ, որ ծածկ ապահովեն։

Իշխանությունը մարդկանց տներից հանել է, հողը հանձնել է, ապրելու տեղ չի տալիս։ Մարդիկ ամբողջ կյանքում չարչարվել, ստեղծել են, ՔՊ-ն եկել է իշխանության ու ինչ ունեին՝ հանձնել, զավակներին տարել մահվան, հիմա էլ ասում են մի տեղ ապրի էլի։ Մայրը դժգոհում է, ասում է 2 տարում 5 տուն եմ տեղափոխվել, գյուղից գյուղ ենք գնում, ամեն գյուղի դպրոցում երեխաներս երկու ամիս դպրոց են գնում, հետո տեղափոխվում ենք։ Էն մյուսն ասում է՝ ուսանող ուներ, չի կարողացել վարձը տալ, մնացել է համալսարանից դուրս․ հիմա հարցնում է՝ իշխանության անդամներ, դուք ձեր երեխաներին մասնավոր դպրոցներում, համալսարանների թանկարժեք ֆակուլտետներում կրթություն եք տալիս, վաղը, բնականաբար, էդ կրթությամբ լավ մասնագետ են դառնալու, լավ գործի, մեր երեխեքը մնում են անուսում, վաղը ո՞վ են դառնալու։ Իսկ իրականում, այդ մարդիկ էս պահին մնալու տեղ չունեն, ի՞նչ կրթության մասին մտածեն։ Ու միայն Քաշաթաղի շրջանից 4 հազար ընտանիք այդ վիճակում է։ Կամ ասենք՝ փողը տվեցիք, 10 մլն դրամ, որը կազմում է շուրջ 25 հազար դոլար․ 25 հազար դոլարով բազմանդամ ընտանիքները ի՞նչ տուն պետք է գնեն կամ սարքեն։ 25 հազար դոլարով։ Ով ով, բայց 2 մլն դոլարով կառավարական ամառանոց նորոգած Փաշինյանը պետք է որ լավ իմանա, որ 25 հազար դոլարով տուն առնել հնարավոր չէ։ Մի հատ նայեք ՔՊ-ական պատգամավորների հայտարարագրերը, միայն նախորդ տարի ձեռք բերած տներից ո՞րն է 25 կամ անգամ 50 հազար դոլար արժեքով։ Ամոթ է, մարդկանց հետ գործ ունեք, ճակատագրերի։ Քաղաքացին ասում է 12 հոգանոց ընտանիքը 23 քառակուսու մեջ է ապրում։ Սկի էն բանտախցերը, որ առաջիկայում սպասում են էս իշխանության որոշ անդամների, ավելի լայն են։ Քա՞նի հատ դեպք բերեմ, որ պատերազմում ձեր պատճառով զոհվածների ընտանիքները անտուն են, ժողովուրդն է հանգանակություն կազմակերպում, որ տուն առնի։

Մարդիկ եկել են կառավարության դիմաց ակցիա են անում, էդ պահին Երևանի լիքը փողոցներ փակ է տոնական լոսավորության համար․ 650 հազար դոլար տալիս են քաղաք զարդարելուն, էն դեպքում, երբ պատերազմից տուժածները ծածկ չունեն, հաց չունեն ուտելու։ Լիքը զինծառայողների պետպատվերից զրկել են, թոշակից զրկել են, ասում են՝ փող չկա․ բա էդ տոնական զիբիլներին փող կա՞։ Եվրատեսիլ է, դրսից հյուրեր են գալիս, պետք է քողարկեն էս աղքատությունը, որ շքեղ լույսերի տակ չերևա այն աղետը ինչի մեջ գցեցին ժողովրդին։

Մենակ զարդարանքը չէ։ Վերջին մեկ ամսվա ծախսերն ես նայում՝ 235 հազար դոլար տվել են, որ Փաշինյանը թռչի ԱՄՆ հետ գա՝ իր ուզած ինքնաթիռով, թանկարժեք, 55 հազար դոլար տվել են ԱԺ բուֆետին, 450 հազար դոլար տալիս են գունագեղ շոուին, 20 հազար դոլար տալիս են ԱԺ ճաղավանդակներին + փշալար, 650 հազար դոլար տալիս են Երևանի ամանորյա տեսքին և այլն և այլն։ Էդ գումարով քա՞նի ընտանիքի մարդավայել տուն կառնեիք։ Մենակ էն բան համար, որ հրավիրատոմս փոխանցի, Սփյուռքի հանձնակատարը պետական փողերով հասնում է մինչև Լիբանան, էդ գումարով քա՞նի հարց կլուծվեր։ Գլխավոր դատախազի աշխատավարձը դարձնում են 2,5 մլն դրամ։ Այսինքն, այս իշխանությունը գլխավոր դատախազին ամեն տարի տալիս է 3 հատ տան փող։ Ո՞րտեղից է տալիս։ ԱԺ նախագահ Ալենը այց է կատարում Կատար, որ գնա ֆուտբոլի առաջնություն տեսնի։ Կան չէ՞ էդպիսի ակցիաներ, որ տարբեր ընկերություններ են անում, գնեք էսքան բան, մասնակցեք խաղարկության, շահեք աշխարհի առաջնության դիտելու ուղեգիր․ մենք էս մարդկանց լոտոն էինք․ շահել են, մեր հաշվին աշխարհ են տեսնում։ Ոչ ոք չի կարող ժխտել, որ էս մարդիկ միլիոնատեր են, բայց անգամ իրենց ֆուտբոլ գնալու ծախսերն են ուզում, որ դուք փակեք։ Սրանք, որ գնում են պատերազմի ժամանակ բունկեր, դա էլ են ձևակերպում գործուղում, որ դուք փակեք։ Միայն Ալեն Սիմոնյանի, Նիկոլի անպտուղ գործուղումները քա՞նի հոգու են զրկում տուն ունենալու հնարավորությունից։ Աննա Հակոբյանը, որ էլի պետբյուջեի հաշվին շրջագայում է, ասում է՝ պետք է չսգանք, էս չանենք, էն չանենք, դասեր է տալիս։ Բա ընտանիքներին թողել եք որբ ու անտուն, ո՞նց չսգան, ձեր պես հնարավորություն չունեն, մի օրում հասարակածը հատեն։ Կառավարական 8 հատ դաչա կա, ինչի՞ 100 ընտանիք չեք տանում ապրեն։ 

Ես հիմա չեմ չարախնդա, թե՝ Բերձորի, Աղավնոյի, էսինչի բնակիչները նիկոլական էին և այլն, մեր մոլորված քույր ու եղբայրներն են, բայց էսքան թքած ունենալ ժողովրդի վրա՞։

Կարճ ասած՝ էս իշխանությունը նենց մի կեղտի մեջ է հա’մ երկիրը գցել, հա’մ էլ իրենց, որ հաստատ ո՛չ ուրախանալու, ո՛չ չարախնդալու առիթ պետք է չհամարի մի խմբակցությունից թեկուզ 10 հոգու դուրս գալը։ Ասել եմ ու կրկնում եմ՝ ձեր ստեղծած խնդիրները մի օր կուտակվելու են ու պայթեն․ լավ պատրաստվեք էդ օրվան։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ