28 11 2022

«Կարճ ասած»․ Իշխանություն, որը կգերազանցի 88-ի երկրաշարժին



 

Օրերս հերթական աղմկահարույց միջադեպի, վայրագության մասին տեղեկացանք։ Ծանր ու ցավալի միջադեպ։ Ու որ անակնկալ չէր՝ այս անգամ ևս կապվում է Նիկոլ Փաշինյանի անվան հետ։ Նոյեմբերի 25-ին մի քանի քաղաքացի, այդ թվում՝ անչափահաս պատանի, դաժան ծեծի են ենթարկվել Վանաձորում նորաստեղծ Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից: Ասում են, որ պարեկային ծառայությունը փորձել է ճանպարհն ազատել Նիկոլ Փաշինյանի շարասյան համար և այդ ընթացքում վեճի է բռնվել մի տարեց քաղաքացու հետ․ վեճն էլ ծագել է նրանից, որ տարեց քաղաքացին պարեկից պահանջել է իր հետ հարգանքով խոսել։ Հիշում ենք՝ դա այն ծառայությունն է, որի համար ընդամենը միջնակարգ կրթություն է պահանջվում: Պարեկները ծեծել են տարեցի երկու որդիներին և թոռանը՝ անչափահաս։ Իմացել են, որ երեխան հիվանդ է, խնդիրներ ունի, բայց ծեծել են։ Ասում են՝ արցունքաբեր գազով, բռունցքներով և այլն։ Կոտրվածքներով հասցրել են հիվանդանոց։ Հարվածներից ասթմայով հիվանդ երեխան կոմայի մեջ է ընկել։ Քաղաքացին պատմում է, ասում է՝ ձեռքերս, կողերս ջարդված են։

Ինչո՞ւ են պարեկներն այդպես գազանաբար հոշոտել ՀՀ հպարտ քաղաքացիներին․ որովհետև խոսքը վերաբերում էր Նիկոլի՞ն։ Ես չգիտեմ, երբ որ բանը վերաբերում է իրենց, ի՞նչ սատանա է մտնում ոստիկանների մեջ, ջարդում են մարդկանց, կլինի փողոց փակել, կլինի բողոքի ցույց ցրել, թե մայրուղի ազատել։ Ու տպավորություն է, որ հենց Փաշինյանն է պահանջում ջարդել մարդկանց։ Այս դեպքով հիշեցի իր օրոք ԱԱԾ տնօրեն աշխատած Արթուր Վանեցյանի պաշտոնաթողությունից հետո անկեղծանալը, որ Իջևանում երեք տարի առաջ վառելափայտի համար երբ ոստիկանությունը ջարդեց իջևանցիենրին, Փաշինյանն ասել էր արյուն հանեք։

Մի քանի անգամ առիթ եմ ունեցել մայրուղով գնալիս հանդիպել Փաշինյանի շարասյանը․ միայն հանդիպածները կարող են հասկանալ, թե ոնց են ուղեկցող ոստիկանական մեքենաները վարվում, ոնց են իրենց պահում շարասյան մասնակիցները։ Ամեն անգամ երբ պետք է Փաշինյանը գնա մարզ, մայրուղուց առանձնացող բոլոր ճանապարհներին, որոնք տանում են գյուղեր, կանգնում են ոստիկանական մեքենաներ, այսպիսի բան ոչմի նախագահի ժամանակ չի եղել, վստահեցնում եմ։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենապաշտպանված մարդն է, բայց իր անվտանգության համար մշտապես վայրագություններ են տեղի ունենում, որից տուժում են սովորական քաղաքացիներ գրեթե ամեն անգամ․ հիշում ե՞ք Եռաբլուրում ինչ կատարվեց, ինչպես գազանաբար հոշոտեցին ծնողներին․ դա ևս իր անվտանգության համար էր։ Սոնա Մանցականյանի ու նրա դեռ չծնված երեխու դեպքը հիշո՞ւմ եք․ առանց խղճի խայթի սպանեցին, ու սպանողը մի օր էլ չնստեց, որովհետև վարչապետի շարասյան մեքենան էր։ Մարդուն զեբրայի վրա խփեցին-սպանեցին․ իսկ 18-ին Նիկոլը որպես իր պաշտոնավարման մեծ ձեռքբերում համարում էր, թե լուսացույցի կարմիր ազդանշանի տակ կանգնում է։ Ջհանդամնը կանգնի, կասի քաղաքացին, մարդկանց մի տվեք սպանեք, էդ ձևական ելույթներն էլ մի ունեցեք։ Ու չփորձվեք համեմատվել նախկինների հետ։ Նախկին նախագահները կարմիր լույսի տակ չէին կանգնում, բայց որ իրենց ավտոմեքենաները տեղաշարժվում էին, դրա համար ոչ ոք չէր սպանվում ու չէր ընկնում կոմայի մեջ։ Ու սա բարեփոխված դեմոկրատական պետությու՞ն է, սա բարեփոխված ոստիկանությո՞ւնն է։ Մարդ ասում է՝ բա մենք հեղափոխություն ենք արել, բերել ենք մեր ուսերին դրած իշխանության մեկին, որը հիմա մեր գլխին տալիս է, մեր էրեխեքին ճխլում է, մայրերին ոտքերի տակ է գցում։

Օրերս, ոստիկանությունը բերման է ենթարկել Շիրակի մարզպետի եղբորը ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Տիկին մարզպետը մունաթ է գալիս, թե բա՝ ծառայողական քննություն, քաղաքի բանուկ հատվածում եղբորս բռնել եք, օրը ցերեկով, շոու եք արել: Տիկինը, ըստ երևույթին, հազիվ է իրեն զսպել, ուզեցել է նաև գրի՝ «Իմ եղբայրը հո սովորական քաղաքացի չի, ընդդիմադիր չի, ինքը երդվյալ նիկոլական ա, ես էլ ՔՊ մարզպետ, ընտրություններին ձեն բերած․ ես ու ախպերս չլինեինք՝ ՔՊ-ն կես ձեն չէր ստանա Շիրակից․ տեղը չե՞ք բերում, շոուի էլեմենտներով ախպո՞րս եք բերման ենթարկում»: Տիկին մարզպետ, ձեր եղբորը ընդամենը բռնել բաց են թողել, վրդոովվել եք, որովհետև իշխանական եք, բա մարդկանց կողոսկրներն են ջարդում, զոհվածների մայրերին պոլով տալիս, դրան ի՞նչ կասեք, դա նորմալ ա՞, կարող ա՞ մի քննություն էլ էդտեղ անեն։

Էս ամենի պատճառը, կրկնում եմ, մի մարդու վախերն են, մարդու, որը իշխանության գալու առաջին պահից արտոնել է ծեծը․ ԱԺ-ում պատգամավորը ապտակել է մեկին, Նիկոլը ողջունել է (իհարկե՝ հետո նրան դեսպան է կարգել), պարեկները ջարդել են քաղաքացիներին, պարեկներին մեդալ է տվել։ Մեր երկրում դուք տեսել ե՞ք հանցավորության մակարդակը ուր է հասել․ չի կարգավորվում ու չի կարգավորվելու, քանի որ հանցագործություն եթե տեղի է ունենում, ուրեմն շատ հաճախ նրա մեջ ներառված են իրավապահ համակարգի ներկայացուցիչներ ու հաճախ էլ տեղի է ունենում Նիկոլի համար, կամ նրա անվան շուրջ։ Առաջ ոստիկան տեսնելիս մարդ կա հպարտանում էր, մարդ կա վախենում էր, մարդ կա հայհոյում էր, մարդ կար՝ համարում էր քույր ու եղբայր, հիմա տեսնելիս հիմնականում հայհոյում են, որովհետև ոստիկանը օրենքի ներկայացուցչի համարում չունի։ Ամեն անգամ միջադեպեր են տեղի ունենում, որոնք չեն թողնում ոստիկաններին դիտել օրենքի մեջ։ Ու ամեն անգամ, կրկնում եմ, այս ամենի հետ կապվում է Փաշինյանի անունը։

Դուք հասկանում ե՞ք, մեր երկրում պետության ղեկավարն ինքը մահերի խորհրդանիշ է, ծեծուջարդի խորհրդանիշ է․ նա զսպող չէ, օրինականություն հաստատող չէ, նա հրահրող է։ Սա միշտ հիշեք, ու հենց մոռանում եք, բացեք մարտի 1-ի կադրերը, բացեք Էդմոնի կերած ծեծը խորհրդարանում, որից հետո Նիկոլի ելույթը։ 

Նիկոլ Փաշինյանի վարչապետ աշխատելը ամեն օր մեր պետությանը արժենում է կյանքեր ու առողջություն։ Այս 4-4,5 տարիների կտրվածքով, որ հաշվում ես, օրական 3-4 զոհ ենք ունեցել, ու ես վստահ եմ, հենց այն պատճառով, որ վարչապետ է Նիկոլ Փաշինյանը։ Հաշվե՛ք, մեկ ամսվա ընթացքում, դա նշանակում 5 ավարտական դասարան։ Ամեն օրվա կտրվածքով 40 ընտանիք մնում է անտուն, որովհետև մեր ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Ամեն օր մեր երկրում հարյուրավոր գյուղացիներ են սննկանում, որովհետև մեր իշխանությունն իրենք են։ Երբ մենք գումարում ենք ամեն օր Նիկոլ Փաշինյանի տված վնասները, տեսնում ենք, որ այս իշխանությունը թե՛ մահերի, թե՛ ավեածությունների, թե անտուն մնացածների, թե՛ վիրավորների առումով ավելի մեծ աղետ է մեր երկրի գլխին, քան անգամ 88-ի երկրաշարժը։ Երկրաշարժն այդպես չի ցնցել մեր երկրի հողը, ինչպես ցնցում են այս իշխանությունները, ամեն օր, արդեն 4-4,5 տարի։

Կարճ ասած՝ մենք հասել ենք մի աստիճանի, որ պետության ղեկավարը՝ թե իր որոշումներով, թե իր կամքից անկախ, դառնում է մարդկանց հաշմանդամության, մահվան, ունեզրկման ու նվաստացման պատճառ։ Հայաստանի Հանրապետության ղեկավարը անձնապես վտանգավոր է ՀՀ քաղաքացու ու երկրի համար։ Ու եթե այս ամենից քաղաքացին հետևություն չի անում, ուրեմն պետք է ամեն անգամ սրտի տրոփով սպասի, թե հաջորդը ով է և իր հերթը երբ է գալու։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ