«Հետք»-ը գրել է․
«Մեկ տարվա ընթացքում պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ գրանցված պատահարներից ամեն 3-ի մեղավորը պարեկային ծառայության աշխատակիցն է եղել։
Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից 2024 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ գրանցվել է 468 պատահար, որից 150-ի մեղավորը պարեկային ծառայության աշխատակիցներն են։
Պատահարներից 180-ը Երևանում է եղել, իսկ 296-ը՝ մարզերում։
Վթարների ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 15 պարեկային ծառայող, իսկ տուժած քաղաքացիների մասին ո՛չ նախարարությունը, ո՛չ էլ Քննչական կոմիտեն առանձին վիճակագրություն չունի։
Պատահարների հետևանքով առաջացած վնասի փոխատուցմն իրականացվում է ապահովագրական պայմանագրերի շրջանակում։ Պարեկային ծառայության տրանսպորտային միջոցները ապահովագրված են «Սիլ Ինշուրանս» և «Էֆես» ապահովագրական ընկերություններում։
Պարեկային ծառայության աշխատակիցների մեղավորությամբ գրանցված վթարների դեպքում վնասը փոխատուցվում է ԿԱՍԿՈ ապահովագրատեսակով։ ԿԱՍԿՈ-ում սահմանված է չհատուցվող գումարի չափ, որը մեքենայի սեփականատիրոջ կամ վարորդի մասնակցության չափն է վնասի հատուցման մեջ։
Արձանագրված 150 պատահարների համար չհատուցվող գումարի չափը կազմել է 95 միլիոն 800 հազար դրամ։ Վնասի փոխհատուցում իրականացրել է Ներքին գործերի նախարարությունը։
Մյուս 318 պատահարները, որոնք պարեկների մեղավորությամբ չեն եղել, վնասը փոխհատուցվել է ԱՊՊԱ պայմանագրով։ Հատուցման ընդհանուր գումարը կազմել է 78 միլիոն 550 հազար դրամ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը