Ամբողջ շաբաթ ի՞նչ էինք քննարկում մենք՝ Հայաստանում ապրողներս, Սևանա լճի մակարդակը իջել է նախորդ տարվա համեմատ 11 սանտիմետրով, չնայած Փաշինյանը աննախադեպ բարձրացում էր խոստացել, Աննա Հակոբյանը հայ կնոջ մասին գրառում էր արել, Էկոնոմիկայի նախարարը երեխաներին մեղադրել է, թե գիտելիք չունեն, դրա համար էլ թերսնված են, Վահագն Հովակիմյանը, որի հնարավորությունների առաստաղը Նիկոլի ընտանեկան թերթում լրագրող աշխատելն էր, ԿԸՀ նախագահ դարձավ, օր ու գիշեր Փաշինյանի նկարին նայող Անդրեասյան Կարենը ԲԴԽ նախագահ է, Փեթակը փակվում-բացվում է, ՔՊ-ական պատգամավորներին էլի պարգևավճար են բաժանել, Բրյուսովն ու ֆիզկուլտինստիտուտը միանում են մանկավարժական համալսարանին և այլն։ Այս բոլոր թեմաների հեղինակը իշխանությունն էր․ մի շաբաթ շարունակ ստեղծեցին ու մարդկանց կերակրեցին այսպիսի թեմաներով, շեղեցին մեր միտքը ամենակարևորից։ Իսկ ամենակարևորը սա է՝ այս գաղտնազերծված փաստաթուղթը․ սա Արցախի չլինելու թուղթն է, սա մեր պետության, Հայաստան պետության զրահաբաճկոնը վերջնականապես կորցնելու թուղթն է, Հայաստանից բազմաթիվ կիլոմետրեր զիջելու թուղթն է, Հայաստանի, Արցախի սև թուղթն է։
Հայաստանի, Ադրբեջանի ղեկավար պաշտոնյաները՝ արտգործնախարարներ, փոխվարչապետներ, վարչապետ-նախագահներ, սահմանազատման փորձագետներ ամենօրյա կտրվածքով ուղիղ ու օպերատիվ կապերով բանակցում են մի փաստաթղթի շուրջ, որը Ադրբեջանի գոյության ամբողջ 104 տարիների ընթացքում այդ պետության գլխավոր ձեռքբերումն է։ Այդ պետությունը երբեք որևէ պետության հետ չի ունեցել նման ձեռքբերում, որքան ունենում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունից Հայաստանում։ Այս փաստաթղթով ոչ թե Արցախը հանձնվում է Ադրբեջանին, այլ դրանով ընդհանրապես Արցախը արդեն Ադրբեջան է, ուղղակի պետք է Ադրբեջանից ու Արցախից երկու հոգի քննարկեն Արցախում ապրողների իրավունքները, իսկ Արցախում ապրողներն էլ սովորական ազգային փոքրամասություն դառնան։ Չէ բայց դուք պատկերացնում ե՞ք, թե ինչի շուրջ է բանակցում Նիկոլը, իր Արմենը, Արարատը և այլոք։ Արցախը հանձնել է Ալիևին, հիմա էլ իբր բանակցում է, որ դու՝ արցախցի, ինչ-որ ադրբեջանցու հետ նստես քննարկես, թե վաղը ինչը, ոնց է լինելու, արդեն ադրբեջանական անձնագրերի ներքո։ Ալիևն ասում է՝ բայց նայեք հա, որևէ երրորդ կողմ, օրինակ՝ Հայաստանը, իրավունք չի ունենալու խառնվելու, մենք ոնց ուզենք, կխոսենք արդեն, մե՛ր քաղաքացիների հետ։
Սա Հայաստանի ու Արցախի անկախության հռչակագրերի ոտնահարում է, սա սահմանադրության խախտում է, սա մեր ազգային արժանապատվության ոտնատակ տալ է։ Սա դավաճանություն է։ Սրանք անում են փոփոխություններ, որ վաղը ցանկացած իշխանություն կարող է վերականգնել միայն պատերազմով, չգիտեմ ինչ պետքա լինի, ով լինի որ կարողանա այնպիսի պետություն կազմակերպել, որ կարողանանք այդ ամենը վերադարձնել։ Այսօր հնարավորություն կա այդ սխալը չգործելու, հաջորդ սերնդի վրա պատերազմ չթողնելու։
Որովհետև Արցախը հանձնելուց անմիջապես հետո գալու է Հայաստանի հերթը։ Մոռացեք ինքնիշխանության մասին, մոռացեք խաղաղության մասին, չի լինելու։ Մենք դրել ու քննարկում ենք, թե Բրյուսովը միանում է Մանկավարժականին, անթույլատրելի է, ինչպե՞ս կարող է, ես ընդունվել եմ Բրյուսով, բայց ավարտեմ Մանկավարժականը՞։ Եղբայր, մարդիկ 31 տարի առաջ ծնվել են որպես Արցախի քաղաքացի, անձնագիր են ստացել, ամուսնացել, տուն սարքել, երեխեք ունեցել, բայց վաղը դառնում են Ադրբեջանի քաղաքացի։ Ըստ Նիկոլի բանակցած թղթի, նրանք Ադրբեջանի քաղաքացի են, այնտեղ ազգային փոքրամասնություն։ Իրենց նախագահը Ալիևն է, Արայիկ Հարությունյանը՝ կլինի ոչ թե ընտրված, այլ Ալիևի դրածո համայնքապետը։ Վաղը որ թշնամին եկավ հասավ Երևան, հեչ կապ չունի, թե Բրյուսովը ինչին է միավորվում, որովհետև էդ համալսարանները անվանակոչվելու են Բայրամովի, Ալիևի, Հաջիևի ու մյուսների անուններով։
Բայց ասեմ իմանաք, էդ բուհերի միավորումները նոր չէ․ այն ժամանակ, երբ այս իշխանություը եկավ ու կրթության նախարարությւոնը, մշակույթը, սպորտը, Սփյուռքը, բոլորը միավորեց, գյուղնախարարությունը վերացրեց, հասկանալի էր, չէ՞, որ քանդելու քաղաքականություն են վարում, դուք բոլորդ լռեցիք, նախարարության մի երկու աշխատող ձայն հանեց։ Շատերին թվաց իրենց չի հասնելու։ Որ գիշերօթիկները փակեցին, քա՞նի հոգի ձայն հանեց։ Որ մարդկանց վրա հավայի քրգործեր բացեցին, ո՞վ ձայն հանեց։ Էս բոլորը էդ ժամանակից սկսեցին չէ՞։ Առաջին լռությունն ու ուրացումը էդ ժամանակ է եղել ու էդպես շարունակվում է մինչև հիմա։
Անտարբերությունը բոլորին կործանեց, դրա համար էլ հիմա Բրյուսովը փակում են, ու շատերը ծաղրում են ուսանողներն, դասախոսներին, հիշեցնում են, որ սրանից մի քանի ամիս առաջ, որ մի շարք երիտասարդներ Բրյուսովում ուզում էին Արցախի դրոշ տնկել ու ասում էին արի միացի, որ թուրքը մեր երկիր չմտնի, ասում էիք՝ մեր դասապրոցեսը մի խանգարի, մեզ քաղաքականությունը չի հետաքրքրում, գյուղացիները չէին միանում դիմադրության պայքարին, ասում էին մենք մեր խաղողն ենք մշակում, որ Սուրմալուն պայթեց, Փեթակն էլ օր ու մեջ փակում բացում են, նոր սկսում են հետաքրքրվել կարծես։ Բայց լավ չի, չէ՞, որ ամեն մեկը իր խնդրով է զբաղված միայն, տան դռան շեմից այն կողմ չի էլ նայում, անունն էլ դնում է, թե քաղաքականություն է, ինչ գործ ունեմ։
Բուհերի միավորումը, իհակե, կարևոր թեմա է, այս քննարկված բոլոր թեմաներն էլ կարևոր են, բայց մի երկրում, որը մերի պես աղետի մեջ չէ։ Կարող է վաղը լինի մի նորմալ իշխանություն, բնույթով տղամարդ ղեկավար, ձեռքը խփի սեղանին ու մի որոշմամբ չեղարկի բուհերի միավորումը, մի հրամանով ՔՊ-ականացված պաշտոնները իրենց կուսակցությունից վերադարձվեն պետությանը, ունենաս նորմալ դատախազ, օմբուդսմեն․ մի որոշմամբ գնաճը մեղմվի, գյուղմթերքի իրացման դժվարություները վերանան, նորմալ զենք ձեռք բերես, բանակ վերականգնես, քանդված տնտեսությունը վերականգնես, կտրես պարգևավճարները նախլեբնիկներից և այսուհետ պարգևատրես միայն արժանավորներին, մոտիվացնելու նպատակով, ոչ թե՝ լոյալ մնալու․ այս բոլորը ուղղելու խնդիրներ են․ բայց վաղը հնարավոր է ոչ մի իշխանություն չկարողանա հետ բերել այն, ինչ այսօր կորցնում ենք՝ մեր հողերը, տները, մեր Արցախը։ Այսօր, հուսով եմ, հնարավորություն կա դեռ չհանձնելու կամ թույլ չտալու։
Դրա համար բոլոր-բոլորի՝ ուսանող, դասախոս, առևտրական, գյուղացի, մտավորական, ընդիմություն, քաղաքականությունով զբաղվող ու չզբաղվող, բոլորի ուշադրությունը պետք է լինի թույլ չտալ այս փաստաթուղթը իրականություն դառնա։ Այս փաստաթղթի շուրջ բանակցողներին պետք է փոխել անմիջապես․ նոր բանակցող լինի, նոր փաստաթուղթ կլինի, վստահ եմ՝ ոչ այսքան ստորացուցիչ ու կործանարար։ Իրենք, վստահ եմ, նստում ասում են՝ չհամաձայնենք, պատերազմ կստանաք։ Ոչ, պատերազմը այս թուղթն է։ Այս բանակցվող փաստաթղթով Հայաստանից ևս բազմաթիվ տարածքներ են տրվելու՝ սահմանագծում-սահմանազատում անվան տակ։ Նա արդեն այդ մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում։ Այս պահին առնվազն Հայաստանի 6 մարզում բնակվող քաղաքացիներից ոչ մեկ թող վստահ չլինի, թե իր տունն իրեն է մնալու։ Վարդենիսի բնակիչներ, Ջերմուկի բնակիչներ, Գորիս-Սիսիանի, Կապանի բնակիչներ, Երասխի բնակիչներ, դուք վստա՞հ եք, որ վաղը ձեր տանն եք ապրելու, թե՞ դառնալու եք փախստական՝ առանց անգամ փոխհատուցման։ Ինչքան փոխհատուցվեցին Հայաստանում հաստատված հադրութցիները կամ Աղավնոյի, Լաչինի բնակիչները, նույնպես էլ դուք եք հատուցվելու։ Էս մարդիկ հայտարարում են, որ իրենք ռեսուրս չունեն պահելու ձեր տները, ձեր հողը, ձեզ պահելու հարավորթյուն չունեն։ Իրենք իրենց են պահում, այլ բան հետաքրքիր էլ չէ։
Կարճ ասած՝ Ալիևը կարողացել է ի վերջո Հայաստանում ունենալ գործընկեր, որը իր շահերի սպասարկողն է։ Դրա համար էլ վռազում են, որպեսզի վերցնեն այն, ինչ իրեն սիրահոժար նվիրում է Հաաստանի ոչ ադեկվատ իշխանությունը։ Անգամ ժամկետներն են հնչեցնում։ Պրահայում բանակցություններից հետո հայտարարվել է, որ ամենը ավարտվելու է մինչև տարեվերջ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը