Գրեթե ամենօրյա կտրվածքով խոսում ենք այն մասին, որ ժողովուրդն անտարբեր է, չի զարթնում, մշտապես կուլ է տալիս այն խայծերը, որ տալիս է իշխանությունը՝ կլինի երկրի հանձնում, ահռելի գնաճ, թե բուհի փակում։ Այս անտարբեր վիճակը ձեռնտու է Հայաստանի այսօրվա իշխանությանը, որը հնարավոր ամեն ինչով շեղում է մարդկանց հիմնական թեմայից։ Քաղաքացիական ակտիվության բացակայության ֆոնին առավել երևում են այն մարդիկ, որոնք այս իշխանության հենարանն են՝ այսպես ասած ցածր պատասխանատվության մտածելակերպ ունեցողները, մարդիկ, որոնք պատրաստ են բոլորին մեղադրել՝ իրենց խաբվածությունը թաքցնելու համար։ Մեկ անգամ արդեն անդրադարձել եմ այս թեմային, որ յուրաքանչյուր ղեկավարի օրոք զարթնում են, ակտիվանում են այն որակի քաղաքացիները, որոնք ավելի մոտ են իր բնույթին։ Ինչո՞ւ է այսօր հանրության մի հատված հավատում, թե Նիկոլը Էրդողանին չոքեցրել է, թե Կարսը 10 րոպեից հետ է բերելու, կամ՝ Բայդենը ամեն օր առավոտ Նիկոլից է ճշտում, թե այդ օրն ինչ անի, Պուտինը խնդրում է, որ Նիկոլը մի յաշիկ կոնյակով Մոսկվա գնա, սա էլ հրաժարվում է․ հավատում են, որովհետև ունենք երկրում ղեկավար, որը մինչև հիմա հավաստի աղբյուրի անվան տակ նյութեր է գրում։
Երեկվա տեսարանը սարսափելի էր, բայց էս տրամաբանության շրջանակում է։ Արմավիրցի երկու տասնյակ քաղաքացի բողոքի ցույց է անում, Լուսագյուղի ճանապարհն են փակել․ իրենց զավակը կորել է սեպտեմբերի 13-ին պատերազմի արդյունքում, ասում են՝ վիրավոր է, ՊՆ-ն չի կարողանում գնալ-բերել, քանի որ ադրբեջանի վերահսկողության տակ է։ Ասում են՝ ՊՆ-ն անկարող է, Նիկոլն անկարող է, խեղճ հարիֆն ի՞նչ անի, Քոչարյանն ու Սերժը սաղ աշխարհին տրամադրում են Նիկոլի դեմ։ Սա տիպիկ այն մտածելակերպն է, որը մեր պետությունը էս վիճակին է հասցրել։ Իր երեխան կորել է Նիկոլի վախտ և շեշտեմ՝ անգամ ոչ 44-օրյա պատերազմի ժամանակ, այլ արդեն դրանից երկու տարի հետո, խաղաղության դարաշրջանում։ Քոչարյանի ժամանակ իր տղան գնում էր մանկապարտեզ, Սերժի ժամանակ՝ դպրոց, Նիկոլի ժամանակ գնաց պատերազմ, ու ինքը դարձավ որդեկորույս հայր, բայց ասում է՝ մեղավորն է Քոչարյանը։ Քոչարյանի ժամանակ ինքը հեռանկար ունեցել է, չէ՞ էս երկրում իր ապագայի մասով, որ երեխա է ունեցել, պահել մեծացրել է, բայց ուզել է էլ ավելի լավ լի, հիմա Նիկոլը, որը խոստացել էր էտ ավելի լավը, տարել է բանակ, բայց մատաղ է արել՝ խաղաղության դարաշրջանին։ Հիմա էս մարդուն էլ ի՞նչ ասես, վերլուծես, տրամաբանես որ հասկանա՝ ով ով է, որն է լավը, որն է վատը․ իմ համար չէ, ի՛ր համար․․․
Կարող ես ասել՝ դե լավ՝ միլիոն մարդ, միլիոն մտածելակերպ։ Բայց ցավն այն է, որ այս մարդիկ, որոնք իրենց ընտրության պատճառով, իրենց մոլորության պատճառով կորցնում են, ու այդպես էլ չեն հասկանում, թե դա ինչու եղավ, մի բան էլ նպաստում են, որ այն մարդիկ որոնք մոլորված չեն, նրանք ևս կորուստներ ունենան։ Նիկոլը խեղճ ա, մերն ա, մեր նման ա․․․ Այ ընկեր, Նիկոլը ոչ խեղճ ա, ոչ էլ, քո նման, տեսքին հերիք է խաբնվեք։ Այդ մարդիկ, չեն ուզում ընկալել, որ խաբվել են․ ո՞նց կարա պատահի ես խաբվեմ, չէ, ավելի լավ է ասեմ՝ Նիկոլին խանգարում են, պահում են պադվաներում, զենքը գլխին։ Դրա համար պատրաստ են ամենինչի հավատալ, բացի իրականությունից։
Մի քանի օր առաջ ինձ մեկը փորձում էր համոզել, որ Ռոբերտ Քոչարյանը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին տարել-կանգնեցրել է Խանջյանի «Վարդանանց» կտավի մոտ, որպեսզի Փելոսին պարսիկների դեմ խոսի ու խառնի Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները, մեղքը գցի «խեղճ հարիֆի» վրա։ Ինձ է համոզում։ Հավատում է մարդը ու ինձ էլ համոզում է։ Բա եթե Քոչարյանը, Նիկոլի իշխանության օրով կարողանում ա ԱՄՆ ամենաբարձր պաշտոնյաներից մեկին, ամենաազդեցիկ դեմքերից մեկին բերի ու որ պոզայով ուզում է կանգնեցնի որտեղ ուզում է, բա մեզ էլ հենց էդպիսի ղեկավար է պետք, ի՞նչ եք Նիկոլի պոչից բռնել, խեղճ հարիֆի։ Սրանք չեն կարող հասկանալ՝ ինչ է քաղաքական պատասխանատվություն։ Դա այն է, որ ում օրոք կատարվում են այս կամ այն բաները, դրա լավ ու վատ արդյունքի համար պահանջում են այդ օրվա ղեկավարությունից։
Երբ որ դու ստանձնում ես պետության ղեկավարություն, ընդունում ես իր բոլոր խնդիրներով ու առավելություններով․ դու ուսումնասիրում ես, վերցնում ես, ծրագիր ես ներկայացնում, որ շարունակես, զարգացնես տանես դեպի էլ ավելի լավը։ Երբ պրավալ ես տալիս, սկսում ես ստել, սրա-նրա վրա գցել, ասում ես՝ մեղավորը նախկիններն են, պետք է քաղաքացին ունենա էնքան խելք, որ հասկանա՝ երբ դու եկել ես վարչապետ, էդ խնդիրը չկար, եթե 2 տարի հետո, 4 տարի հետո էդ խնդիրն է առաջանում, ի՞նչ նախկիններ, նախկինները մեղավոր լինեին, իրենց ժամանակ կառաջանար էդ խնդիրը։
Ում օրոք բանակ ես ուղարկում քո տղուն, նրանից էլ պետք է պահանջես անփորձանք վերադարձ։ Իմ ծնողները երեք զավակ են բանակ ուղարկել, երկուսը Քոչարյանի ժամանակ, մեկը՝ Սերժի ու նրանցից են պահանջել իմ անվտանգ վերադարձը, ոչ թե Լևոնից կամ Կարեն Դեմիրճյանից։ Պատկերացրեք 2003 թվականին Քոչարյանի վախտ սաղ հողերը տային, երեխաներն անհետ կորեին, ցույց անեիք՝ ասեիք Կարեն Դեմիրճյանն ա մեղավոր, որ ծախել ա։ Աբսուրդ չէ՞։ Պատկերացրեք վաղը Ջասթին Թրյուդոն կանադական զորքը քշի ու գրավեն Նյու Յուրքը, ամերիկացիներն էնքան հիմար կլինե՞ն, որ հայտարարեն՝ Նյու Յորքը Քլինթոնի ժամանակ էին ծախել, խեղճ Բայդենն ինչ աներ։ Մեզ մոտ ասում են՝ հողերը վաղուց ծախված էր, թե ո՞վ էր ծախել, ո՞նց էր ծախել, կամ որ ծախել էին, փողը տված Ալիևը խի՞ չեր վերցնում, զոռով տալիս էին՝ չէր վերցնում էլի, սպասում էր Նիկոլը գա՞․․․ այ էդ հարցի պատասխանը չունեն։
Ժողովուրդը ինչի՞ է նախկիններին մեղադրում ամեն ինչի համար, որովհետև պետության ղեկավարությունը աշխատելու փոխարեն, ամեն անգամ մեղավոր է փնտրում ու նշանակում․ Նախագահը չի աշխատում, սահմանադրությունն է մեղավոր, խաղողը չի մթերվում, գյուղացիներն են մեղավոր, կամավորներն էին մեղավոր, որ չէին գալիս հանձնած տարածքների վրա մեռնելու, անգամ իշխանավոր ենք ունեցել, որ ասել է՝ էն որ Ադրբեջանը գազն անջատել էր Ղարաբաղում, լրագրողներն են մեղավոր։ Հատուկ հանձնարարություններով էն տղեն ասում է՝ ընդդիմությունն է մեղավոր, որ Նիկոլը Լաչինը տվեց, Ադրբեջանն էդ թեման մոռացել էր, բարձրաձայնեցին․ ընդդիմությունն է մեղավոր, որ ներդրում չի գալիս, վատն են ներկայացնում։ Բա եթե ձեզանից բան կախված չէ, մեր երկրում ամեն ինչ կախված է լրագրողներից, ընդդիմությունից, Սերժից ու Քոչարյանից, բա էլ դուք ում եք պետք։
1996 թվականից սկսած՝ բոլոր իշխանություններին ամենաշատ խանգարողը եղել է Նիկոլ Փաշինյանը, բայց ոչ մեկը չի ասել Նիկոլը չի թողնում աշխատենք, իր պատճառով էսպես ու էսպես։ Ժողովուրդ, մեղավորը նրանք են, ովքեր բերել են Նիկոլին, պահում են ու նույն հավեսով ոտքի չեն կանգնում՝ իր որակներին ամբողջությամբ ծանոթանալուց հետո։ 2018 թվականին չբերեիք՝ այս ամենը չէր լինի, 2018 թվականի դեկտեմբերին չընտրեիք, պատերազմ չէր լինի, մեր տղերքը ողջ կլինեին, մեր հողերը՝ մերը, 2021 թվականին չընտրեիք, էսօր ևս 200-ից ավելի զոհ, բազմաթիվ կիլոմետրեր չէինք զիջի, վաղը հեռանա՝ բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը չի ստորագրվի, որով Արցախը Ադրբեջան է, արցացխցին՝ Ադրբեջանի քաղաքացի՝ էթնիկ փոքրամասնություն։ Երեկ ու այսօր ցույց անող անհետ կորածների հարազատներին ասում եմ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ոտքի կանգնեիք, էսօր ձեր տղեն չէր կորի։ Չէ բա Էջմիածնի գյուղում լռվել էիք, գիտեիք պատերազմը ձեզ չի հասնելո՞ւ․ պատերազմը բոլորի տուն է մտել ու դեռ մտնելու է, քանի դեռ այսպիսի որակի է մեր իշխանությունը։ Դուք եք Նիկոլ Փաշինյանին տվել համաձայնություն, որ ձեր ու ձեր զավակի ապագան կառավարի։ Բա իրենից պահանջեք, ի՞նչ եք ինքներդ ձեզ խաբում, հերիք չի՞ ստի մեջ ապրեք։ Ամենից դաժանը գիտե՞ք որն է, որ քանի չեք հասկացել, ուրեմն պետք է էնքան պատասխան տաք ամեն սխալի համար, մինչև հասկանաք ու էլ չսխալվեք։ Բնության օրենքն է այդպիսին։
Կարճ ասած՝ Մի առիթով նույն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ մի ասեք մարդկանց զոմբի, ժեխ և այլն, անկախ իրենց մոլորվածության աստիճանից, նրանք նույնպես մեր ժողովրդի մասն են, պետք է փորձել բացատրել, աշխատել իրենց հետ, ճիշտն ու սխալը ցույց տալ։ Հուսով եմ, շատերը հասկացել են, բայց եթե ոչ, ուրեմն եթե մեկ անգամ սխալվում էն, կարող ենք արդարացնել, երկրորդ անգամ՝ հասկանալ, երրորդ անգամ՝ ներել, բայց այսքանից հետո սխալվելը, կներեք՝ անուղղելի է։ Քա՞նի զավակ պետք է մահանա, զոհվի, անհետ կորի, որ այս մարդիկ հասկանան՝ ով է այս ամենի մեղավորն ու պատասխանատուն։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը