23 06 2021

«Կարճ ասած»․ Ժեխից չտարբերվող



 

Ընտրությունների համատարած կեղծված լինելն այլևս փաստ է։ Ուղղակի տակ ու ծեր չկա ընտրախախտումներին։ Այնքան շատ են, որ անհնար է թվարկել ու պարզապես անհնար է ճանաչել արդյունքները։ Չի կարող իրեն հարգող քաղաքական ուժը հարգել ընտրությունների արդյունքները։ Մենք տեսնում ենք, որ կապիտուլյանտը օրը մի քանի քաղաքական ուժի է հանդիպում, որոնք մասնակցել են ընտրություններին ու զրոյական արդյունք գրանցել, ու տպավորություն է ստեղծում, թե հետընտրական հանդիպումներ են, ուժերը դժգոհ չեն։ Բաբաջանյանա-սանասարյանա-արզաքանցյանախառը՝ քաղաքական դաշտում զրոյական ազդեցություն ու դերակատարում ունեցող ուժերի հետ հանդիպումը գուցե Նիկոլին ոգևորություն հաղորդում է, բայց դրանից իրավիճակը չի պարզվում․ եթե 10 հատ զրո էլ իրար կողք դնես, արդյունք լինելու է զրո։ Իսկ զոյականների հետ ոչ ոք չի ցանկանում գործ ունենալ։

Ընտրություններին մասնակցող ուժերի մեծ մասը չեն ճանաչել արդյունքները։ Ամեն օր նոր խախտումներ են ի հայտ գալիս, նոր տեսանյութեր։ Այսօրվա տեսանյութը՝ զինվորների քվեարկության մասին․ ուղղորդված քվեարկության փայլուն օրինակ։ Իսկ մենք ունենք տասնյակ հազարավոր զինվորներ, որոնք քվեարկել են։ Հետո տեսնում ենք, որ միայն մեկ տեղամասում պակաս են հաշվել Հայաստան դաշինքից 90 ձայն, 100-ի փոխարեն գրել են 10, մեկ այլ տեղամասում 258 ձայնի փոխարեն գրել են 0, մեկ այլ տեղ 49-ի փոխարեն գրել են 4, 261-ի փոխարեն՝ 26։ Էն որ ձայները հաշվարկելու կեսից լույսերը պատահաբար անջատվում էին, հատկապես շատ ընտրողներ ունեցող քաղաքներում, բա սա՛ էր լինելու։

Ասում ենք՝ ո՞նց կարող է մարդ հողերը ծախի, մարդկանց սպանի, սովի մատնի, էսքան խնդիրներ ստեղծի ու ձայն տանի։ Հենց էսպես, մյուսների ձայները չհաշվելով, բազմաթիվ կեղծիքներով ու կոմբինացիաներով։  Պարզվում է՝ սրանք մարդասպան, կապիտուլյանտ, թալանչի լինելու հետ մեկտեղ, նաև ձայնագող են։

Մենք խոսում ենք ընտրության օրվա մասին, բայց բազմաթիվ խախտումներ են եղել ընտրություններից առաջ։ Սահմանադրական դատարանը պետք է գնահատական տա այդ քաոսի, որով անցնում ենք։ Կեղծվել են ընտրությունները, ընտրությունների արդյունքները։ Ու դա արվել է բոլոր կողմներից, ով իչնչպես կարողացել է․ Արմավիրի ոստիկանապետը կարողացել է ճնշել, ճնշել է, Արագածոտնի մարզպետը կարողացել է ճնշել, ճնշել է։ Ոստիկանությունը անկապ բացատրություններով մարդկանց հրավիրել են բաժին՝ խափանելով աշխատանքը։ Քա՞նի հոգու մասին իմացանք, որ աշխատանքից ազատել են «Հայաստան» դաշինքին քվեարկելու համար։

Ու քանի հոգու մասին իմացանք, որ գործից հանում են արդեն ընտրություններից հետո։ Իշխանության ամենաանընդունելի բաներից մեկը քինախնդրությունն է։ Եթե իշխանություն ես, պետք է սովորաբար ավելի բարձրից նայես ինչ կատարվում է, չիջնես, չմանրանաս։ Դու պետք է հարգես քո աշխատողների, քո գործընկերների քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումը ու նրան չհալածես այդ դիրքորոշման համար։ Այս ընտրություններում բազմաթիվ պաշտոնյաներ էին աջակցում «Հայաստան» դաշինքին՝ թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, թե՛ կառավարության անդամներ, բազմաթիվ գործարարներ։ Ով մեր երկրի ապագայի մասին մտածում էր, ընտրում էր «Հայաստան» դաշինքին։ Իշխանությունը ծանր է տարել։

Ընտրություններից առաջ մենք տեսնում էինք, թե ինչպիսի այլանդակություններ էին տեղի ունենում՝ դաշինքին սատարող դպրոցի տնօրենին ազատում էին աշխատանքից, ուսուցիչներին էլ, տարբեր ոլորտներում աշխատողների, անգամ՝ պահակների։ Հիմա ավելի ստոր քայլերի են դիմում։ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանից մարզպետ Արամ Խաչատրյանը պահանջել է հրաժարականի դիմում գրել։ Չի գրել, որից հետո հենց մարզպետարանի շենքում նրան ծեծի են ենթարկել, մարզպետի հետ միասին: Փաստորեն, մարդուն ծեծում են, որ գործից դուրս գա։ Անգամ էսօրվա իրավապահ էս համակարգում էդ մարզպետը պետք է անմիջապես հայտնվի ճաղերից այն կողմ։ Լոռու մարզպետը, էն որ տնով հիմնադրամ են կառավարում։ Նույն մարզպետը, որ լրագրողների տեսնելիս՝ Վերնիսաժի էս ծերից էն ծերն էր փախչում։

Արագածոտնի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզպետարանի առողջապահության բաժնի պետին կանչում-ասում է՝ 15 րոպեից դիմում գրի։ Ու էդ մարդկանց՝ էդ մարզպետ կոչեցյալներ, Նիկոլը հավաքել էր ու ասել էր պետք է Հիսուսի բարդույթով ապրեք։ Պատկերացնում ե՞ք՝ սրանք հիսուսներն են։

Քաղաքական բռնաճնշման փայլուն օրինակ է պրոֆեսոր Արմեն Չարչյանին ամեն գնով կալանավորելու սրանց գործելաոճը։ Մարդը կոչ է արել գնալ ընտրության, ձերբակալել են։ Քաղաքական բռնաճնշումներ ու բեսպրեդել․ այս անամոթ կառավարությունը շարունակում է իր այլանդակ գործելաոճը։ Սա երկրի համար աղետալի հետևանքների է բերելու։ Մեկ անգամ արդեն բերել է։

Ես ուզում եմ էս փնթի, անհասկացող մարդկանց մի վերջին ճիգ էլ գործադրել բացատրելու, որ եթե դու դարձյալ մեր երկրի խնդիրները թողնես կուտակվի ու ընկնես մարդկանց հետևից, երկար չես ձգելու։ 2018 թվականի հուլիս ամսից խելացի մարդիկ հայտարարում էին՝ դու չես ձգելու, ոտքիդ կգցես, սխալ ես գնում, ու տապալում ես ամեն ինչ։ Հիմա էլ նույնն ենք ասում՝ դեռ ընտրությունները չպրծած, արդյունքները չամփոփած՝ դու սկսեցիր սխալներդ։ Հայտարարում ես համերաշխության ձեռք մեկնելու մասին, մարդուն 10 հոգով ծեծում եք, որ հրաժարական տա։

Առաջին անգամ իշխանության եկաք ջարդեմ-քանդեմի գործելաոճով, իրոք ջարդեցիք։ Հիմա էլ է նույնը։ Այս անգամ էլ եք աղետի բերում ու շատ ավելի մեծ մասշտաբի։

Կարճ ասած՝ պարզ է՝ այս իշխանությունը չունի հանրային վստահություն։ Սրանք կեղծել են ընտրությունները ու այդքան կեղծիքների արդյունքում հանրության 25 տոկոսի վստահությանն են արժանացել։ Նիկոլը ժողովրդի 25 տոկոսի վարչապետն է՝ կեղծիքների արդյունքում։ Ինքն էլ ընդունում է, որ այդպես է, որովհետև ամբողջ ուժերը կենտրոնացրել են ձայն չտվածների նկատմամաբ խնդիրներ ստեղծելու համար։ 25 տոկոս վստահություն ունեցած իշխանությունն այլևս իրավունք չունի խոսելու ժողովրդի անունից։

Ու քանի որ այս քաղաքականությունն են որդեգրել, ես արդեն վստահ եմ՝ եթե սահմանադրական դատարանն անգամ անտեսի այս խայտառակ խախտումները, միևնույն է՝ այս իշխանությունը գնում է հերթական արտահերթ ընտրությունների ճանապարհով։

 

Հակոբյան Սևակ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ