08 09 2022

«Կարճ ասած»․ Որոշումներ, որոնցով ժողովրդի կառավարությունը մտել ժողովրդի գրպանը



 

Երեկ մի ուշագրավ լուր կարդացի․ Տարածքային կառավարման փոխնախարարը հայտարարել է օրենքի փոփոխության մասին, որով օնլայն տաքսիները ամեն պատվերի դեպքում պետք է 100 դրամ տուրք վճարեն։ Էս երևի էլի էն բարեփոխումներից ա, էն որ խոսք չեն տվել, ձայն չեն հանել, բայց մուղամով անում են։ Եվ ուրեմն, շուտով տաքսիներից պետությունը կգանձի 100 դրամ՝ ամեն պատվերից։ Հիմա հարց եմ տալիս, ո՞ւմ գրպանից պետք է դուրս գա այդ 100 դրամը։ Ժողովրդի։ Առանց այն էլ տաքսիների գինը հիմա աստղաբաշխական թվեր են դարձել, փոխարենը ինչ-որ լուծումներ տան, հակառակը, նայում-ասում են՝ բա մե՞նք, բա մի բան էլ մեզ չհասնի՞։ Ուզում եմ հիշենք Հայաստանի այսօրվա վարչապետին, որը 2018 թվականի նոյեմբերին հայտարարեց, թե ով ուզում է՝ կարող է առանց լիցենզիայի տաքսի քշել, 50 հազար հոգի կօգտվի։ 2 տարի հետո ասաց՝ բա էդպես ո՞նց կլինի, առանց լիցենզիայի․ ու էդպես, մեկ սիրաշահեցին տաքսիստներին, մեկ մտան գրպանը։ Հիմա ուղիղ մտնում են տաքսիների վարորդների կամ ուղևորների գրպանը, տարբերություն չկա։ Ի՞նչ է դուրս գալիս․ ասենք, կարող են վաղն էլ ասել՝ ամեն աճեցրած մեկ կիլոգրամ պոմիդորի 200 գրամի եկամուտը պետք է ուղարկել կառավարության ղեկավարին, ամեն վաճառվող 10 ցանկացած ապրանքից երկուսը պետության փայն է, որն էլ կառավարվելու է վարչապետի աշխատակազմի կողմից։

Էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ և առաջարկում է վճարովի դարձնել սերմերի ու տնկանյութերի հավաստագրումը։ 2000-ականներից դա կա ու անվճար է։ Հիմա մարդիկ ստեղից էլ են ուզում փող աշխատել, այս անգամ գյուղատնտեսության հաշվին։ Գյուղտնտեսությանը մի կոպեկի օգուտ այս կառավարությունը չի տվել, բայց ուզում է քամել գյուղացուն որքան կարողանա։ Փոխանակ գյուղացուն օգնեն, մի հատ էլ մտնում են գրպանը։ Գյուղացուն հիշում են, այն ժամանակ երբ մեկը գլխի է գցում, որ կարելի է մի բան էլ էդտեղից քերել։

Այս կառավարությունը ժողովրդի գրպանը մտնելու լիքը տարբերակներ է մշակել։ Մի քանիսին էլ անդրադառնամ։

Մեկ խախտման համար երկու անգամ տուգանող բալային համակարգի մասին շատ ենք խոսել, որը բեռ է վարորդների համար։ Դրանից չխոսեմ։ Կառավարության որոշմամբ, օգոստոսի մեկից սեղմված և հեղուկ գազով շահագործվող մեքենաները պետք է 2 տարին առնվազն մեկ անգամ գազի սարքավորումների ստուգում անցնեն: Հանեցին այս որոշումը, որը իբր թե անվտանգության համար էր, բայց պարզվեց՝ փող աշխատելու միջոց է։ 15 հազար դրամ էին սահմանել այդ ստուգման գինը, հետո սկսեցին ուղղակի վաճառել տեղեկանքը։ Եթե նպատակը անվտանգությունն է, նպատկը ժողովուրդը սաղ լինի, լավ լինի, է կազմակերպեք մի քանի տեղ, պետության հաշվին կազմակերպեք, վարորդներին էլ ասեք՝ ձրի է, կգնաս, կստուգես ու եթե չգնա, այ էդ ժամանակ տուգանեք որքան ուզում եք, թեկուզ միլիոն։ Բայց դե ոչ, նպատակներդ այլ էր՝ էլի մտաք գրպանը։

Մարդիկ գազով ավտոմեքենա քշում են ոչ թե հաճույքի համար, այլ որովհետև էժան է, բենզինի փող չունեն ու դու փոխանակ նրանց ձեռք մեկնես, պետության կողմից անվճար ծառայություն մատուցես, հազիվ ավտոն լիցքավորող Օփելի վարորդին ասում ես՝ գնա 15 հազար էլ տուր լիցենզիա հանի։ Մենակ այս որոշմամբ վարորդներից գիտե՞ք ինչքան են քերում, շուրջ 17 մլն դոլար։ Հայաստանում կա 450 հազարի կարգի գազով աշխատող ավտոմեքենա, 7 մլրդ դրամ հավաքում են լիցենզիա ծախելով։ Ո՞ւր են գնում այդ փողերը։ ԱԺ պատգամավոր Փաշինյանը կասեր՝ գնում է Սաշիկի ջեբը։ Հիմա, որ ղեկավարը Սերժը չէ, այլ Նիկոլն է, բա հիմա՞ ուր է գնում, կարողա՞ իր եղբայր Արմենի ջեբն ա գնում։ Եսիմ։ Հնարավոր չի՞։

2021 թվականից ուժի մեջ էին մտել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով զգալիորեն բարձրացվել են դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների ու նման բաների համար պետական տուրքի դրույքաչափերը: Պետական տուրքի նվազագույն շեմը 1500 դրամից դարձել է 6000 դրամ, 4000 դրամանոց տուրքը դարձել է 20 հազար դրամ, վերաքննիչ բողոքի 10 հազարը՝ 30 հազար դրամ և այլն։ Ինչո՞ւ այդպես արեցին․ որ դատարանների ծանրաբեռնվածությունը վերանա։ Ասենք սխալ տեղը վարորդին տուգանել են 5 հազար դրամով։ Հիմա որպեսզի դատարան դիմի, պետք է 6 հազար դրամ վճարի։ Այսինքն էդ մարդը չգիտի ինչ կլինի հետո, չի վճարում, չի դիմում, ու ապօրինի կայացրած ակտը վճարում է։ Դատարանի հետ քա՞նի հոգի է գործ ունենում ամեն օր․ այդ բոլորի գրպանը մտել է այս կառավարությունը։ Մեկը հարցնի, բա նախընտրականների ժամանակ ինչու՞ քեզ ընտրողին դրա մասին չես պատմել, կոկորդդ պատռելով համոզել, որ լավ բան ես անում, անհրաժեշտ բան ես անում։

Քաղաքացու գրպանը մտնելու ամենազավեշտալի դրվագը պարտադիր կուտակային համակարգն էր։ Ինչո՞ւ։ Որովհետև սրանք ասում էին, թե հենց մենք եկանք, կչեղարկենք։ Եկան ու միանգամից էս համակարգը հաստատեցին։ Բայց՝ ասում էին նրա համար է, որ ապահով ծերություն ունենաս։ Է նախկին իշխանությունն էլ էր նույնն ասում, բա ինչի՞ էիք մարդկանց էմոցիաների վրա խաղում, որ իշխանության գաք ու չհանե՞ք։ Ամոթ ունեցե՞լ եք գոնե երբևէ։ 1974 թվականին ծնվածները, ովքեր ունեն աշխատանք, հիմա իրենց աշխատավարձից պահում է արվում, ուղարկվում կուտակային ֆոնդ, որ դառնա թոշակառու և ստանա արժանապատիվ թոշակ։ Վերջերս պարզվեց, որ հաշիվներից փողերը  պակասում են ու դեռ կպակասեն։ Ասում են, ոչինչ, շարունակենք հիմա կուտակել, ապագայում կունենաք ապահով ծերություն։ Վաղը կարող է գնաք թոշակի ու տեսնեք, որ ինչ ապահով ծերություն, փողերը փոզմիշ են արել։ Հիմա, էս դեպքով ում անվանը կպցնենք, ո՞վ է էտ փողը ֆռռացնում, տանում-բերում, ուտում։ Ասում ենք պետությունը մտնում է քո գրպանը, իսկ կարող ա՞ կոնկրետ մարդիկ են օգտվում դրանից։ Ո՞ւր են էդ փողերը։ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կասեր՝ ուտում են, փայ են մտել ժողովրդի փողերին։ Բա հիմա՞ ով է փայ մտել, մարդկանց փողերից մինչև 15 տոկոս կորել է։ Իրենց համար հեչ, իրենք էնքան փող են արդեն կուտակել, որ ծերության թոշակը բացարձակ չի հետաքրքրում, վաղը գործից դուրս գան, որ չնստեն՝ ավելի լավ կապրեն, հիմա էլի պաշտոնյա լինելու հանգամանքը խանգարում է, որ ուզած ձևով «վաստակածը» վայելեն։

Սա դեռ ամենը չէ։ Ազգային ժողովի ընդունած օրենքով, 2021-ի հունվարի 1-ից գույքահարկի նոր և ավելի բարձր դրույքաչափեր է նախատեսված։ Գույքահարկը թանկացել է ժողովուրդ ջան։ Մեզ խոստացել էր, որ հոսանքն ու գազը 20 տոկոսով կէժանանան, բայց դրանից շատ թանկացան։ Այսինքն, մտան Հայաստանի բոլոր տնային տնտեսությունների գրպանը։ Խոսք էին տվել էժանացնել, մեզ համոզում էին, որ թանկ է, կարա էժան լինի, կոնկրետ մարդիկ փող են աշխատում, եկան իշխանության՝ թանկացավ, հիմա մենք ի՞նչ մտածենք։ Ընդհանրապես, գնաճը այն բանն է, որը օգնում է իշխանամերձ օլիգարխներին և ծանր նստում բնակչության վրա։ Նվազագույն սպառողական զամբյուղը թանկացել է 20 հազար դրամով, 33 տոկոսով։ Պատկերացնում ե՞ք, սա բոլորին է վերաբերում։ Սալյարկան թանկացել է, պարարտանյութը թանկացել է, ոռոգման ջուրը թանկացել է, ուղիղ սրա մեղավորը կարող ա կառավարությունը չի, բայց պետք է միջոցներ ձեռնարկի, ոչինչ չի անում, ոնց գնաց՝ գնաց։ Բայց այս գնաճերի պատճառով գյուղատնտեսության ծավաները նվազում են, գները աճում։ Ամբողջ աշխարհում պետությունները սուբսիդավորում են, փող են տալիս գյուղացուն, որ անգամ տնտեսապես հետաքրքրություն չներկայացնող հողերը մշակի, որ մի քառակուսի պարապ չմնա, մեզ մոտ գյուղատնտեսական ծավալները նվազում են ու դա բերում է գյուղմթերքի թանկացման։ Բանջարեղենը 50 շուրջ տոկոսով թանկացել է։ Ջուրը թանկ, վառելիքը թանկ, պարարտանյութը թանկ, սերմերի համար էլ տուրք է դնում։ Գյուղացու գրպանն են մտնում շատ ուղիղ, հետո նստում-մուննաթ գալիս, թե վարելահողերը ինչի՞ չեք մշակում։

Սրանք նաև մտել են պայմանագրային զինծառայողների գրպանը․ առաջ աշխատավարձի հետ հավելավճար էին տալիս սննդի համար։ Հիմա դա էլ չեն տալիս։

Բայց ասում են՝ աննախադեպ աճ ունենք, հարկերը գերակատարում ենք։ Բա ի՞նչ եք անում էդ փողերը, որ որտեղից ասես քերում եք, էն մնացածից էլ կրճատում։ Միայն ձերը չեք կրճատում, հակառակ՝ ավելացնում եք։

Կարճ ասած՝ այս կառավարությունը, որ եկել է իբր թե ժողովրդի համար, դուրս է գալիս՝ սուտ է ասել, հերիք չի, հիմա էլ որտեղից կարող է քերում է։ Վարորդներին՝ մի քանի ուղղություններով, տուգանքներ, բալային համակարգ, բալոններ, տաքսիներին, ուղևորներին, գյուղացիներին, բոլոր գրանցված աշխատողներին, սեփականություն ունեցողներին, հաց ուտողներին, բոլոր-բոլորի գրպանին խփել են՝ առանց բացառության։ Էնպես են արել, որ ոչ մի հպարտ քաղաքացի չպլստա ու արդեն նորանոր հարկատեսակներ ու տուրքեր են մտածում։ Էս էր այն ապագան, որը գալու էր։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ