15 06 2022

«Կարճ ասած»․ Ի՞նչ նոր փուլ մտավ ընդդիմությունը և ինչ կլինի



 

Երեկվա հանրահավաքում, ինչպես և սպասվում էր, ընդդիմությունը հայտարարեց շարժման տրանսֆորմացիայի մասին։ Ընդունենք, որ բոլորի մոտ կար գիտակցում, որ պետք է պայքարի ձև, մեթոդ, միգուցե՝ վայր փոխել։ Դա բացատրվում է գլխավոր նպատակին՝ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը խաղաղ հանգուցալուծմամբ հասնելու ձգտումով։ Այսինքն՝ գործընթացները չտանել դեպի քաղաքացիական պատերազմ, ինչին ձգտում է Նիկոլը, այլ գնալ խաղաղ ճանապարհով, թեկուզ՝ մի փոքր երկար տևի։ Քաղաքացիներից ոչ քչերը ասում են՝ դուք անընդհատասում եք խաղաղ ճանապարհով իշխանափոխություն՝ մոռանալով, որ Փաշինյանը 2008-ին գնացել է արյունահեղության, 2020 թվականին 5 հազարի տարել է գերեզման։ Հլը էսօր էլ կանգնել ասում է՝ մեր ճանապարհը խաղաղություն չի երաշխավորում, որովհետև մեզնից կախված չէ։ Բա դու խաղաղության օրակարգով էիր եկել։

Իշխան Սաղաթելյանը թվարկեց պայքարող ընդդիմության ձեռքբերումները, ասաց, որ ունեցել են թերացումներ և խոստացավ, որ կշտկեն։ Ամենակարևոր ձեռքբերումըլ, կրկնում եմ, հանրության ոտքի կանգնելն էր։ 45 օր փողոցում․ աննախադեպ է Հայաստանի վերջին 30 տարվա պատմության մեջ, ակցիաների այսպիսի քանակ, տեմպ երբեք չի եղել՝ ո՛չ 2008-ին, ո՛չ 2018-ին, ոչ էլ դրանից առաջ։

Բացթողումներ էլ կան։ Վստահ եմ, որ Հայաստանում չկա էդպիսի մի մարդ, որ կասի ամեն ինչ փայլուն է արվում, եթե անգամ փայլուն անեն։ Էդպիսի մարդիկ մենակ ՔՊ-ականներն են, որ ամեն ինչ վարի են տալիս ու ասում են՝ իդեալական է։ Ես, օրինակ, բացթողում կհամարեմ այն, որ լիքը պոտենցյալ կա, լիքը մասնագետներ կան ընդդիմության մեջ, սակայն հրապարակից կոնկրետ խոստումներ չեն հնչում սոցիալ-տնտեսական։ Ես հո գիտեմ, որ էդ մարդիկ ունեն էդքան հնարավորություն, որ էս ճահիճից տնտեսությունը հանեն։ Ուրեմն ասեք։ Նիկոլը 100 հատ ՀԴՄ կտրոն էին տպում, դա սարքում էր իր 100 կարևոր ձեռքբերումներից մեկը ու դրա համար ասուլիս կազմակերպում։ Գիտեք, որ գնաճը զսպել կարող եք, ուրեմն պետք է հայտարարեք ամբիոնից, գտիտեք, որ գյուղացու կողքին եք կանգնելու, պետք է հայտարարեք։

Իշխան Սաղաթելյանի ծրագրային ելույթից շատերի մեջ տպավորվել է միայն վրանները հավաքելու կտորը։ Վրանները, այո, սիմվոլ էին։ Բայց արդյո՞ք վրան հավաքելը պետք է հավասարեցնել շարժման մարելուն։

Շատ կարևոր բաներ ասվեցին։ Օրինակ՝ որ շարժմանը հաղորդելու են քաղաքական, կազմակերպական, քարոզչական արդյունավետություն, ցանցային բնույթ է կրելու, տարածքային միավորներ է ունենալու, այդ թվում՝ Արցախում ու Սփյուռքում, տարբեր ոլորտների մասնագիտական հանձնաժողովեր, լիքը մասնագետներ են ներգարվելու՝ գիտական, կրթական, հոգևոր-մշակութային, գյուղացիության, բիզնես շրջանակներ, երիտասարդություն, կադրային բանկ են ձևավորելու։

Այս ամենը կարևոր է, որովհետև ամեն ինչի կարգավորումը սկսում է կազմակերպչականից։ Նիկոլը ինչի՞ հաջողեց, որովհետև փայլուն կազմակերպեցին, սկսած առաջին սիգնալից։ Միտքը իրենցը չէր, դրսից էր, բայց փայլուն կատարեցին։ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին արած ոչ մի ակցիա, մինչև ապրիլի 21-ը, չի ունեցել Դիմադրության շարժման ակցիաների մասնակիցների կեսից ավլիի չափ ժողովրդի մասնակցություն։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ լինելու են փողոցային ակցիաներ, ոլորտային և թեմատիկ խնդիրների մասնագիտական քննարկումներ, ժողովրդային հանդիպումներ, շաբաթական առնվազն 1 մարզային այց, 1 մեծ հանրահավաք և փողոցային ակցիաներ: Սա նշանակում է, ժողովուրդ, որ շարժումն ոչ միայն չի նահանջում, այլ ավելի է ակտիվանում։ Որևէ մեկը կարող է ինձ ասել, որ հենց այսօրվա էս պատկերը շարժման մարում է՞ նշանակում։

«Դիմադրություն» շարժումը, վրանը չէ, ժողովուրդ, «Դիմադրություն» շարժումը դու ես։ Վրանը չկա, բայց դու հո կաս։ Իհարկե՝ իշխանությունը ջանք չի խնայի, որ վրանների հեռացումը դարձնի շարժման մարում։ Բայց պետք է էդ անկապ աղմուկին տուրք չտալ։ Կարո՞ղ եք ասել, թե որ մի հրապարակում չեն կարող տանել վրան դնել, Հանրապետության, Նժդեհի, Սասունցի Դավթի, բոլոր հրապարակներում կարող են դա անել։ Ձեր կարծիքով իշխանությունը ռեսուրս ունի դիմադրելո՞ւ փողոցային ակտիվությանը։

Ինչ որոշում էլ կայացվեր, լինելու էին կողմ ու դեմ մարդիկ, բայց հեց լիդերի դերը այն է, որ կայացնի կշռադատված որոշում՝ առանց տուրք տալու էմոցիաների։ Պետք է կարողանալ ստանձնել պատասխանատվություն այդ որոշումների համար։ Այս առումով երեկ ուշագրավ համեմատություն տեսա․ եթե Նիկոլ Փաշինյանը, որպես պատերազմի ժամանակ լիդեր, Գերագույն հրամանատար, տուրք չտար էմոցիաների և երբ տեսնում էր ձախողվում է՝ կանգնեցներ պատերազմը, այլ ոչ թե մտածեր իր հեղինակության մասին, թե ինչ կմտածեն իր մասին, պատասխանատվություն ստանձներ իր որոշումների համար, էս աղետը կբերե՞ր մեր գլխին։ Պետք է ճիշտ պահին հասկանաս ճիշտ որոշմումը ու մտնես դրա տակ։

Ամենակարևորը՝ գլխավոր նպատակը՝ իշխանության հեռացում, ինչ-որ բան փոխվե՞լ է, ինչ-որ մեկը հրաժարվե՞լ է այդ գծից, ինչոր մեկն ասել է դե չէղավ, գնանք հետ խորհրդարա՞ն։ Ոչ։ Հակառակը։ Ուրեմն պետք է գնալ դրան, առանց տրտնջալու, առանց սիրում եմ-չեմ սիրումի։ Խոսեցի շարժման թերությունների մասին, գլխավոր թերությունը համարում եմ այն, որ բոլոր դժգոհողներին չէ, որ կարողացել են հրապարակ բերել։ Այ դրա վրա պետք է աշխատել։ Մարդիկ ասում են՝ մեզ մի քիչ մանիպուլացրեք, մոլորեցրեք, միայն Արցախ ու Հայրենիք ասելով չենք գա։ Ցավալի է, իհարկե, բայց՝ իրականություն։

Կարճ ասած՝ միանշանակ է, որ հանրությունն այս պահին ունի մեծ ատելություն դեպի նիկոլի իշխանությունը։ Ճգնաժամը փաստ է ու դա կլուծվի միայն իշխանության հեռանալով։ Միակ հույսը մնացել է ոստիկանության պատը, բայց դա էլ շուտով չի լինի։ Ոստիկանությունն էլ է հանրության մի մասը ու ինքն էլ է ատում։ Հարցը Նիկոլի նկատմամբ ատելությունը չէ, այլ ատելություն նիկոլականության նկատմամբ, ստի նկատմամբ, որը էլ տեղ չունի։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ