19 09 2023

«Իմ բնակարանը դառնում է այս տարածքը»․ Անդրանիկ Թևանյանը վրան-նստավայր տեղադրեց հրապարակում



 

«Մենք մնալու ենք այստեղ, մինչև Նիկոլ Փաշինյանի հրաժարականին և հեռացմանը հասնելը»,- հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը Հանրապետության հրապարակում՝ դիմելով Արցախին աջակցելու և Փաշինյանին հեռացնելու պահանջով հավաքված քաղաքացիներին։

Նա կոչ արեց այդ պահանջներն իրականացնելու հարցում աջակցել անձամբ իրեն, որովհետև ինքը մտադիր չէ տարածքի կամ մարտի լքման՝ քանի դեռ չի հասել փոփոխության։

«Ես մնալու եմ այստեղ և կոչ եմ անում 24-ժամյա ռեժիմով անընդհատ մնալ ու աջակցել։ Եվ հիմա իմ բնակարանը դառնում է այս տարածքը, և ես ձեզ խնդրում եմ, որ ինձ օգնեք տեղադրել այն վրանը, որտեղ ես մնալու եմ այնքան ժամանակ, մինչև ժողովուրդը գա, հավաքվի, և մենք միասին՝ ժողովրդի ճնշմամբ հասնենք փոփոխությունների։ Զուգահեռ մենք խորհրդարանում իրականացնելու ենք իշխանազրկման գործընթաց»,- հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։

Նա կոչ արեց միանալ և միասին տեղադրել այն նստավայրը, որը դառնալու է իշխանության աղբյուրի՝ ժողովրդի նստավայր։

«Ես ինձ վրա եմ վերցնում այդ պատասխանատվությունը և ինձ դնում եմ այդ պայքարի զոհասեղանին»,- հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։ Իշխանության աղբյուրը ժողովուրդն է, նշեց նա եւ հորդորեց միասին տեղադրել ժողովրդի նստավայրը։

Այնուհետև տեղադրվեց վրանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ