3 իրադարձություն այսօր աչքովս ընկավ, որոնց անդրադառնալը համարում եմ պարտադիր։ Դրանցից մեկը իշխանության անդամների վայելքների մասին է․ համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի կինը մասնակցում է ինչ-որ միջոցառման և փողեր է շաղ տալիս։ Մեզ տարիներ շարունակ ասել են օլիգարխներ, Սաշիկ-մաշիկ, փողեր, թալան, էսօր՝ ընդամենը 3,5 տարվա մեջ արդեն տեսնում ենք, որ իրենց դեպուտատները ոչ միայն գերշքեղ հանգիստ են վայելում, ընտանիքի անդամներն էլ արդեն դոլարներ են ցփնում աջ ու ձախ։ Դու նրանց իշխանության ես բերել քո մատից փուշ հանելու համար։ Ազգային ժողով եկող ՔՊ-ան դեպուտատների ավտոշարասյունները նայեք, առնվազն երկու ՔՊ-ական էսօր Ռոլս-Ռոյսով է գալիս ԱԺ գործի։ Սա էս իշխանության իրական բարքերի ամենալավ վկայությունն է։
Մյուս դատապարտելի իրադարձությունն Ալեն Սիմոնյանի հարցազրույցն էր։ Ժողովուրդը հարց է տալիս՝ Արցախը համարո՞ւմ եք Ադրբեջանի ամբողջականության մաս, պե՞տք է գտնվի Ադրբեջանի կազմում. այո կամ ոչ։ Ի՞նչ ա ասում, ասում ա՝ «Ես իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանել»: Ասում է Արցախ էլ չենք այցելում, որպեսզի դա սադրանքի առիթ չդառնա ադրբեջանական կողմի համար: Չէ հա, էդ նոր եք հասկացե՞լ։ Էն որ ուրիշներն էին իշխանության, դուք գնում էիք Արցախ, Աղդամ էիք գնում, շարքով նկարվում էիք ու ասում Աղդամը մեր հայրեիքն է։ Էդ Սերժը կամ Քոչարյանը չէին կարողանո՞ւմ առավոտից իրիկուն ձեր նման փիարվեին, որ չէին անում։ Իրենք չէ՞ին ազատագրել էդ Աղդամը, որ գնում-աքլորանում էիք, ու որ եկաք իշխանության, հենց էդ էլ արեցիք, էնքան աքլորացաք, որ սադրեցիք, հրահրեցիք պատերազմ, հողերը տվեցիք, հիմա խոսում եք սադրանքի մասի՞ն։ Ձեռ ե՞ք առնում։
Ու նայեք ցինիզմը, Արցախը հանձնել են, էն մնացած փոքր հատվածի ճակատագիրն անհայտ է, ասում է՝ ինձ ցույց տվեք իշխանություն, որն Արցախի համար ավելի շատ բան է արել, քան մենք։ Պատկերացնում ե՞ք, Արցախը հանձնել են, բայց ասում են մենք դա Արցախի համար ենք արել։ Ես էլ ասում եմ՝ գնացեք Արցախ ու արցախցուն ասեք, զոհվածների ծնողներին ասեք, թե ինչքան բան եք արել իրենց բալեքի համար, հետմահու։
Մյուսը վիճակագրական խայտառակ թվերի մասին է։ 2018 թվականին, երբ իշխանությունը փոխվեց, այսպես կոչված նորերն ասացին, որ մեր երկիրը վերածվել է հանք արդյունհանող ու խաղադրույք անող երկրի, ինչը անընդունելի է, պետք է փոխենք։ Նիկոլ Փաշինյանը իր առաջ դրեց նպատակ՝ տնտեսությունը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը՝ բարձր տեխնոլոգիական արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, թեթև արդյունաբերություն, վերամշակող գյուղատնտեսություն և այլն։ Էսօր՝ գրեթե 4 տարի անց, մենք պարզում ենք, որ վեցպատիկ աճել են խաղադրույքները․ եթե 2018թ․ 333 մլրդ դրամի միավոր խաղ է գնվել խաղացողների կողմից, 2021թ.-ին՝ 2 տրիլիոն դրամից ավելի։ Հայաստանում 2021-ին կատարվել է 6,5 մլրդ դոլարի խաղադրուք։ ՀՆԱ-ի 32 տոկոսը կազինոն է։
Սովորական մարդը եթե այս թվերը տեսնում է, ասում է՝ դե փող կա, որ խաղում են։ Չէ, ժողովուրդ, ճիշտ հակառակը, դա ոչ թե հարստության, այլ աղքատության նշան է․ մարդկանց հույսը կառավարությունից թեքվել է կազինոն։
Մեր երկրում սննդի գնաճը 13 տոկոս է, ընդ որում՝ առանձին ապրանքատեսակներով եռանիշ թվեր էլ կան։ Նախոևրդ տարվա երկնիշ գնաճին այս տարի ևս երկնիշ գնաճ է ավելանում։ Մարդիկ բողոքում են, որ հացի փող չունեն, բայց տեսնում են, որ կառավարությունից էլ հույս չկա, ու վերջին կոպեկներով ղումար են խաղում, հույս ունեն, որ կհարստանան։ Ու եթե խաղագումարները շատացել են, եթե ակտիվ խաղացողների թիվը 18 հազարից դարձել է 50 հազար մարդ, ուրեմն սա խոսում է աղքատության ավելացման մասին։
Կառավարության մարտի 24-ի նիստում ի՞նչ տեղի ունեցավ․ ոստիկանությանը, Քննչական կոմիտեին, ԱԱԾ-ին 8,5 մլն դոլար փող տվին՝ աշխատողների ֆինանսական վիճակը բարելավելու համար։ Ու ի՞նչ ասաց վարչապետը մյուսներին՝ աղքատներին, թոշակառուներին։ Ասաց Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է, բայց կներեք, որ թոշակը չենք կարողանում բարձրացնել, որովհետև ավելի հեշտ է իրավապահներինը բարձրացնելը։ Ասաց ավելի հեշտ է մեզ համար, որ 250 հազար դրամով բարձրանա դատախազների թոշակը, քան 4 հազար դրամով բարձրանա շարքային քաղաքացունը։ Բայց նաև ասաց ժողովուրդ, էդ որ դատախազի աշխատավարձի 1 միլիոնը սարքել եմ 2 միլիոն, դա նրա համար չէ, դա քո համար է։ Քաղաքացին էլ հարցնում է՝ դրանից ինձ ի՞նչ օգուտ, բայց անմիջապես հասկանում է, որ անլուրջ զբաղմունք է Նիկոլ Փաշինյանի ասածների տակ տրամաբանություն ման գալը։
Բայց քաղաքացուն էլ բան ասաց, ժողովուրդ, ձեզ չեմ կարողանում օգնել, բայց «սիրելի հայրենակիցներ, պիտի իմանաք, որ ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են»: Հիմա դու էդ մարդու ցավերը քո հոգում ես տանում, բայց ինքն էլ սոված ա։ Իսկ կարող է՞ ցավերը տանես պետբյուջե մի քիչ փող դուրս գրես տաս էդ քաղաքացիներին, որ ապրեն։ Նիկոլ Փաշինյան, խնդրում եմ, դադարի սիրել ժողովրդին, մի քիչ մտածի էդ մարդկանց մասին, քո սերը քեզ մնա․ դու մարդուն մի սիրի, բայց տար մահվան, ատիր, բայց թող թող ապրեն։
Փողը իրենց, մնացածին քնքուշ խոսքեր։ Մարդը տեսնում է, որ իր կարիքները ոչ թե պետբյուջեում կոնկրետ տողով արտահայտված են, այլ Նիկոլի սրտում է, հույսը կտրում է իշխանությունից ու հույսը կապում բախտի հետ, ունեցած-չունեցածը խաղադրույք անում օնլայն կազինոներում ու կրվում։ Եկել էին իշխանության, ասում էին ժողովուրդ, մենք բյուջեն կրկնապատկելու ենք, դու լավ ես ապրելու։ Հիմա ասում են ժողովուրդ, մենք բյուջեն մեծացրել ենք, բայց դու լավ չես ապրի․ լավ կախպրեն իշխանավորները, իրավապահները, ՔՊ-ականները, իսկ դու վատ կապրես, բայց քո ցավերը իմ հոգում են։ Մեզ խոստանում էին տնտեսական հեղափոխություն, ստացել ենք ղումարբազային հեղափոխություն։ Ի միջի այլոց, շարքային ՔՊ-ականներն ինձ նկատողություն են անում, ասում են՝ մի ասա ՔՊ-ականները սկսել են լավ ապրել, լավ են ապրում պաշտոն ունեցող ՔՊ-ականները, իսկ շարքայիններին ուրացել են։ Ասում են նրանք բինգո բռնեցին, զրոյից դարձան շիշկա դեմքեր, մենք մնացինք հավատավոր հեղափոխականներ։
Մեկ հոգին, որպեսզի իրեն մի քիչ մարդ զգա, պետք է ամսական գոնե 75 հազար դրամի ուտի․ էսօր ընտանիքները լիքն են, որոնցում 1 հոգի է աշխատում ու ստանում է մինչև 100 հազար դրամ։ Էդքան փողով ապրում են 3, 4, 5 հոգի։ Հայաստանում աշխատողների ուղիղ կեսը ստանում են մինչև 100 հազար դրամ աշխատավարձ: Կենտրոնական բանկը տնտեսական աճի կանխատեսումները 5,3 %-ի փոխարեն իջեցրել է 1,6 տոկոսի, այսինքն՝ ամեն ինչ էլ ավելի է վատանալու։ Իհարկե՝ արդարացնում են, թե դրսում էլ է վատ։ Ասում են ամբողջ աշխարհում է այդպես․ բայց պատերազմող Ռուսաստանի քաղաքացիները եկել են էստեղ, մեզնից լավ են ապրում, պատերազմի ու պատժամիջոցների տակ գտնվող երկրի քաղաքացիները։ Մերոնք էլ լավ ապրելու հույսով մտնում են կազինո ու քամվում միչև վերջին կոպեկը։
Կարճ ասած՝ մարդկիկ ապագայից հույսը կտրել են ու հույսը կապում են հրաշքի հետ, հրաշք կլինի կշահեն։ Ու այդ հույսով բարեկեցիկ ապրելու համար հեղափոխություն արած մարդիկ դարձան պարզ ղումարբազներ։ Այս աննախադեպ վատ վիճակը շտկել հնարավոր է տքնաջան աշխատանքով, աղքատությունը վերացնելով, բարեկեցիկ հասարակությու ստեղծելով։ Բայց դա կլինի այն ժամանակ, երբ իշխանության համար արժեք լինի ոչ միայն իրավապահը, որը իր իշխանությունը պահի, այլ՝ նաև սովորական քաղաքացին, ուսուցիչը, թոշակառուն, էն ժամանակ կբարձրանա նաև իրենց գումարը։
Քաղաքացին հիմա արդեն բեռ է։ Դրա համար ամեն ինչ անում են, որ ուղղակի գնա երկրից, չխանգարի վայելել։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը