13 03 2022

Շաքարավազի գինը կարող է մի խանութում անգամ 700, 800 դրամ լինել,բայց ՄՊՀ-ն չի վերահսկում նման բաները․ Գեղամ Գևորգյան

Շաքարավազի գինը կարող է մի խանութում անգամ 700, 800 դրամ լինել,բայց ՄՊՀ-ն չի վերահսկում նման բաները․ Գեղամ Գևորգյան

Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը վստահեցնում է, որ Հայաստանում որևէ ապրանքի դեֆիցիտ չկա, անհասկանալի է համարում մեծ ծավալով աևտուր անելու անհրաժեշտությունը, սակայն հավելում, որ պարենի գները թանկանում են ամբողջ աշխարհում, ձեթի գինը բարձրանալու է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գևորգյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Հայաստանում չկա որևէ ապրանքի դեֆիցիտ: Տեղի է ունենում այն գործընթացը, ինչ որ տեղի էր ունեցել կորոնավիրուսի ժամանակ: Մարդիկ մեկ օրվա ընթացքում մեծ քանակի առևտուր են անում, ցանցերը և մատակարարները չեն հասցնում այդ մեկ օրվա կամ 2 օրվա ծավալը պահեստից տեղափոխել խանութներից: Ինչպես կորոնավիրուսի ժամանակ էինք խոսք տվել, որ չի լինելու որևէ խնդիր, հիմա էլ ենք ասում, որ չի լինելու: Ինձ համար առնվազն անհասկանալի է մեծ ծավալով առևտուր անելու անհրաժեշտությունը: Այդ ապրանքը մնալու է տանը, հետո փչանա: Եթե ունենայինք անհանգստություն, որ որևէ ապրանքի ծավալ չի բավականացնելու, մենք կսահմանափակեինք առևտուրն ու այլ մեխանիզմներ կկիրառեինք: Այս պահին նման խնդիր չկա»,- ասաց Գևորգյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՌԴ-ն փակելու է ԵԱՏՄ երկրներ ցորենի, ալյուրի, ձեթի, շաքարի արտահանումը՝ նա ասաց, որ այսպես է ՝ սահմանափակելու է, որ քվոտավորմամբ ամեն ԵԱՏՄ երկրի՝ ըստ իր պահանջի տրամադրվի համապատասխան քանակի մթերք: «Մենք քվոտաների ցանկը, համաձայն սովորական հաշվարկի, ամիսների կտրվածքով ներկայացրել ենք և որևէ խնդիր չկա»,- վստահեցրեց ՄՊՀ նախագահը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ շաքարավազի գինն անգամ 600 դրամի է հասել՝ Գևորգյանն ասաց, որ կարող է մի խանութում անգամ 700, 800 լինել. ՄՊՀ-ն չի վերահսկում նման բաները, վերահսկում է միայն այն ապրանքները, որոնք ունեն էական ծավալ: «Եթե կգ-ով շաքարը լինի 700 դրամ, մենք կսկսենք: Մենք գիտենք, թե ամեն ապրանքի գինն ինչքան է: Եթե մի հատուկ տեսակի շաքարը կամ հատուկ փաթեթավորմամբ շաքարը կամ հատուկ խանութում շաքարը 700 դրամ է, դա չի նշանակում, որ երկրում շաքարի գինը 700 դրամ է»,-ասաց նա:

Գևորգյանը հավելեց. «Այո, պարենի գները թանկանում են, ձեթի գները թանկանալու են, ամբողջ աշխարհում թանկանալու են: ՀՀ-ում, ի տարբերություն շատ այլ երկրների, շատ ավելի էժան է գինը: ՌԴ-ից շատ ավելի հարմար գնով է գալիս»:

ՄՊՀ նախագահն ասաց նաև, որ փորձում են ավելի էժան ճանապարհներ գտնել տնտեսավարողների հետ, որպեսզի գնային շոկեր չլինեն: Հայաստանում դիզելային վառելիքի առնվազն 2 ամսվա պաշար կա գործող գնով: Կարող է որոշ տնտեսավարողներ չունենան: «Իսկ շաքարը, եթե նոր խմբաքանակ ձեռք բերվի կամ ճակնդեղը, որը բավականին թանկ է բորսայում, կարող է մի փոքր թանկացում տեղի ունենա, սակայն այս պահին դեռևս նման խնդիր չունենք»,- ասաց Գևորգյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ