10 11 2021

Խախտումների համար 50 հազար դրամ տուգանքը քիչ չէ՞․ Թող շատ լինի, որ ընդհանրապես չանեն․ Հովիկ Աղազարյան



ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկում էր «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքում փոփոխություն ու լրացում կատարելու մասին» ու կից ներկայացված օրենքի նախագծերում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Նախագծով օդանավակայանի տարածքից փոխադրումներ իրականացնելու մրցակցային հավասար պայմաններ ստեղծելու համար օդանավակայանի տաքսի-կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ։ Իսկ իրավախախտումների համար, եթե առանց լիցենզիա օդանավակայանի կայանատեղիից փոխադրումներ իրականացնեն, կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ հետաքրքրվեց, թե սովորական տաքսիով քաղաքացին կարո՞ղ է գալ օդանավակայան:

«Բա որ սովորական տաքսին մտավ օդանավակայան, հանկարծ ինչ-որ ձևով ուղևոր վերցնի, դա ո՞նց է կարգավորվում։ Խախտումների համար 50 հազար դրամ տուգանքը քիչ չէ՞։ Թող շատ լինի, որ ընդհանրապես չանեն», - ասաց նա:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը չհամաձայնեց Աղազարյանի հետ:

«Իրականում, օրինագիծը շատ կարևոր է, շատ ողջունելի է, որ կանոնակարգվում է: Ինչ վերաբերում է տուգանքներին՝ 50 հազարը անգամ ավելին է, որովհետև այն վարորդը, որը պետք է օդանավակայանից տանի, չեմ կարծում, որ պատրաստ կլինի այդ տուգանքը վճարելուն, պետք է դադարեցնել ՀՀ քաղաքացուն ու, առհասարակ, տնտեսվարողներին որպես տուգանքի միջոց դիտարկելը», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ