Գնաճի տեմպերը Հայաստանում չեն թուլանում։ Երկրի սպառողական շուկայում 2021-ի օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ գրանցվել է 8.8% գնաճ։
Այս մասին հայտնում է վիճակագրական կոմիտեն՝ հրապարակած զեկույցով, որի համաձայն՝ այս տարվա օգոստոսին ևս գնաճն ամենաշատը նկատելի է սննդի ոլորտում։
2021թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 15.1% գնաճ։
Բանջարեղենի ապրանքախմբում նույն ժամանակահատվածում արձանագրվել է 66.4% գնաճ, միևնույն ժամանակ, մրգի ապրանքախմբում արձանագրվել է 8.7% գնաճ։
Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 25.5% գնաճ։
Մսամթերքի ապրանքախմբում՝ 9.9% գնաճ է արձանագրվել։ Օրինակ՝ խոզի մսի գնաճը 2021թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 40.3%։
Կաթնամթերքն ու ձուն թանկացել են 12.2%-ով։ Ձվի գինը նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճել է 46.5%-ով։
Ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը թանկացել են 9.3%-ով, յուղերն ու ճարպերը՝ 29.1%-ով, Արևածաղկի բուսական յուղի գնաճը կազմել է 61.9%։ Շաքարավազը թանկացել է 36.2%-ով։
Ոչ պարենային ապրանքները թանկացել են 9.4%-ով։
Այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ բենզինի գներն աճել են 2.2%-ով, դիզելային վառելիքի գները՝ 1.6%-ով։ Իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ բենզինը թանկացել է 47.5%-ով, դիզվառելիքը՝ 44.3%-ով։
Ոչ պարենային ապրանքների ցանկում հագուստն ու կոշիկը այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ թանկացել են 10.3%-ով։ Տնային գործածության առարկաները և կենցաղային տեխնիկան թանկացել են 9.5%, տրանսպորտը՝ 10 տոկոսով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը