Բենզինի գնի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Նրանում ասվում է․
«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շրջանառության ոլորտը։ Հանձնաժողովը հստակ իրականացնում է իր գործառույթները՝ ամենօրյա ռեժիմով հետևելով, որպեսզի բենզինի շուկայում գործունեություն իրականացնող տնտեսավարողների կողմից իրացման գների չհիմնավորված տատանումներ տեղի չունենան:
Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջազգային բորսաներում արձանագրվել է բենզինի գների բարձրացում: Հաշվի առնելով ՀՀ տնտեսավարողների լոգիստիկ ծախսերը և հարկերը՝ Հանձնաժողովն արձանագրում է, որ ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ ԵԱՏՄ անդամ այլ երկրների համեմատ Հայաստանում բենզինի իրացման գներն ավելի բարձր են, ապա անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ երկրներում, որոնք ընդ որում ունեն բենզինի սեփական պաշարներ, կիրառվում են ներքին շուկայի սուբսիդավորման մեխանիզմներ։
Միաժամանակ Հանձնաժողովը մշտական կապի մեջ է գտնվում տնտեսավարողների հետ՝ նրանցից ստանալով օպերատիվ տեղեկատվություն: Հարկ է նշել, որ գների բարձրացմանը զուգահեռ տնտեսավարողները նվազեցրել են իրենց շահույթը՝ նպատակ ունենալով ստեղծված պայմաններում հնարավորինս մեղմել գների ավելացումը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը