03 02 2021

Արցախում նախորդ տարվա համեմատ 25 ապրանքատեսակի միջին գներն աճել են,

Արցախում նախորդ տարվա համեմատ 25 ապրանքատեսակի միջին գներն աճել են,

Ընթացիկ տարվա փետրվարի 1-ի դրությամբ՝ Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում իրացվող լայն սպառման 56 ապրանքներից 25-ի միջին գներն աճել են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնից:

«Ընդ որում՝ նախորդ տարվա համեմատ նվազել են 12 ապրանքատեսակի միջին գները: Ապրանքաշուկայում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ առկա են մասնավորապես կաթնամթերքի, ձեթի, բենզինի,դիզվառելիքի և սեղմված գազի իրացման շուկաներում: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ռեգուլյար տեսակի բենզինի միջին գները նվազել են 9,3 տոկոսով՝ 1 լիտրի արժեքը այս տարվա փետրվարի 1-ի դրությամբ կազմել է 390 դրամ՝ նախորդ տարվա 430 դրամի փոխարեն: Դիզվառելիքի 1 լ իտրի արժեքը նախորդ տարվա համեմատ նվազել է 17, 8 տոկոսով՝ կազմելով 370 դրամ՝ 450-ի փոխարեն:

Նախորդ տարվա համեմատ՝ 6,8 տոկոսով միջին գնաճ է արձանագրվել սեղմված գազի շուկայում: Իրացման միջին գինը 1 մետր խորանարդի համար՝ այս տարվա փետրվարի 1-ին կազմել է 235 դրամ՝ նախորդ տարվա 2020 դրամի փոխարեն:

Նախորդ տարվա համեմատ միջին գների աճ է արձանագրվել կաթնամթերքի իրացման շուկայում՝ մասնավորապես 11 տոկոսով աճել են տեղական կաթի և մածունի միջին գները, իսկ տեղական թթվասերի 180 գրամի գինն աճել է 11,5 տոկոսով:

Ինչ վերաբերում է տեղական արտադրության՝ «Ոսկե կաթիլ» ձեթի միջին գներին, ապա անցած տարվա համեմատ 1 լիտրի գինն աճել է 39, 8 տոկոսով՝ նախորդ տարվա 611 դրամից՝ կազմելով 854 դրամ:

Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն արդեն իսկ այս ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներից պահանջել է համապատասխան տեղեկատվություն և սկսել ուսումնասիրություններ գների հիմնավորվածությունը պարզելու նպատակով»,- հայտնում են հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնից:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ