Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի և Ղազախստանի միջև նավթամթերքի առաքման ոլորտում համագործակցության հետաքրքրվածությամբ։
«Համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո հնարավոր կլինի ղազախական վառելիքն ավելի լավ պայմաններով ներկրել Հայաստան, որը ենթադրում է, որ մեր վառելիքի շուկայում մրցակցության հնարավորություն է ստեղծվելու», - ասաց փոխվարչապետը։
«Այո, շատ կարևոր է: Ինչքան էլ մենք ասենք, որ 2018 թվականից հետո մենաշնորհային երևույթները, մասնավորապես՝ նավթամթերքի շուկայում մեղմացել են, բայց դա չի նշանակում, որ վերացել են, և այստեղ մեր սպառողների իրավունքները պաշտպանելու, նաև մրցակցությունը խթանելու հետ կապված շատ անելիք ունենք։
Մենք Հայաստանում որևէ արհեստական մենաշնորհ չպետք է թույլ տանք, որովհետև դա առաջին հերթին ազդում է սպառողների իրավունքների պաշտպանության վրա», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը