30 06 2020

Heritage Foundation․ Օրհնանք թե՞ նզովք. Արթուր Խաչատրյան

Heritage Foundation․ Օրհնանք թե՞ նզովք. Արթուր Խաչատրյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը գրում է.

«HERITAGE FOUNDATION. ՕՐՀՆԱՆՔ ԹԵ՞ ՆԶՈՎՔ

Այսօր հերթական «աննախադեպ» ուրախ լուրը ստացանք. Heritage Foundation-ը բարելավել է Հայաստանի դիրքերը այն համարելով աշխարհի 34-րդ ազատ տնտեսությունը: Այս լուրն ավետելիս մեր իշխանությունները մոռացան նշել, որ 2003-ին նույն Heritage Foundation-ը Հայաստանը համարել է «տարածաշրջանի ամենաազատ տնտեսությունը»: Համեմատության համար, 2020 թվին Հայաստանի տնտեսությունը գնահատվել է «մի փոքր ավելի բարձր, քան տարածաշրջանի միջինը»: Սա էլ մի կողմ, 2006-ին Heritage Foundation-ը Հայաստանի տնտեսությունը համարել է աշխարհի 27-րդ ազատ տնտեսությունը, իսկ 2020-ին՝ 34-րդը: Ճիշտ է, 157 երկրներից 27-րդը, բայց չեմ կարծում, որ 14 տարիների ընթացքում ցանկում ընդգրկված երկրներն ազատության առաջամարտիկներ են եղել: Հիմա մի կողմ թողնենք գնահատումները և փորձենք հասկանալ ինչ է իրենից ներկայացնում Heritage Foundation-ը (Ժառանգություն հիմնադրամը): Heritage-ն ամերիկյան պահպանողական հիմնադրամ է, որի հիմնարար արժեքներն են ազատ ձեռնարկատիրությունը, սահմանափակ կառավարությունը (limited government), անհատական ազատությունը, ավանդական ամերիկյան արժեքները և հզոր ազգային պաշտպանությունը:

Վերջին երկու արժեքները թողնենք մի կողմ, դրանք Հայաստանին չեն վերաբերվում: ԳՆահատման չափորոշիչներից մեկը պետական ծախսերն են. ինչքան պետական ծախսերը քիչ (չշփոթեք պետական համակարգի աշխատավարձերի հետ), այնքան լավ: Ինչքան պետությունը քիչ սոցիալական է, այնքան տնտեսությունն ազատ է: Եթե ուզում ենք, որ պետությունն առաջնորդվի «ամեն մեկն իր համար» սկզբունքով, ուրեմն կեցցե Heritage Foundation-ը: Նաև անդրադառնանք, թե ինչ կարծիք ունի հիմնադրամը արցախյան ազատամարտի վերաբերյալ: «Հարևան Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի և այլ տարածքների 25 տարվա բռնազավթումը....» ("Armenia’s 25-year occupation of neighboring Azerbaijan’s Nagorno–Karabakh region and other territories ..."): Ահա ձեր գովերգած Heritage Foundation-ը: Իմ խորին համոզմամբ, այս հիմնադրամի բարձր գնահատականն ընդհանրապես գովասանք չէ, այլ լրիվ հակառակը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ