15 06 2020

Վարչապետն ասում է՝ այլ երկրներում գնաճ է եղել, Հայաստանում՝ ոչ

Վարչապետն ասում է՝ այլ երկրներում գնաճ է եղել, Հայաստանում՝ ոչ

Արթուր Ջավադյանի հետ ունենք որոշակի պայմանավորվածություններ մեր հետագա գործունեության առումով: Այս մասին Կենտրոնական բանկում ԿԲ նոր նախագահ Մարտին Գալստյանին ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԿԲ արդեն նախկին նախագահ Արթուր Ջավադյանին:

«Պարոն Ջավադյանը ներգրավված կլինի տնտեսական քաղաքականության մշակման եւ տնտեսական հարցերի վերլուծության եւ նաեւ մեր միջազգային տնտեսական ոլորտի մասնագետների ներգրավմամբ Հայաստանում որոշակի պրոցեսներ հարուցելու գործին: Ունենք կոնկրետ նախագծեր, եւ այդ նախագծերի իրագործումն իսկապես շատ մեծ հաջողություն կլինի ՀՀ-ի եւ ՀՀ տնտեսական մտքի զարգացման առումով»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև նշեց․ «Բանկային համակարգի կարեւորագույն մարտահրավերներից մեկը ընթացիկ ժամանակաշրջանում ֆինանսական գրագիտության բարձրացումն է ՀՀ քաղաքացիների, մեր բոլորի շրջանում: Կարեւոր է ավելի մանրամասն աշխատանք տանել, որ մեր հայրենակիցները տեսնեն ու հասկանան բանկային համակարգի նրբությունները: Ընդհանրապես, ինչպես  է բանկային համակարգն աշխատում: Իհարկե, մեր մեծագույն մարտաահրավերներից է լինելու բանկային համակարգը ավելի մարդակենտրոն դարձնելը, այնպես անել, որ բանկային համակարգի եւ քաղաքացիների հարաբերությունների կոնտեքստը դառնա ավելի կառուցողական, դառնա երկխոսության վրա հիմնված, որ հնարավորություն չտանք, որ բանկային համակարգի շուրջ նեգատիվ տրամադրություններ ձեւավորվեն:

Պարոն Գալստյան, կրկին ուզում եմ հավատալ, որ ձեր գալով մեր ֆինանսական համակարգի կյանքում նոր էջ է բացվում եւ այդ էջը հիմնված կլինի նախկին շրջանի լավագույն փորձի վրա, նաեւ կբերի նոր փորձ, նոր հաջողություններ»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, ԿԲ-ի գործունեության ամենակարեւոր արդյունքն այն է, որ ճգնաժամային իրավիճակում պահպանվել է գների կայունությունը. «Շատ երկրներում չէ, որ այդպիսի իրավիճակ է: Չեմ կարող ասել ամբողջ աշխարհի կտրվածքով, բայց այն երկրների փորձը, որը ես ուսումնասիրել եմ, տեսել եմ, որ գնաճային շատ լուրջ միտումներ կան: Հսկայական գնաճ է արձանագրվել կապված կորոնավիրուսի հետ եւ ուրախ եմ, որ մենք կարողացել ենք այդ առումով հաջողություն ունենալ: Իհարկե, բուն կորոնավիրուսի դեմ պայքարում մենք մեծ խնդիրներ ունենք եւ այդ խնդիրների լուծման համատեքստում  տնտեսական, առողջապահական շատ ավելի սոցիալ-հոգեբանական խնդիրներ կան»:

ԿԲ արդեն նախկին նախագահ Արթուր Ջավադյանն ասաց. «Նախ շնորհակալություն մեր թիմի զուսպ ներդրումն այսպիսի բարձր գնահատականի արժանացնելու համար: Ինչպես դուք նշեցիք, այդ շարունակականությունն ապահովվելու է պարոն Գայստյանի ղեկավարությամբ: Մենք ունենք բանիմաց, բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներով թիմ, որն ունակ կլինի ապահովելու թե գների, թե ֆինանսական կայունությունը ՀՀ-ում, նաեւ երկրորդ մարտահրավերն է այս իրավիճակում եւս ստեղծել մակրոտնտեսական կայուն միջավայր»:

Իր հերթին Մարտին Գալստյանն ասաց. «Իրապես ձեւավորվել է թիմ, որը բազում փորձություններ  անցել եւ ունակ է եղել իր առջեւ դրված խնդիրները լուծել: Ուզում եմ հավաստիացնել, որ այն աշխատանքը, որ կատավել է, շարունակական է լինելու, խորացնելու ենք համագորչծակցությունը կառավարության գործընկերների հետ: Բոլոր ջանքերը ներդվելու են, որ երկրում պահպանվի մակրոկայունությունը, որպեսզի կառավարությունն էլ իր հերթին կարողանա կատարել այն ծրագրերը, որոնք դրված են իր առջեւ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ