08 06 2020

Վարույթներ ենք հարուցել կարագի ու շաքարի շուկաներում. ՏՄՊՊՀ նախագահ



Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթներ է հարուցել ձեթի, հավի բդի, կարագի շուկայում իրականացվող գործընթացների առնչությամբ։

Շաքարավազի շուկայում գնի նվազում կա, որը ՏՄՊՊՀ-ն ոչ համաչափ է համարում։ Այս մասին հունիսի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
 
«Շաքարավազի շուկայում գնի նվազման հարցն ուսումնասիրում ենք, վարույթ է հարուցվել։ Բացի այդ, մի շարք ապրանքային շուկաներում վարույթներ են հարուցվել` ձեթի, հավի բդի։ Կարագի շուկայում նույնպես վարույթ է հարուցվել, որը, սակայն, գնի բարձրացման հետ կապ չունի»,- ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով` այս պահին հարուցված վարույթներից 4 գործ արդեն իսկ ավարտել են, և առաջիկայում մի շարք այլ գործերի վարույթներ նույնպես կամփոփվեն։

ՏՄՊՊՀ նախագաը նշեց նաև, որ բոլոր երեք շուկաներում՝ դիմակ, ալկոգել, ձեռնոց, ուսումնասիրությունները շարունակվում են:

«Բժշկական կամ պաշտպանիչ դիմակների շուկայում եւ լատեքս ձեռնոցների շուկայում ունենք հարուցված վարույթներ, առաջին լսումը  տեղի է ունեցել: Հիմա նորից տնտեսվարող սուբյեկտները տեղեկատվություն են ներկայացնելու: Կարծում եմ՝ մոտ ապագայում վարույթի ավարտը տեղի կունենա և կհայտնենք ձեզ: Մենք նկատել էինք որոշակի գնի բարձրացում և դրա հիման վրա գերիշխող դիրքի չարաշահման փաստի ուժով հարուցել ենք վարույթ»,- ասաց նա:

Նրա խոսքով, այն ժամանակահատվածը, որ դիտարկել են, 220 դրամի կարգի է եղել դիմակի գինը խոշոր դեղատնային ցանցերում:

«Մենք նայում ենք ամբողջ շղթան, թե Հայաստան որքանով է ներմուծվում, որքանով է մեծածախ և մանրածախ վաճառք իրականացվում: Բայց մի բան հստակ կարող եմ փաստել, որ Հայաստանում չկա դեպք, որ 20 դրամով դիմակ ներմուծված լինի եւ վաճառված լինի 220 դրամով: Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցած դեֆիցիտը, դիմակը հայաստան ներկրվել է մոտ 10 անգամ բարձր գնով: Ես խոսել եմ Ռուսաստանի, ԵՏՄ այլ երկրների հետ, նույն վիճակն այնտեղ է: Ընդ որում, մենք որոշակի քայլեր ձեռնարկեցինք, դիմակների գինը բավական իջել է: Նաեւ մետրոյի կայարաններում ավտոմատ սարքերի միջոցով երկու դիմակը 200 դրամով է վաճառվում: Այսինքն մեկ դիմակը 100 դրամ է, բայց անկախ ամեն ինչից կնայենք, կհասկանանք, թե արդյոք մարժաների փոփոխություն տեղի է ունեցել, թե ոչ, եւ արդյոք դրանք արդարացված են, թե ոչ: Պատասխանը մոտ ժամանակներս կլինի, եւ եթե պարզվի, որ տնտեսվարողները չարաշահել են իրենց գերիշխող դիրքը, անպայման պատասխանատվության կենթարկվեն»,- ընդգծեց Գևորգյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ