27 04 2020

ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները

ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Աննա Բյերդեի և նույն պաշտոնում իր լիազորություններն ավարտող Սիրիլ Մյուլերի հետ: Ըստ կառավարության լրատվական ծառայության հաղորդագրության՝ տեսազանգին հայկական կողմից մասնակցել են նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել տեսազանգի նախաձեռնության համար, նշել, որ Համաշխարհային բանկը շարունակում է մնալ ՀՀ առանցքային գործընկերներից մեկը, բարձր է գնահատել ՀԲ-ի հետ գործակցությունը հատկապես այս ժամանակահատվածում:

Մհեր Գրիգորյանն, ըստ կառավարության լրատվական ծառայության, երախտագիտություն է հայտնել Սիրիլ Մյուլերին մեծածավալ աշխատանքի համար և նշել, որ պատիվ է եղել համագործակցել այսպիսի խորը գիտելիքներով և մասնագիտական հմտություններով պաշտոնյայի հետ՝ ընդգծելով, որ նա մշտապես կլինի մեր երկրի բարեկամը: Փոխվարչապետը շնորհավորել է Աննա Բյերդեին իր նշանակման կապակցությամբ, մաղթել արգասաբեր և արդյունավետ աշխատանք:

Հայկական կողմը ՀԲ պաշտոնյաներին է ներկայացրել կորոնավիրուսային համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղված միջոցառումները՝ նշելով, որ դրանք նաև ՀԲ խորհրդատվությունների շնորհիվ շարունակաբար բարեփոխումների են ենթարկվում՝ դառնալով առավել թիրախային և արդյունավետ։

Սիրիլ Մյուլերը բարձր է գնահատել կորոնավիրուսի տարածումը կանխելու և բնակչության ու տնտեսության համար դրա հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ կառավարության ձեռնարկված քայլերը: Իսկ Աննա Բյերդեն նշել է, որ ՀԲ-ն  պատրաստակամ է շարունակելու աջակցությունը կառավարությանը այս կարևոր փուլում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տնտեսական ոլորտում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման շուրջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ