Այն, ինչ տեսնում ենք աշխարհով մեկ, նաև մեզ է վերաբերվելու: Այս վարակը գրեթե 180 աստիճանով փոխեց երկրի վիճակը: Շատերը նաև մեզ մոտ դեռ լուրջ չեն վերաբերվում այն իրավիճակին, որ առկա է Հայաստանում և կարող է լինել 2-3 ամիս անց:
Ավելին, որոշ հանգամանքներ հաշվի առնելով, մեզ մոտ ճգնաժամը կարող է ավելի լուրջ ձևով զգացնել տալ իրեն, քան այսօրվա Իտալիայում, Իսպանիայում կամ Ֆրանսիայում:
Հայաստանը կորոնավիրուսի ցուցանիշով ոչ լավ իմաստով երկրորդ տեղն է զբաղեցնում ԵԱՏՄ-ի տարածքում
Դատե՛ք ինքներդ, ապրիլի 16-ի տվյալներով՝ Հայաստանում մեկ միլիոնի հաշվարկով կա 391 հիվանդ: Ընդորում, նրանք հայտնաբերվել են ընդամենը 9 հազար մարդու թեստավորման արդյունքում:
Այս ցուցանիշը Ռուսաստանում 191 է, որտեղ ստուգվել է մոտ 1,6 մլն մարդ: Բելառուսում այն 445 է, որտեղ թեստավորվել է մոտ 80 հազար քաղաքացի: Ղազախստանում այս ցուցանիշը կազմում է 75, որտեղ թեստավորվել է ավելի քան 85 հազար մարդ: Ղրղզստանում 71 է, որտեղ թեստավորվել է մոտ 26 հազար քաղաքացի:
Նշենք, որ մենք այս ցուցանիշով զիջում ենք Բելառուսին միայն այն պատճառով, որ այդ երկրի նախագահը հրապարակավ հայտարարեց՝ «…չի պայքարելու այս վիրուսի դեմ, քանզի այն մտացածին հարց է համարում…»:
Հիշեցնենք, որ այս ցուցանիշով մենք զիջում ենք այն երկրներին, որոնք ունեն երկար սահմաններ վիրուսի սկզբնական օջախի երկիր համարվող Չինաստանի հետ:
Եթե համեմատենք մեր ցուցանիշները մեր հարևանների՝ Վրաստանի և Ադրբեջանի հետ, այստեղ էլ մենք հպարտանալու տեղ չունենք: Վրաստանում իրենց ցուցանիշը 87 է, որտեղ թեստավորվել է մոտ 5000 մարդ, իսկ Ադրբեջանում այդ ցուցանիշը 127 է, որտեղ թեստավորվել է մոտ 75 հազար մարդ:
Այստեղ էլ նշենք, որ Վրաստանն, օրինակ, մեզնից միշտ ավելի բաց է եղել Եվրամիության երկրների և մասնավորապես Իտալիայի հետ: Այս երկիրն ունեցել է «առանց վիզա» հարաբերությունների ռեժիմ՝ ի տարբերություն Հայաստանի: Բացի այդ, անցյալ տարվա ցուցանիշների համաձայն, Վրաստան է այցելել մոտ 8 մլն զբոսաշրջիկ։ Հայաստանն այդ ժամանակահատվածում ունեցել է 2մլն-ից էլ քիչ ցուցանիշ:
Չինացի զբոսաշրջիկների քանակը Վրաստանում և Ադրբեջանում միշտ ավելի շատ է եղել, քան Հայաստանում: Ավելին, նույնիսկ իրանցի զբոսաշրջիկների քանակը Ադրբեջանում և Վրաստանում ավելի շատ էր լինում, քան Հայաստանում:
Այդ ամենը ապացուցում է, որ Հայաստանի այս վատ ցուցանիշները ոչ թե օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ բնույթ ունեն: Մեր իշխանության ադյունավետության գործակիցը ամենավատն է բոլոր վերը նշված երկրների հետ համեմատ:
Բացի այն, որ հայաստանյան իշխանությունները ուշացրին իրենց պայքարը, մինչև այսօր չունեն հստակ ռազմավարություն՝ ինչպես նվազեցնել այս ցուցանիշները, որպեսզի Հայաստանը չդառնա տարածաշրջանային «Իտալիա»:
Իսկ թե ինչ կլինի, եթե մոտակա 2-3 ամիսների ընթացքում երկրում ոչինչ չփոխվի, ներկայացնենք երեք հարթության մակարդակներով՝ առողջապահական, սոցիալական և տնտեսական ուղղություններով:
Ի՞նչ է սպասվում մեզ առողջապահական ոլորտում
Ապրիլի 16-ի դրությամբ մեզ մոտ հիվանդների թիվը կազմում էր 1159 մարդ: Դժվար չէ հաշվել, որ մեզ մոտ հիվանդների թիվն օրական ավելանում է 4 տոկոսի չափով: Եթե այս տեմպով հաշվենք, ապա մայիսի 14-ի դրությամբ մենք կարող ենք ունենալ մոտավորապես վարակված: Ըստ վիճակագրության՝ նրանց մոտ 15 տոկոսը պահանջելու է լուրջ բուժում, իսկ մոտ 5 տոկոսի համար անհրաժեշտ են լինելու թոքերի արհեստական օդափոխման սարքավորումներ: Ունի՞ Հայաստանն այդ հնարավորությունները, հարցի պատասխանը թողնենք Արսեն Թորոսյանին: Ըստ նրա՝ այսօր Հայաստանում առկա է թոքերի մաքրման 280 սարքավորում:
Եթե նույնիսկ սկսած մայիսի 15-ից վարակի տեմպը թուլանա և օրական վարակվածների թիվը կազմի ոչ թե 4, այլ, ասենք, 3 տոկոս, ապա դժվար չէ հաշվել, որ հունիսի 15-ի դրությամբ մենք կունենանք 6500 հիվանդ, որոնց համար արդեն թոքերի մաքրման սարքավորումները կարող են չհերիքել:
Կարելի է ասել, որ եթե այս վիճակը չփոխվի, ապա երկու ամիս անց երկրի առողջապահական համակարգը կարող է կազմալուծվել:
Իսկ այս իրավիճակը կտրուկ կփոխի իրավիճակը նաև կյանքի այլ ուղղություններով: Այն լուրջ ազդեցություն կթողնի երկրի տնտեսական, սոցիալական և քաղաքական իրավիճակի վրա:
Ի՞նչ է մեզ սպասվում սոցիալական և տնտեսական ուղղություններով
Դժվար չէ կռահել, որ այն 300 մլն դոլարը, որը կառավարությունը խոստացել է ծախսել հակաճգնաժամային 13 սոցիալական և տնտեսական փաթեթները կյանքի կոչելու համար, իրականում չնչին դեր է կատարելու և գործնականում ոչ մարդկանց սոցիալական վիճակն է թեթևացնելու, ոչ էլ բիզնեսի վիճակն է փրկելու: ԱՄՆ-ն, օրինակ, հակաճգնաժամային ծրագրերի վրա արդեն ծախսում է իր ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսը: Եվրոպական երկրները նույնպես պատրաստվում են ծախսել իրենց ՀՆԱ-ի 8-ից մինչև 15 տոկոսը: Ռուսաստանը պատրաստվում է ծախսել իր ՀՆԱ-ի մոտ 7 տոկոսը: Հարևան Վրաստանն արդեն հաստատել է մոտ 700 մլն դոլարի չափով իր փաթեթները և հայտարարել, որ ավելացնելու է այն:
Մեզ մոտ կառավարությունը հաստատել է ընդամենը 300 մլն դոլար, որը կազմում է մեր ՀՆԱ-ի մոտ 2,2 տոկոսը: Կարծում ենք՝ այս թվերը մեզ հուշում են, որ որպես այդպիսին՝ հակաճգնաժամային փաթեթը մեզ մոտ լուրջ ազդեցություն չի կարող թողնել ճգնաժամի ազդեցությունը թուլացնելու համար:
Երկու ամիս անց, երբ արդեն տեսանելի կդառնա այս ամենը, երկրում կարող է առաջանալ լուրջ տնտեսական և սոցիալական ճգնաժամ:
Ընդորում՝ այս ամենը, զուգորդվելով նաև առողջապահական ճգնաժամի հետ, համատեղ մուլտիպլիկացիոն ազդեցություն է թողնելու մարդկանց վրա, որից մեկ քայլ է լինելու երկրում սոցիալական պայթյունը:
Գիտակցո՞ւմ է արդյոք իշխանությունն այս ամենը: Կարծում ենք, որ գիտակցում է, սակայն ոչ ամբողջական պատկերացումների տիրապետմամբ:
Ավելին, նույնիսկ եթե այս ամենը իշխանությունը գիտակցեր, միևնույն է, այն այլևս չի կարող այս կոնֆիգուրացիայով լուծել երկրի առջև կանգնած խնդիրները: Այստեղ հարցը միայն էֆեկտիվ մենեջմենթի բացակայության մեջ չէ: Իշխանությունը չունի նույնիսկ տարրական պատկերացում, տեսլական, թե ինչ ռազմավարություն է անհրաժեշտ երկրի զարգացման համար մոտակա մեկ տարվա կտրվածքով: Այսօր իշխանությունները զբաղված են օրվա խնդիրները լուծելու հարցերով: Նրանք փաստացի կառավարչական «հրշեջի» դեր են կատարում, և ոչ ավելի: Այդ իսկ պատճառով, նրանք չեն կարողանում վերահսկել իրավիճակը և «վազում են» խնդիրների հետևից և ընդորում արդեն անհույս, որ կկարողանան վերահսկել իրավիճակը:
Թվում է, թե այս պայմաններում իշխանությանը կարող է փրկել իր բարձր վստահության գործակիցը:
Սակայն, թվացյալ է, թե իշխանությունն այսօր ունի մեծ վստահություն հանրության շրջանում: Ավելին, խնդիրը նույնիսկ այդ վստահության տոկոսային քանակի մեջ չէ: Այլ երկրներում իշխանությունը կարող է ունենալ ավելի պակաս վստահության ցուցանիշ, քան հայաստանյան իշխանության մոտ է այսօր: Սակայն, նրանք ունեն համախմբելու մեծ հնարավորություն: Օրինակ, Վրաստանի կամ Ադրբեջանի ներկայիս իշխանությունը կարող են ունենալ ավելի պակաս վստահություն իրենց հանրությունների մոտ, քան Հայաստանում է: Սակայն, այսօր նրանք իրենց հանրություններին համախմբելու ավելի մեծ հնարավորություն ունեն, քան ներկայիս հայաստանյան իշխանությունները: Քանզի ներկայիս Հայաստանի ղեկավարն ավելի շատ բաժանող, քան համախմբող ֆունկցիա է կատարում: Թեև, նա կարող է Ալիևից կամ Գախարիայից ավելի մեծ վարկանիշ ունենալ:
Երկրի համար ճգնաժամային իրավիճակներում, սովորաբար իշխանությանը հաջողվում է գոնե ժամանակավորապես համախմբել հանրությանը, քանզի վտանգի առաջ մարդկանց մոտ հենց այդպիսի հատկություն է ի հայտ գալիս: Հենց դրա պատճառով Բուշ-փոքրը 2001-ի ահաբեկչության ժամանակ կարողացավ համախմբել ամերիկացիներին իր շուրջ:
Նույնն այսօր փորձում են անել Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրայինայի, Թուրքիայի և այլ երկրների ղեկավարները:
Հայաստանում, ցավոք, դա արդեն հնարավոր չէ՝ վերը նշված հանգամանքների պատճառով: Տեսեք, թե ճգնաժամի պայմաններում ինչով է զբաղված երկրի օրենսդիր մարմինը, ինչ օրենքներ է նա ընդունում, և ամեն ինչ պարզ կդառնա:
Ինչ վերաբերում է ՀՀ 2-րդ նախագահի շուրջ կատարվող իրադարձություններին, ապա այս ամենը լրացուցիչ հիմնավորում է այն պնդումը, որ թե՛ այսօր, և թե՛ 2-3 ամիս անց, երբ երկրի վիճակը լինելու է է՛լ ավելի կրիտիկական, երկրի պառակտվածությունը մնալու է:
Միակ մխիթարանքն Արցախն է, որտեղ որոշիչ դեր կատարող շրջանակները գիտակցեցին, որ չի կարելի լարել իրավիճակը, և այսօր Արցախը, մրցակցային ընտրությունների անցկացումից հետո, ներկայացնելու է քիչ թե շատ պատասխանատություն զգացող գործիչը, ով ունակ է իր շուրջ համախմբել այսօրվա արցախյան վերնախավին:
Սակայն դա բավարար կլինի՞, որ խուսափենք մեզ սպառնացող նաև լրջագույն անվտանգության խնդիրներից, կարծում ենք, որ հարցը հռետորական բնույթ ունի:
Առանց Հայաստանում իրավիճակը փոխելու, դա հնարավոր չի լինի:
Անշուշտ այսօր Հայաստանում նաև չկա քաղաքական ցնցումների ճանապարհով իրավիճակը փոխելու տարբերակ, քանզի այս պայմաններում այդ ցնցումները կարող են պայթեցնել ոչ միայն իշխանություններին, այլ նաև պետությունը:
Այդ իսկ պատճառով հանրությունից, երկրի հիմնական քաղաքական դերակատարներից պահանջը լինելու է ոչ ստանդարտ լուծումները, որոնք կկարողանան ստիպել իշխանությանը փոխել իր այս վարքագիծը և ձևավորել այնպիսի նոր մթնոլորտ, որի արդյունքում ամեն ինչ հնարավոր կլինի իրականացնել հանդարտ ուղիով: Պարզ է նաև, որ իշխանության այս կոնֆիգուրացիայի միջոցով երկիրը չի կարող խուսափել սոցիալական, տնտեսական և առողջապահական կատաստրոֆայից:
Երվանդ Բոզոյան
Քաղաքական մեկնաբան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը